Հասարակություն

Երեխաները կերտում են…

Արդեն 1 տարի է Սպիտակ քաղաքում «Լսելի դարձնել հաշմանդամության ձայնը» ծրագրի շրջանակներում բացվել է «Սպիտակ բազե» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի և իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը: Նպատակը մեկն է՝ բարձրաձայնել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին, տեր լինել իրենց իրավունքներին:

Այժմ կազմակերպությունը իրականացնում է «Լիիրավ մասնակցություն հանրային կյանքին» ծրագիրը, որի շրջանակներում հոկտեմբեորի 16-ին սեմինար-քննարկում տեղի ունեցավ Սպիտակի Ս. Ավետիսյանի անվան ավագ դպրոցի շուրջ 21 աշակերտների հետ: Քննարկումը վարեց «ԷԽՈ» ՀԿ նախագահ՝ Սերյոժա Oհանջանյանը, որն անմիջական ու ակտիվ հարցադրումների շնորհիվ իրականացրեց հետաքրքիր քննարկում հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության թեմայով:

Քննարկման վերջում սեմինարավարը աշակերտներին բաժանեց 3 թիմի, խաղացին «Իդեական քաղաք» խաղը, որի նպատակն էր երեխաներին թույլ տալ ինքնաարտահայտվելու: Կազմակերպիչները անկեղծորեն գոհ էին երեխաներից, քանզի արդյունքները տպավորիչ էին: Հավատանք, որ մոտ ապագայում կստեղծենք «Իդեալական» քաղաք «Իդեալական» երկրում և հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիները կապրեն անհոգ ու հարմարավետ պայմաններում:

Վերջում հավելենք, որ «Լիիրավ մասնակցություն հանրային կյանքին» ծրագիրն իրականացվում է «Հույսի կամուրջ», «Սկարպ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների շնորհիվ` Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի լրագրող՝ Միլենա Խաչատուրովա

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ. հուլիսի 3-ին: Կազմակերպությունը հասարակական միավորման մի տեսակ է, որում հավասար հնարավորությունների գաղափարի շուրջ համախմբվել են անձինք՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական և իրավական երաշխիքների ստեղծման ու ապահովման նպատակով: