Հոկտեմբերի 17-ին «Էխո» ՀԿ ներկայացուիչներն հանդիպում ունեցան Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ: Սեմինար-քննարկաման թեման էր կրթության որակի բարելավումը և մատչելիության ապահովումը Հայաստանում բնակվող հաշմանդամություն ունեցող ուսանողության համար: Քննարկման ընթացքում ինչպես համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ «Էխո» ՀԿ-ի կողմից հնչեցին բազմաթիվ կարծիքներ և տեսակետներ, ծավալվեց աշխույժ և սրտացավ բանավեճ վերոհիշյալ խնդիրների շուրջ: Հանդիպման ընթացքում խոսվեց բուհական քննությունների ընթացքում հաշմանդամություն ունեցող առաջին, երկրորդ կարգի ուսանողների համար պետության կողմից ընձեռած արտոնությունների մասին: Մասնավորապես համալսարանի դասախոս Սուրեն Պետրոսյանը խոսեց, որ հաշմանդամություն ունեցող բուհերի դիմորդները, լավ կլինի, եթե պետության կողմից ընձեռած արտոնությունները օգտագործեն հասարակական կյանքի այլ բնագավառներում, բայց ոչ կրթության ոլորտում ընդունելության ընթացակարգում անվճար տեղեր ստանալու համար: Նա նշեց, որ լավ կլինի այդ արտոնությունների համաձայն հաշմանդամություն ունեցող մեր երիտասարդ համաքաղաքացիները ստանային անվճար բնակարաններ, օգտվեին անվճար բուժօգնությունից, հանգստի հնարավորությունից, ինչպես նաև ունենային սոցիալական արտոնություններ:
Բանախոս Ս. Օհանջանյանը այս կարծիքի կապակցությամբ հետևյալ միտքը արտահայտեց՝ ասելով, որ ներկայումս բուհերը ի վիճակի չեն լիակատար ապահովել հաշմանդամություն ունեցող ուսանողների բարձրագույն կրթությունը: Հետևաբար 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, անկախ ստացվող նպաստից կամ թոշակից: Եթե ասենք՝ բուհը ունի 10-ը պետ. պատվերի տեղ և 1 հաշմանդամություն ունեցող դիմորդ, ապա պետ. պատվերի տեղերը դառնում են 11-ը: Թեև պետության կողմից ընձեռած արտոնությունները երաշխիք չեն հանդիսանում, որ հաշմանդամություն ունեցող ուսանողը սովորի երկուստեք հավասար պայմաններում, քանզի առկա է ուսումնական անմատչելիության խնդիրը: Բացի այդ պետության կողմից ընձեռած արտոնությունները հանդիսանում են ոչ թե բարեգործություն կամ բարի կամքի դրսևորում, այլև սա զուտ պարտականություն է:
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև «Էխո» ՀԿ-ի ներկայացուցիչները չափազանց կարևորելով նմանատիպ սեմինար-քննարկումների անցկացման փաստը, պատրաստակամություն հայտնեցին այդպիսի քննարկումները դարձնել շարունակական:
«Էխո» ՀԿ նախագահ Ս. Օհանջանյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանին, որն ջանք ու եռանդ չխնայեց այս սեմինար-քննարկումը բարձր մակարդակով և ներկայացվածությամբ անցկացնելու համար: Երբ կա սրտացավ մոտեցում, ամենադժվարին հիմնախնդիրների լուծումն էլ սարերի ետևում չի լինի:
Motivation-ը իր գործնական քայլերով ամեն ինչ կանի, որպեսզի հաշմանդամություն ունեցող ուսանողների հիմնախնդիրները մեր երկրում ստանան հիմնավոր և ամբողջական լուծումներ՝ ըստ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի սկզբունքների: Հիշեցնենք, որ կազմակերպության ներկայացուցիչները ՀՊՏՀ-ում հանդիպել էին նաև ուսանողների հետ:
Ծրագիրն իրականացվում է «Հույսի կամուրջ», «Սկարպ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների շնորհիվ` Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
«Իրազեկում» այլընտրանքային բլոգի լրագրող՝ Արմենուհի Ղազարյան