Դեկտեմբերի 1-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Սեռով պայմանավորված աբորտներն ու հաշմանդամությունը» խորագրով հանրային քննարկում: Միջոցառումը կրում էր «Քո ընտրությամբ մի խլիր կյանք» խորագիրը: Օրակարգում ներկայացված էին սեռով պայմանավորված աբորտներն ու հաշմանդամության խնդիրներին ուղղված իրականացվող քաղաքականության կիրառման հաջողություններին ու հնարավորություններին առնչվող թեմաներ՝ ի նպաստ սեռով պայմանավորված աբորտներն թվի կրճատմանը: Ինչպես նաև զուգահեռ խոսվեց ՁԻԱՀ-ի մասին, քանի որ դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
Քննարկումը սկսվեց «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանի խոսքով, որը հետևյալն էր՝ Հայաստանում հղիության արհեստական ընդհատումն օրինական է համարվում սկսած 1920թ.-ից: 1936թ.-ին այն արգելվել է, ապա կրկին թույլատրվել 1955թ.-ին։ Անկախացած Հայաստանում հղիության արհեստական ընդհատման դրույթ ամրագրված է վերարտադրողական առողջության և իրավունքների մասին 2002թ. օրենքում։ Այժմ այն թույլատրելի է համարվում, եթե կինն այդ հարցով դիմում է մինչև 12 շաբաթական հղիության ընթացքում։ Հղիության արհեստական ընդհատման համար սովորաբար գանձվում է մոտավորապես 12.000-20.000 ՀՀ դրամ։ Ըստ 2002թ. օրենքի` հղիության արհեստական ընդհատումն ավելի ուշ՝ մինչև 22 շաբաթական ժամկետում, կարող է իրականացվել միայն առողջական կոնկրետ պայմաններում կամ բռնաբարության դեպքում։ Այն իրականացնում են պրոֆեսիոնալ բժիշկները արտոնագրված պետական և մասնավոր բուժհաստատություններում, և շատ գոհացնող է դրա անվտանգությունը երկրում, չնայած նման միջամտություններին սովորաբար հատուկ են բարդությունների ռիսկեր։ Միայն բավարար է նշել, որ վերջին 10 տարում աբորտից մայրական մահացություն չի եղել: Նաև որոշ դեպքերում հղիության արհեստական ընդհատումներ են իրականացվում նաև չարտոնագրված բժիշկների կողմից ավելի ցածր գնով:
Մյուս կողմից սեքսոպաթոլոգ, սեռական և վերարտադրողական առողջության մասնագետ Նարինե Ներսիսյանը ավելացրեց, որ մերօրյա հայկական հասարակությունում գոյություն ունեն գենդերային անհավասարության բազում դրսևորումներ՝ սկսած աշխատաշուկայում առկա խտրականությունից մինչև եկամուտների անհամաչափություն և աղքատության իրականացում։ Նաև վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրները մեր հասարակության մեջ բազմաթիվ են, ինչը սեռականության շուրջ տիրող կարծրատիպերի հետևանք է։ «Ծրագրի շրջանակներում թվով 200-250 ուսանողների հետ զրույցներից նկատելի է վերջիններիս դեմքերի ամոթխած, կաշկանդված, երկչոտ արտահայտությունները։ Նրանց հարցերն էլ հաճախ չեն արտացոլում իրականությունը, և սխալ պատկերացումներ ունեն, որոնք կարող են բերել տարբեր խնդիրների առաջացման։ Մարդկանց համար անսովոր է, որ հաշմանդամություն ունեցող անձինք նույնպես կարող են ունենալ սեռական կյանք։ Եվ ամեն անգամ, երբ խոսվում է այդ մասին, կոտրվում է այն կարծրատիպը, թե սեռական կյանքը կամ սեռական առողջությունը միայն որոշակի մարդկանց մենաշնորհն է»,- ասում է բժիշկ-սեքսապաթոլոգը։
Քննարկմանը ներկա էր նաև «Սպիտակ բազե» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ՀԿ նախագահ Մարինե Ասատրյանը, ով նկատեց այն հանգամանքը, որ հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց դիտարկում են որպես հիվանդի, անկարող և անաշխատունակ անձի, ով չի կարող որևէ գործունեություն ծավալել հասարակությունում, նաև ինչ-որ չգրված օրենքով չի կարող ունենալ անձնական կյանք, ինչը թյուր կարծիք է։ «Մենք կարող ենք հաշտվել մեր հաշմանդամության հետ, երբ հասարակությունը առկա պատնեշները չեզոքացնի։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք ապրել լիարժեք, լիիրավ կյանքով։ Կան բազմաթիվ օրինակներ, որոնք ապացուցում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց կարելի է վստահել, նրանք կարող են աշխատել, ստեղծագործել, լինել առաջնորդներ, լավ ամուսիններ, օրինակելի մայրեր, հասարակության լիարժեք անդամներ»,- ասել է Մարինե Ասատրյանը։
Քննարկման վերջում Ս. Օհանջանյանը խոսեց հաշմանդամության ու ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի պայքարի մասին: «Հայաստանում մեծ աշխատանքներ են տարվում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ, ինչը ողջունելի է, սակայն հաշմանդամություն ունեցող անձինք հիմնականում չեն ներառվում այդ աշխատանքների շրջանակներում։ Այս առումով մենք բաց ունենք։ Այս տարի մենք փոքրիկ հետազոտություն ենք կատարել հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում՝ պարզելու, թե նրանցից քանիսն են ստուգվում իրենց ՄԻԱՎ կարգավիճակը ճշտելու համար։ Պարզվեց, որ հաշմանդամություն ունեցող որևէ անձ չի ստուգվում»,- ասել է նա՝ հավելելով, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց չհետազոտվելու պատճառները կապված են առողջապահական, տրանսպորտային և տեղեկատվական ծառայությունների ոչ մատչելի լինելու հետ, հետևաբար չհետազոտվելու սխալը ավելի շատ ոչ թե հաշմանդամություն ունեցող անձինն է, այլև ծառայությունների անմատչելիությանը:
Ակտիվ քննարկումը հնարավորություն տվեց մասնակիցներին բարձրացնել իրենց հուզող հարցերը, ինչպես նաև հանդես գալ առաջարկություններով՝ ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու նպատակով:
Նշենք, որ «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը վերոնշյալ հանրային քննարկումը կազմակերպել է «Սեռով պայմանավորված աբորտներն ու հաշմանդամությունը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
«Իրազեկում» այլընտրանքային բլոգի լրագրող՝ Միլենա Խաչատուրովա