ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՒ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ Վերջին նորություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված

Աշխարհի բնակչության մեկ քառորդն  առնչվում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ որպես խնամող կամ ընտանիքի անդամ: Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1992 թվականին հռչակել է հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր` նպատակ ունենալով պաշտպանել նրանց արժանապատվությունը և ապահովել լիակատար ինտեգրում: Այս օրն առիթ է դառնում, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հիշեցնեն ու բարձրաձայնեն իրենց իրավունքների, դրանց ոտնահարման եւ իրենց նկատմամբ իրավահավասարության պակասի մասին: 

Այս կապակցությամբ «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը ամեն տարի կազմակերպում է միջոցառում, որին  մասնակցում են իր օժանդակության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաներն  ու  երիտասարդները:

Այս տարի միջոցառումը տեղի ունեցավ «ԱԼԱԴԴԻՆ» մանկական ժամանցի կենտրոնում,  որը վարեց Լուսինե Բադալյանը: Միջոցառումը գեղեցկացրեցին «Երգի թևեր» ոկալ դպրոց-ստուդիան և «Մոնա լաքշրի ստուդիոն», ինչպես նաև ծաղրածուներն ու հեքիաթի հերոսները:  Երեխաներին  ուրախացնելու և օրը ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվեցին նաև զվարճալի խաղեր: Ինչպես միշտ, այս անգամ ևս  «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը  դատարկաձեռն չէր՝ հաշմանդամություն ունեցող իր 80 երեխաների համար նա պատրաստել էր  անակնկալ նվերներ:

Հ.Գ. «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը ամեն օր առնչվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին՝  պայքարելով իրավահավասարության համար: Հետևաբար խնդիրները պետք է բարձրաձայնվեն  անկախ օրից ու ժամից: Տեսնելով երեխաներին   ուրախ` կարելի է ասել, որ նրանց համար  միջոցառմանը մասնակցելը երջանկության մի փոքրիկ նշույլ է:

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ. հուլիսի 3-ին: Կազմակերպությունը հասարակական միավորման մի տեսակ է, որում հավասար հնարավորությունների գաղափարի շուրջ համախմբվել են անձինք՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական և իրավական երաշխիքների ստեղծման ու ապահովման նպատակով: