«Հույսի կամուրջ» ՀԿ-ում հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան և դասընթացավար հասարակական հոգեբան Ռուդոլֆ Զաբրոդինը իմ զրուցակիցն է: Աշխատելով հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ծնողների հետ` նա ներկայացնում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում, որոնք և´ հոգեբանական բնույթ ունեն, և´ ֆիզիկական:
Հաշմանդամություն ունեցող մարդկանց մոտ ո՞ր խնդիրներն են առաջնային ՀՀ տարածքում:
— Իմ կարծիքով նրանց մոտ երկու խնդիր կա: Առաջինը օրենքների և իրենց իրավունքների իրազեկման ցածր մակարդակն է, երկրորդը հոգեբանական խնդիրներն են` ընկճվածությունը, կոմպլեքսները, նախապաշարմունքները, կարծրատիպերը և այլն: Այդ առումով ես` որպես հոգեբան ու դասընթացավար, շատ անելիք ունեմ:
Այն, որ Հայաստանում օրինական դաշտը անթերի չէ, գիտենք բոլորս և դա բոլորին է վերաբերում, այստեղ ի՞նչն է հաշմանդամություն ունեցողների և չունեցողների տարբերությունը:
— Այսպես դիտենք, օրենքն ասում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունեն կրթության իրավունք և կարող են ստանալ բարձրագույն կրթություն: Հաշմանդամություն չունեցող մարդուն ոչինչ չի կարող զրկել այդ իրավունքից, եթե չհաշվենք տնտեսական և այլ խնդիրները, իսկ հաշմանդամություն ունեցող մարդու համար բազմաթիվ խնդիրներ է ստեղծվում այդ իրավունքից օգտվելու ժամանակ: Վերցնենք այդքան քննարկված մատչելիության խնդիրը, որը միայն ֆիզիկական մատչելիությունը չէ, այլ այն միջավայրն է, որտեղ մարդը կարող է ապրել, աշխատել, սովորել և զգալ իրեն որպես մարդ: Իհարկե, ոչ ոք մեղավոր չէ, որ տվյալ երիտասարդը, օրինակ, չի քայլում, չի լսում կամ չի տեսնում, բայց ոչ ոք չի կարող խանգարել,որ նա բարձրագույն կրթություն ստանա: Բայց նման հաստատություններում կարող են ասել` գիտես հարգելիս, եկ ընդունվիր, բայց մենք չենք կարող քեզ կրթություն ապահովել, որովհետև չունենք որոշ միջոցներ՝ թեքահարթակ, վերելակ (որը պետք է հարմարեցված լինի) գրականություն և այլն: Ճիշտ է, Հայաստանում ոչ հաշմանդամներն էլ շատ երջանիկ չեն ապրում, բայց համեմատելիս տեսնում ենք, որ նրանք եղած հնարավորություններն էլ չեն կարողանում օգտագործել:
Հաշմանդամություն ունեցող մարդկանց շահերի պաշտպանության հետ կապված Ձեր քայլերն ի ՞նչ ուղղվածություն ունեն:
— Ես մարդ եմ, ու ոչ ոք մեղավոր չի, որ ես այսպես եմ ծնվել, ես ոչ ոքի չեմ մեղադրում, բայց եթե կա օրենք, որ մարդիկ ունեն տեղաշարժվելու իրավունք, ապա թող այն իրականացնեն: Հայաստանը նաև ստորագրել է ՄԱԿ-ի կոնվենցիան, որով պարտավորում է այդ ուղղությամբ քայլեր անել: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ մեզ մոտ, եթե ինչ-որ կազմակերպություններ ուզում են ինչ- որ բան անել, դա առավել խղճահարությունից է: Բայց ոչ, հաշմանդամություն ունեցող անձը ոչ թե խնդրում է, այլ պահանջում:
Հայաստանում օրենք կա, որ բոլոր տեսակ շինությունները պետք է հարմարեցված լինեն նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց պահանջներին, իսկ նման շինարարությունների թույլտվությունը տալիս է հանձնաժողովը: Այդ դեպքում ո՞ւր է օրենքի կիրառումը: Մեզ մոտ պետք է այնպես անել, որ մարդիկ հասկանան, որ եթե թեքահարթակ է կառուցվում, ապա դա ինչի համար է, և եթե 10 ավտոբուսի փոխարեն ներկրվում է հաշմանդամների համար հարմարեցված 2 ավտոբուս, ապա դա ինչի համար է:
Այս խնդիրների լուծման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են արվում:
— Անելիքները շատ են: «Հույսի կամուրջ»-ը պարբերաբար տարբեր ակցիաներ է իրականացնում. «Մատչելի միջավայր» , «Հանուն հավասար հնարավորությունների» և այլն: Քաղաքապետարանին ուղղված ակցիաներ կան, որովհետև նրանք շատ գումարներ են ծախսում Երևանը բարեկարգելու համար, բայց չգիտես ինչու, մոռանում են թեքահարթակների, լուսացույցերի և այլնի մասին: Սակայն վերջերս այդ ուղղությամբ կա դրական տեղաշարժ: Ավելի շատ տեղեկատվական ակցիաներ ենք իրականացնում մարդկանց մոտ գիտակցությունը փոխելու համար:
Հաշմանդամություն ունեցող մարդկանց մոտ բացի կրթական և ֆիզիկական խնդիրներից կա նաև զբաղվածության հետ կապված խնդիրներ: Այս մասին ի ՞նչ կասեք:
— Մինչև 2013 թվականին զբաղվածության մասին օրենքի ընդունվելը բոլորը մատների արանքով էին նայում խնդրին, հաշմանդամություն ունեցող անձինք միշտ խնդրում էին իրենց աշխատանքի ընդունել: Հիմա օրենքով նրանք հավասար են մյուսների հետ, սակայն մինչ այս տարի ոչ մի տեղ չէինք տեսնի հայտարարություն, որ աշխատանքի են հրավիրում հաշմանդամություն ունեցող անձանց, բայց այս տարվա ընթացքում սկսվեց նման հայտարարություններ երևալ:
Որքանո՞վ է ճիշտ նման հայտարարություն տեղադրելը, չէ որ կարելի է հայտարարություն տալ թափուր աշխատատեղի համար և ընդունել պահանջներին համապատասխանող և հաշմանդամություն ունեցող մարդու:
— Կյանքը ցույց է տալիս, որ աշխատանքի են ընդունում այն մարդկանց, ովքեր չունեն նման խնդիր: Խնդիրն այն է, որ մեր մեջ կա շատ տարածված բացասական պատկերացում, որ հաշմանդամություն ունեցող անձինք անկարող են: Եթե մի փոքր խորանանք, իհարկե միայն հասարակությունը չէ, որ մեղավոր է այդ կարծիքի համար: Այստեղ կա նաև հաշմանդամություն ունեցող անձանց մեղավորությունը: Ցավոք, կան և միշտ կլինեն նման մարդիկ, ովքեր ունեն հաշմանդամություն և շահագործում են իրենց կարգավիճակը: Օրինակ` մուրացկանություն են անում` ասելով, որ ունեն հաշմանդամություն և չեն կարող աշխատել: Եթե նոր համակարգ ներմուծվի Հայաստան, որով ավելի ճիշտ կբնորոշվի հաշմանդամության խնդիրը, ապա շատ մարդիկ կարող են զրկվել իրենց թոշակից: Ինքս էլ հաճախ եմ ասել, որ ես պատրաստ եմ զրկվել իմ թոշակից, եթե ինձ տրամադրվող գումարը ներդրվի ծրագրի մեջ և հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կառուցեն անհրաժեշտ բաներ, թեքահարթակներ և այլն:
Ստացվում է, որ շատ մարդիկ, որոնք ունեն հաշմանդամություն, կարող են աշխատել, այդ դեպքում ի ՞ նչն է խանգարում նրանց:
— Հայ ազգը ճնշված է ու ցանկանում է իրեն էլ ավելի ճնշել: Եթե մարդը հանդիպում է ինչ-որ խնդիրների, ինքն իր մեջ կրկնապատկում է դրանք, առավել ևս եթե խնդիր ունեցողը աղջիկ է: Այստեղ հաշմանդամություն ունեցողը երկու տարբերակ ունի. կամ կրթություն ստանալ, աշխատել, կամ էլ չաշխատել` պատճառաբանելով իր ֆիզիկական վիճակը: Իսկ պատճառաբանություններ միշտ գտնում է մարդը: Բայց եթե մարդ ինքն իր մեջ է գտնում պատճառն ու աշխատում է դրա վրա, նա կփնտրի ու կգտնի ելք: Ժամանակին լավ էր, որ կային հատուկ հաստատություններ , որտեղ խնամում էին հաշմանդամություն ունեցողներին, սակայն դա ուներ իր բացասական հետևանքները՝ այնտեղ հաշմանդամություն ունեցող անձը հաշմանդամություն ունեցող անձի հետ էր մրցում և չէր դառնում մրցունակ աշխատաշուկայի համար: Իրականում շուկայի համար միևնույնն է քո ֆիզիկական վիճակը: Ինքս ճանաչում եմ շատերին, ովքեր չեն կարող ազատ տեղաշարժվել, բայց տանը նստած աշխատում են: Այժմ կա շատ դրական տեղաշարժ, կան երիտասարդներ, նոկոնֆորտմիստներ, որոնք չեն մտնում շատերի շարքերում, նրանք ունեն նպատակ: Իմ ճանաչած նման մարդիկ մեծամասամբ ունեն աշխատանք, ապահոված են և ինչ- որ բանի հասել են: Չաշխատող, չձգտող մարդկանց մոտ կա « ստրկության հոգեբանություն» : Շատ հայտնի դեմքեր աղքատ, անհայտ մարդիկ են եղել, բայց իմանալով ինչ-որ բան, ձգտել են և հասել մեծ հաջողությունների: Նրանք աշխատել են:
Որքան էլ խոսենք ձգտման մասին, աշխատելու, չենք կարող մոռանալ, որ մարդկանց կենցաղային խնդիրները իրոք հուսահատեցնող են:
Իհարկե շատ հաճախ մեր կենցաղը նպաստում է, որ մարդը չմտածի իր ապագայի մասին: Լենինն ասում էր` ժողովրդին հացից կտրեք, իրենք միշտ կմտածեն հացի մասին: Հաշմանդամություն ունեցող անձանց իրենց կենցաղում ավելի շատ ռեսուրս է հարկավոր, քան հաշմանդամություն չունեցողներին` սկսած սայլակի տեխնիկական ապահովումը, վերջացրած հատուկ պառկելու սարքերից, որոնք բավականին թանկ են, անգամ շատ սարքեր կան, որ Հայաստանում չկան: Էլ չեմ ասում, որ հաշմանդամությունը շատ սերտ կապված է առողջության հետ, որի պահպանման համար պետք է թերապիա: Եվ այստեղ է, որ մտածում են ինչ- որ բան անել, որ այդ պահին իրենց երեխան հաց ունենա: Այստեղ պետության դերն այնքանով է, որ ծնողին տա աշխատավարձ, քանզի ծնողը աշխատանք է կատարում երեխային պահելով: Այդ պատճառով չի կարող կատարել այլ աշխատանք, բացի դա այդ տարիները կգրանցվեն որպես աշխատանքային փորձ:
Կամ եթե պետությունը հնարավորություն չունի, թող գումարի փոխարեն ծառայություններ մատուցի: Իրականում պետք է լինի այնպես, որ եթե մարդն ունի բուժման կարիք, ապա պետությունը ապահովի, իսկ եթե ունի սայլակի կարիք` պետությունը տա և այլն:
Այն, որ մեր պետությունը իդեալական չէ, դա փաստ է, բայց ի՞նչ անել, որ խնդիրներին լուծում տրվի:
— Առաջինը իրազեկումն է ու շատ ճիշտ, գրագետ, երկրորդը` որ հենց հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է պահանջողը լինեն: Եթե մենք խոսում ենք հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների իրավունքների մասին, ապա դա նրանք պիտի բարձրաձայնեն , պահանջեն: Այս շարժումը սկսվել է ԱՄՆ-ում հենց մի քանի հաշմանդամություն ունեցող անձանցից, որոնք պահանջել են իրենց իրավունքների պաշտպանություն: Այստեղ պայքար չկա, մարդիկ մի քանի անգամ դա արել են ու էլ չեն շարունակել, մարդիկ մտածում են, որ ինչ էլ անեն, միևնույնն է ոչինչ չի փոխվելու: Ո´չ, ջուրը քար է ծակում, ես հավատում եմ դրան: Կանանց իրավունքների պաշտպանությունը սկսվեց Ցետկինից ու իրեն համախոհ մի քանի կանանցից, ու տեսեք, թե ինչ եղավ, սկսեցին կանանց ընդունել` որպես հավասարը հավասարին: Եթե հաշմանդամություն ունեցող անձը ուզում է, որ ապրի մի երկրում, որտեղ իր համար լավ է, ինքը պետք է պայքարի:
«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Գրիգորյան