Ըստ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի՝ յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք: Բայց այսօրվա իրականությունը այլ է, մանավանդ երբ խոսքը գնում է հաշմանդամություն ունեցող երեխաների մասին…
«ԷԽՈ» աջակցման կենտրոնը արդեն 7 տարի է, ինչ տոնում է հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Կենտրոնը ձգտում է բացառել ամեն տեսակ խտրականություն երեխաների հանդեպ՝ ապահովելով հավասար վերաբերմունք երեխաների նկատմամբ, քանզի բոլոր երեխաները, այդ թվում հաշմանդամություն ունեցող, ծնվում են ազատ ու հավասար` ունենալով իրենց անհատական և ուրույն դերը:
Այս տարի ևս հունիսի 1-ի կապակցությամբ «ԷԽՈ» աջակցման կենտրոնը կազմակերպել էր հրաշալի համերգ, «Վիտամին» ակումբում ՝ նպատակ ունենալով ուրախ ու անմոռանալի օր պարգևել ներկա գտնվող բոլոր երեխաներին: Համերգին իրենց մասնակցությունն ունեցան ու իրենց կատարումներով հանդես եկան հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիներն՝ ամեն կերպ փորձելով ուրախացնել, հաճելի ժամանց ու բարձր տրամադրություն ապահովել: Իսկ համերգի ավարտին «ԷԽՈ» աջակցման կենտրոնի օժանդակության տակ գտնվող 100 հաշմանդամություն ունեցող երեխաները ստացան անակնկալ նվերներ:
«ԷԽՈ» աջակցման կենտրոնի ողջ անձնակազմը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր սրտացավ հովանավորներին ու գործընկերներին, ովքեր մեծահոգաբար աջակցում են: Նաև շնորհակալություն Վիտամին ակումբին հունիսմեկյան գեղեցիկ օրվա կայացման գործում: Շնորհակալ ենք, որ, կատարելով աստվածահաճո գործ, պարբերաբար մեր կողքին եք ու վստահում եք մեզ: Իսկ վստահությունը մեզ համար ավելին է…
































