Նորություն չէ, որ Երևանում ոչ մի հանրային տրանսպորտ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:
Այսօր Հայաստանում ապրում են սայլակով տեղաշարժվող շուրջ 4000 հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց համար հանրային տրանսպորտը, շենքերն ու շինությունները, նույնիսկ փողոցները շարունակում են մնալ անմատչելի:
Ինչ հիշում եմ Երևանի քաղաքապետարանը խոստանում է, որ կզբաղվի այդ հարցով, բայց մինչ օրս Հայաստան ներկրված ավտոբուսները մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Իսկ բոլոր դիմումներն այս հարցի վերաբերյալ մերժվում են` պատճառաբանությամբ, որ իբր դրանք գտնվում են երաշխիքային սպասարկման ժամկետում, և կողմը թույլ չի տալիս դրանց վրա համապատասխան աշխատանքներ կատարել, ինչը տրամաբանական չէ:
Այսպիսով, հանրային տրանսպորտի հարմարեցման հարցում Երևանի քաղաքապետարանի անգործության պատճառով ամեն օր խախտվում է հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտից անարգել օգտվելու իրավունքը, որն ամրագրված է ինչպես ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայով, այնպես էլ «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, որի 22-րդ հոդվածում հստակ նշվում է, որ չի թույլատրվում տրանսպորտային միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն:
Այս ամենը գիտակցելով կարող եմ պնդել, որ Երևանի շինություններն ու տրանսպորտն անմատչելի են հաշմանդամություն ունեցողների համար: Ասում են, տասնամյակների խնդիր է, նոր չի առաջացել: Լիովին համաձայն ենք: Ավելին՝ նշել ենք, որ դրական որոշակի զարգացումներ կան այս ուղղությամբ: Ըստ քաղաքապետարանի՝ եթե մենք ընդունում ենք, որ խնդիրը հին է, ու որ դրական որոշ քայլեր արվել են, այլևս իրավունք չունենք պնդել, որ տրանսպորտն ընդհանրապես անմատչելի է հաշմանդամություն ունեցողների համար, որ մայրաքաղաքում կառուցվել են թվով 293 թեքահարթակներ, սակայն դրանց թեքության աստիճանը և կիրառելիությունը հասանելի չէ անվասայլակից օգտվող անձանց համար՝ առանց այլ անձի միջամտության: Այսպիսով, ակնհայտ է, որ թեպետ այս ուղղությամբ գործ արվել է, բայց պատը մնում է պատ, պակասում է մի լավ ճակատ:
Սերյոժա Օհանջանյան