Մի քանի օր առաջ «Էխո» ՀԿ ներկայացուիչներն «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» ծրագրի շրջանակներում հերթական սեմինար-քննարկումն անցկացրեցին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, որի ընթացքում վեր հանվեցին և շոշափվեցին հանրապետությունում բնակվող հաշմանդամություն ունեցող ուսանողությանը վերաբերող կարևորագույն հիմնախնդիրներ: Մեր քաղաքացիական գիտակցության հասունացման առումով շատ ուրախալի էր և գոհացուցիչ, որ սեմինար-քննարկմանը մասնակցող ուսանող երիտասարդության ներկայացուցիները սրտացավ և շահագրգիռ վերաբերմունք էին հանդես բերում վերոհիշյալ հիմնախնդիրների նկատմամբ՝ գործնական պատրաստակամություն հայտնելով ամեն կերպ նպաստել այդ հիմնախնդիրների հիմնավոր և հայեցակարգային լուծմանը:
Օրինակ՝ 3–րդ կուրսի ուսանողուհի Արփինեն շատ բարձր գնահատեց ու կարևորեց նմանատիպ սեմինար-քննարկումների անցկացման իրողությունը՝ ասելով, որ այդպիսի միջոցառումները նպաստում են ուսանողության և առհասարակ լայն հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացմանն ու քաղաքացիական գիտակցության զարգացմանը:
«Էխո» ՀԿ ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն ու ոգևորությունը արտահայտեցին տվյալ ուսումնական հաստատության ուսանողության կողմից սեմինար-քննարկմանը ակտիվորեն մասնակցելու կապակցությամբ, շեշտեցին, որ ամեն ինչ կանեն այսպիսի քննարկումները ավելի հաճախական և ընդգրկուն դարձնելու ուղղությամբ:
«Էխո» ՀԿ ներկայացուցիչներն ասացին, ցավոք դեռևս ոչ բավարար քաղաքացիական կեցվածք և գիտակցություն արձանագրած մեր հասարակության մեջ պետք է լրջագույն և հետևողական աշխատանքներ կատարվեն, որպեսզի նմանատիպ հիմնախնդիրների վերաբերյալ հաղթահարվի հասարակության անտարբերությունը, նրանք նշեցին, որ այս առումով հատկապես լուրջ և խթանիչ դերակատարություն պետք է ունենա մեր երկրի երիտասարդությունը:
Սեմինար-քննարկման վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ «Էխո» ՀԿ նախագահ Ս. Օհանջանյանը, նշելով, որ ուսանող երիտասարդության ներկայացուցիչների կարևոր և արժեքավոր առաջարկությունները ամպայման հաշվի կառնվեն, կքննարկվեն կազմակերպության կողմից իրականացվող տեսական, գործնական հետազոտությունների երկրում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերի համատեքստում:
Վերջում հավելենք, որ Motivation ծրագիրն իրականացվում է «Հույսի կամուրջ», «Սկարպ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների շնորհիվ` Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
«Իրազեկում» այլընտրանքային բլոգի լրագրող՝ Արմենուհի Ղազարյան
One Comment Add yours