Հաշմանդամության խնդիրների լուսաբանման կարևորությունն ու մեթոդները

Հաշմանդամության հետ կապված խնդիրների լուսաբանումը ցանկացած  քաղաքակիրթ պետության համար կարևոր է: Հաշմանդամություն ունեցող անձիք մյուս քաղաքացիների հետ հավասար ունեն  իրավունքներ և պարտականություններ: Ֆիզիկական խնդիրը էական չի լինի և  մարդու կյանքի ընթացքի վրա չնչին ազդեցություն կունենա, եթե նա շրջապատված  լինի գիտակից քաղաքացիներով, և պետությունն էլ իր հերթին ապահովի նրա  հավասար հնարավորությունները:

Ցավոք, Հայաստանում դեռևս չլուծված շատ խնդիրներ կան`  թեքահարթակներից  սկսած մինչև տրանսպորտային միջոցների հարմարեցումը: Այս և նման այլ  խնդիրներ լուսաբանելով` լրատվամիջոցները կկարողանան ճանապարհ ցույց տալ դրանց կարգավորման համար: Երբ խոսքը վերաբերում է իրենց ֆիզիկական կամ մտավոր  խնդիրներ ունեցող անձանց, անհրաժեշտ է ցուցաբերել մեծ պրոֆեսիոնալիզմ` խնդիրը ճիշտ լուսաբանելու, հերոսներին չվիրավորելու և հասարակության մեջ կարծրատիպերը վերացնելու համար:

Հասարակական կազմակերպությունները, որոնք աշխատել են ԶԼՄ- ների հետ, տարիներ շարունակ մշակել են հաշմանդամության խնդրի լուսաբանման  սկզբունքներ: Յուրաքանչյուր լրագրող, ով քիչ թե շատ առնչվում է ոլորտին, պետք  է լավ տիրապետի սկզբունքներին և հետևի խորհուրդներին:

Այդ հարցում ձեզ կօգնի մեր փոքրիկ անդրադարձը:

Նախևառաջ հաշմանդամություն ունեցող անձի հետ խոսելիս մի պահ մոռացեք  նրա խնդրի մասին, շփվեք` որպես խնդիր չունեցող անհատ`  ամենավերջին տեղում  թողնելով նրա կյանքի այդ հատվածը: Լուսաբանելիս ավելի շատ պետք է կենտրոնանալ կրթական, սոցիալական և այլ խնդիրների ուսումնասիրության վրա: Դրական օրինակները միշտ էլ ոգեշնչող են: Ցույց տվեք ու ներկայացրեք  մարդկանց, որոնք ունեն հաշմանդամություն, սակայն իրենց կյանքում դա էական արգելք չի եղել և կարող են ավելի շատ ձեռքբերումներ ունենալ, քան հաշմանդամություն չունեցող մարդիկ:

Սակայն այդ հանգամանքն էլ որպես հերոսություն մի ներկայացրեք:

Հիշեք, որ զոհի կարգավիճակը կամ խղճահարությունը չի կարելի վերագրել անձանց միայն այն բանի համար, որ նրանք ունեն հաշմանդամություն, քանզի հաշմանդամություն ունենալը չի կարող բնութագրել անձի ինքնությունը:

Կարևոր է հասարակությանը ներկայացնել, որ այս անհատների խնդիրը ոչ թե անվասայլակն է, որը հաճախ ժամանակավոր բնույթ ունի, այլ այդ անվասայլակներով քաղաքում շրջել չկարողանալը:

Օգտագործելով ուղիղ խոսքը, իրական պատմությունները` կարելի է պատրաստել ազդեցիկ նյութ` չմոռանալով նկարահանելու և ձայնագրելու էթիկայի կանոնները: Խնդրի կադրերը չպետք է առաջնային պլանում լինեն:

Հերոսներին գտնելուց, սցենարը պատրաստելուց և նկարահանելուց հետո պետք է  գրել տեքստ` ուշադրություն դարձնելով բառերի ճիշտ օգտագործմանը` խուսափելով կարծրատիպեր ստեղծող գնահատականներից ու եզրահանգումներից: Միշտ չէ, որ բժշկական տերմիններ օգտագործելը հարգի է լրագրության մեջ: Դրանք կարող են ավելորդ լարվածություն ստեղծել լսարանի և հերոսի միջև և  թողնել հակառակ ազդեցություն: Օրինակ, որքանով է հաճելի տեքստի մեջ ընթերցել այնպիսի բժշկական տերմիններ, ինչպիսին են, օրինակ` անկարող, դեբիլ, ոչ նորմալ, ֆիզիկական դեֆեկտ, անվասայլակին գամված, թուլամիտ և այլն։ Այս բառերն ունեն իրենց փոխարինողները, որոնք ոչ մի սուր միտք չեն պարունակում և ցույց են տալիս խնդիրը` ավելի նուրբ:

Այսպես, օրինակ, թերարժեք կամ անկարող, սահմանփակ հնարավորություններով  բառերի փոխարեն առավել ընդունելի ձև է հաշմանդամություն ունեցող մարդ, մտավոր խնդիր բառերը, նա  աուտիկ է-ի փոխարեն`  նա  աուտիզմ ունի, դաուն է-ի փոխարեն` դաունի համախտանիշ ունի, նա գամված է սայլակին-ի փոխարեն` նա սայլակ է օգտագործում, նա կույր է-ի փոխարեն` տեսողության հետ կապված  խնդիր ունի:

Բառերը կարող են հարաբերություններ ստեղծել և տապալել դրանք, բառերը կարող են ոգևորել և կոտրել, կարող են ապրեցնել և սպանել: Լրագրողը  լավագույնն է, եթե իր բառերը հարաբերություններ են կարգավորում, ոգևորում և ապրեցնում:

ՀՀ Սահմանադրությունը կանոնակարգում է մարդու և քաղաքացու հիմնական  իրավունքները  և ազատությունները, որտեղ հոդված 14-ի առաջին կետով  սահմանվում  է` բոլոր մարդիկ  հավասար են օրենքի առջև, բոլոր տեսակի խտրականությունները արգելվում են: Այդ դեպքում, եկեք գտնենք խոչընդոտները,  լուսաբանենք և նպաստենք, որ պետությունը իրոք դառնա մարդկանց հավասար  հնարավորությունների ստեղծման երաշխավոր:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝  Լիլիթ Գրիգորյան

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s