Հոկտեմբերի 6-ին Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «ԷԽՈ» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնած «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» ծրագրի սեմինար-քննարկումը, որին մասնակցեցին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Ծրագիրը ներկայացրեց «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը: Նա մատնանշեց բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա հաշմանդամություն ունեցող ուսանողներին առընչվող մի շարք կարեվորագույն հիմնախնդիրներ:
Սեմինարի ընթացքում ծավալվեց օգտակար և շահագրգիռ քննարկում, որի ընթացքում պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները արտահայտեցին իրենց կարծիքներն ու տեսակետները հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթության հավասար պայմանների, ուսումնական մատչելիության վերաբերյալ:
Մասնակիցները ցանկություն հայտնեցին, որ այսպիսի սեմինար-քննարկումները կրեն շարունակական բնույթ, որի արդյունքում կծնվեն տվյալ հիմնախնդիրների լուծմանը միտված հայեցակարգային և համակարգային մոտեցումներ:
«ԷԽՈ» կազմակերպության ներկայացուցիչները սեմինար-քննարկման վերջում իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ղեկավարությանն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին:
Հավելենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց բուժական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» ծրագիրն իրականացվում է «Հույսի կամուրջ», «Սկարպ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների շնորհիվ` Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
«Իրազեկում» այլընտրանքային բլոգի լրագրող՝ Արմենուհի Ղազարյան