Երեկ՝ օգոստոսի 22-ին, «Երկու երես» ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի նպատակն էր ներկայացնել և անդրադառնալ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց առկա խնդիրներին:
«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը և «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը ներկայացրեցին խնդիրները, որոնց հետ շարունակաբար առնչվում են հաշմանդամություն ունեցող մարդիկ Հայաստանում:
Ասուլիսի ընթացքում նրանք ներկայացրեցին խնդիրների կարևորությունը, լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հանդիպող դժվարությունները և հարցի կարգավորման իրավական կողմը:
«Երևան քաղաքում շինությունները և փողոցները ընդհանրապես հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այն պատկան մարմինները եւ կառույցները, որոնք պետք է զբաղվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, ընդհանրապես չեն աշխատում»: Այս տեսակետը հայտնեց Կարեն Չիլինգարյանը, հավելելով, որ թեքահարթակները եթե անգամ կառուցվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար, միևնույն է, կրում են ձևական բնույթ. «Քաղաքաշինության նորմերով` թեքահարթակը 12 -15 աստիճան թեքվածություն պետք է ունենա, մինչդեռ մեր քաղաքում թեքության աստիճանը հասնում է մինչեւ 35 աստիճանի, որը սայլակ բարձրացնելու համար շատ է դժվարացնում աշխատանքը»: Բանախոսի պնդմամբ` գետնանցումներում և տրանսպորտում ընդհանրապես ոչ մի հարմարություն չկա հաշմանդամություն ունեցող անձանց համար. «Միայն մի քանի բրենդային խանութների մոտ եմ նկատել, որ թեքահարթակները համապատասխանում են քաղաքաշինության նորմերին»:
ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանն էլ ասուլիսի ընթացքում նշեց, որ այն, ինչ այսօր ունենք, շատ հեռու է բավարար համարվելուց, իսկ այս ամենի պատասխանատուն Երևանի քաղաքապետարանը է: Այժմ հարմարեցման ծրագիր է իրականացնում Երևանի փողոցներում, սակայն կրկին վերջնական չի իրականացնում. «Մի փողոցում անում է, մյուսում`ոչ: Ստացվում է, որ ես փողոցով գնալիս պետք է մեքենաների հետ հավասար գնամ», շեշտադրելով, որ այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող անձանց համար, հարմար է բոլորին:
Լրագրողի այն հարցին, թե որն է հաշմանդամություն ունեցող անձանց անաշխատունակության պատճառը, Օհանջանյանը պատասխանեց, որ Հայաստանում աշխատում է հաշմանդամություն ունեցող մարդկանց ընդամենը 7 տոկոսը: Անշուշտ, պատճառները շատ են, բայց կառանձնացնեմ կրթության խնդիրը: Սյսօր մեր բուհերում տիրում է անմատչելիությունը: Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների համար կրթությունն անվճար է, մինչդեռ ո՞ւմ է պետք այս պայմանը, եթե բուհերում չկան անգամ թեքահարթակներ և մատչելի չեն հաշմանդամություն ունեցող ուսանողների համար: