Աուտիզմ ունեցող երեխաների առանձնահատկությունները

Աուտիզմի բնութագրումը շատ հարաբերական կարող է լինել ծնողի համար, քանի որ վերջինս պետք է ուժ գտնի իր մեջ, երեխային որոշակի առումով դուրս բերի իր փակված աշխարհից և պայքարի այն ախտորոշման դեմ, որ աուտիզմն անբուժելի է: Քանի որ նրանք միանգամայն առողջ են, պարզապես արտաքին աշխարհի ազդակները չեն ստանում ըստ անհրաժեշտության: Երեխան գտնվում է իր պաշտպանողական մեխանիզմի տիրույթում, որից պետք է օգնենք  նրանց դուրս գալ: Կարևոր է սկսել ֆիզիկական վարժություններից, հնարավորինս կոնտակտի մեջ մտնել երեխայի հետ աչքերի միջոցով, քանի որ նրանք հաճախ չեն կենտրոնանում: Եթե դուք ունեք նման երեխա, հնարավորություն ունեք ավելի ուժեղ լինել, հոգևոր առումով աճել, և մի գուցե Տերն այդ ուժը միայն ձեր մեջ է գտել:

Արբես առողջության կենտրոնի հատուկ մանկավարժ Անահիտ Դավթյանը, ով ամբողջ օրն անցկացնում է երեխաների հետ, ծնողներին պարզապես խորհուրդ է տալիս շատ սիրել իրենց բալիկներին և հնարավորինս լինել նրանց կողքին:

4,5 տարեկան Էլենան ունի աուտիզմ: Հաճույքով նկարում է գուաշով, պարում, սիրում է սոսնձով տարբեր բաներ կպցնել թղթին, հոգատար է եղբոր նկատմամբ, անցյալ տարվա մարտ ամսից հաճախում է վերականգնողական կենտրոն: Մայրը դրական փոփոխություններ է նկատում երեխայի մոտ կենտրոնում անցկացվող պարապմունքներից հետո:

«Կարևորը համբերությամբ զինվել, կուլ չգնալ երեխաների կողմից արվող մանիպուլացիաներին,-ասում է Էլենայի մայրը,-շատ կուզենայի երեխային տանել լողի, ինչը մեծ արդյունք կտար, սակայն պետական պատվերի շրջանակներում այդ հնարավորությունը չկա»:

Այս օրը ևս մեկ անգամ աուտիզմին ուշադրություն դարձնելու հնարավորություն է տալիս գիտակցելու, որ երեխաները ժամանակին ճիշտ օգնություն ստանալու դեպքում են հետագայում կարողանում հասարակության լիարժեք անդամ դառնալ:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Հակոբյան