Ամեն մարդ իր տան մեջ արքա է

Օրերս ինձ հարց տվեցին, թե ի՞նչ միջազգային պարտավորություններ ունի պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Ինքնին հարցը հարաբերական է, բայց կփորձեմ մեկնաբանել:

Նախ հասկանանք, թե ինչ ասել է միջազգային իրավունքի սկզբունքներ: Դրանք իրենցից ներկայացնում են միջազգային հարաբերությունների ոլորտում ձևավորված պրակտիկայի առավել ընդհանուր արտացոլումը: Ընդ որում միջազգային իրավունքի սկզբունքը միջազգային իրավունքի նորմ է, որը պարտադիր բնույթ ունի բոլոր սուբյեկտների համար, ինչը պայմանավորված է միջազգային հարաբերությունների կարգավորման ոլորտում դրանց ունեցած կարևորությամբ:

Իրավունքի սկզբունքը օբյեկտիվ իրականության, միջազգային պրակտիկայի, հասարակական զարգացման արտացոլումն է, այլ ոչ թէ այս գործընթացների վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումները: Միջազգային իրավակարգի պահպանումը հնարավոր է ապահովել միայն միջազգային հարաբերությունների մասնակիցների իրավաբանական հավասարությունը հարգելու դեպքում: Այս ամենը արտացոլված է ՄԱԿ-ի կանոնադրությունում, ըստ որի մասնակից պետությունները պարտավորվում են առանց խտրականության կյանք ապահովել: Քանի որ հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն տարանջատվում հասարակությունից, հետևաբար չեն տարանջատվում նաև միջազգային նորմերից:

Այնուամենայնիվ, ՄԱԿ-ը ընդհանուր իրավունքից զատ տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ ավելի իրատեսական պատկերացման համար հրապարակել է տարբեր թվականների կոնվենցիաները, որոնցից է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է 2010թ. մայիսի 17-ին, իսկ այն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 22-ից։ Հետևաբար մասնակից պետությունները պարտավորվում են ապահովել և օժանդակել հաշմանդամություն ունեցող անձանց` նպաստելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար իրականացմանը` առանց հաշմանդամության պատճառով որևէ խտրականության: Պարտավորությունների մասին կարող եք կարդալ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայում:

Վերջում հավելեմ օրենքների պահպանման սկզբունքի մասին, որը ձևավորվել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով հանձնաժողովում: Չնայած հենց մարդու իրավունքների գաղափարը քաղաքական-իրավական տերմինալոգիայում ի հայտ է եկել 18-րդ դարի վերջում, և խախտել կամ փոփոխել միջազգային օրենքները և իրավունքի սկզբունքները կարելի է միայն փոխելով միջազգային պրակտիկան, ինչը առանձին պետություններ կամ պետությունների խմբերը չեն կարող անել: Բայց այսօր յուրաքանչյուր երկրում խախտվում են տեղական և միջազգային օրենքները, ինչպես ժողովորդն է ասում՝ «Ամեն մարդ իր տան մեջ արքա է»:

Սերյոժա Օհանջանյան