Մատչելի քաղաքի մատչելիության քարտեզը

2006 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ն ընդունեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որին միացավ նաև Հայաստանը: Սակայն դեռևս բավականին բացթողումներ կան կոնվենցիայի դրույթների իրականացման հետ կապված: Կոնվենցիայի հիմնական սկզբունքներից մեկը մատչելիությունն է, որը հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով ձեռնարկվող համապատասխան միջոցներն են, որպեսզի նրանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով ստեղծվի բոլոր հարմարությունների ու ծառայությունների մատչելիությունը, որոնք հասանելի են հասարակությանը և՛ քաղաքներում, և՛ գյուղական վայրերում:

Երևանում առկա մատչելի վայրերի ներկայացման նպատակով «Մատչելի քաղաք» նախաձեռնության շրջանակներում ստեղծվել է matcheli.am կայքը, որտեղ տեղեկատվություն կարող է տեղադրել ցանկացած օգտատեր: Մուտք գործելով կայքի «Մատչելիության քարտեզ» բաժինը` հենց քարտեզի վրա երևում է «ավելացնել նոր օբյեկտ» գրառումը, որտեղից էլ հնարավոր է տեղադրել տեղեկատվությունը: Այսպես յուրաքանչյուրն իր ներդրումը կունենա ստեղծելու մի համակարգ, որը թույլ կտա տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց գտնել իրենց համար մատչելի ուղղությունն ու վայրերը, առանց դրանք դիտարկելու և փորձարկելու:

Նախաձեռնության համակարգող Վարդուհի Արամյանի հետ զրույցի միջոցով էլ կփորձենք ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ կատարված աշխատանքների և ապագա ծրագրերի մասին:

Ինչպե՞ս  սկսվեց «Մատչելի քաղաք» նախաձեռնությունը: Մի փոքր պատմեք նախապատմության ու աջակիցների մասին:

— Տարիներ շարունակ աշխատում եմ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ոլորտում և ինձ համար ակնհայտ է, որ այդ մարդկանց խնդիրները սկսվում են մատչելի միջավայրի բացակայությունից: 2013թ.-ին ձեռնարկեցինք «Մատչելի քաղաք» նախաձեռնությունը, որի խնդիրն էր հանրության շրջանում բարձրացնել իրազեկությունը մատչելիության կարևորության մասին:

Ե ՞րբ սկսվեցին առաջին աշխատանքներն ու քաղաքի ո ՞ր հատվածի մասին էր  առաջին տեղեկատվությունը:

— Առաջին թիրախը Օղակաձև զբոսայգին էր, որը, լինելով քաղաքում ամենամեծը այգին` մոտ 5 կմ, մատչելի չէ հաշմանդամություն ունեցողների` մասնավորապես անվավոր սարքերով (սայլակներ, քայլակներ) տեղաշարժվող անձանց համար: Խոսելով, ներկայացնելով այգու անհարմարությունները` մենք այդ տարվա ծրագրի ավարտին ունեցանք արդյունք, որ այգու վեցերորդ հատվածը ամբողջությամբ հարմարեցվեց հաշմանդամություն ունեցողների համար: Որոշեցինք ավելի ընդարձակ նայել երևույթին ու հասկանալ, թե քաղաքային բյուջեի միջոցներով կառուցվող և իշխանությունների կողմից ներկայացվող հարյուրավոր թեքահարթակները որտեղ են կառուցվում և ինչպես,որքանով են դրանք գործածելի:

Ինչպե՞ս առաջացավ matcheli.am կայքը ստեղծելու միտքը:

— Նման ռեսուրս ունենալու միտք կար վաղուց, սակայն կյանքի կոչելու հնարավորություն եղավ հիմա: Յուրաքանչյուրս ունենք տեղեկություններ, թե քաղաքի որ հատվածն է մատչելի հաշմանդամություն ունեցող մարդկանց ինքնուրույն տեղաշարժման համար, սակայն ինֆորմացիան հասանելի չէ հենց նրանց` խնդիրն ունեցողներին: Ամիսներ առաջ նախաձեռնության  շրջանակներում ստեղծեցինք կայքը` հաշմանդամություն ունեցող մարդկանց շարժման համար քաղաքի մատչելի վայրերի քարտեզը ներկայացնելու և այդ վայրերի մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Իհարկե այժմ այդ տեղեկատվությունը դուրս է եկել Երևանի սահմաններից: Նախնական աշխատանքների, կայքի ստեղծման համար փոքր ֆինանսական աջակցություն ստացանք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից և Չեխական “NESEHNUTI” կազմակերպությունից:

Կայքում տեղ են գտնում  նաև օգտատերերի վերբեռնած տեղեկատվությունները, դրանք ստուգվո՞ւմ են արդյոք:

— Կայքն ունի ադմինիստրատոր, ով դիտարկում և համապատասխան գրառումները  ֆիքսում է քարտեզի վրա: Ստուգվում է, որովհետև մարդիկ դեռևս շատ լավ չեն հասկանում` ինչ ասել է մատչելիություն: Իսկ այն ոլորտային տերմին է, որն օգտագործվում է նաև ՄԱԿ-ի կոնվենցիայում որպես կարևոր դրույթներից մեկը (Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա, հոդված 9 ):

Նախաձեռնության շրջանակներում խաղարկվում է նաև պարբերանշանով շապիկներ: Ի՞նչ է իրենից ներկայացնում այն:

— 2015թ.-ի ապրիլի 6-ից  յուրաքանչյուր շաբաթվա վերջում matcheli.am կայքի ամենաակտիվ օգտատերը ստանում է իր նվերը: Սա կարևոր է հանրույթի ակտիվացման համատեքստում: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ իր ունեցած և ներբեռնած տեղեկությունը կարևոր է տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդկանց համար: Նրանց համար մատչելի քաղաքը անկախ ապրելու և կյանքի տարբեր բնագավառներին լիակատար մասնակցելու նախապայմանն է:

Հենց կայքը մատչելի՞ է տեսողական խնդիրներ ունեցողների համար:

— Կայքը ստեղծելիս խորհրդակցեցինք տեսողության խնդիրներ ունեցող անձանց և մասնագետների հետ: Հասկացանք, որ աուդիո տարբերակի կարիք չկա: Եթե կայքի գործարկման ընթացքում կլինեն այլ կարծիքներ, մենք պատրաստ ենք լսել դրանք, բաց  ենք բոլոր  առաջարկությունների համար: Չի բացառվում, որ հետագայում փոփոխություններ կլինեն ու կայքն ավելի կկատարելագործվի: Կայքում օգտագործվում է Գուգլի քարտեզը, որը հնարավորություն է տալիս դիտելու համար մաքսիմալ մոտեցնել կամ հեռացնել նշանակետերը:

Որո՞նք  են կայքում նշված մատչելիության նորմերը և ինչպե՞ս  եք պատկերացնում դրանց կիրառումը:

— Կայքում ներկայացված են, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել տեղանքի մատչելիությունը նկարագրելիս, իսկ մատչելիություն ասելով հասկանում ենք ոչ միայն ֆիզիկական մատչելիությունը, այլև փոխադրամիջոցների, տեղեկատվության և այլ ծառայությունների հասանելիությունը: Երբ որ հաշմանդամություն ունեցող անձը դուրս է  գալիս փողոց, նա բախվում է շատ կարծրատիպերի, իր հանդեպ տարբեր վերաբերմունքի: Եթե մենք ուզում ենք ունենալ համընդհանուր մատչելիություն, խնդիր ենք դնում նաև կոտրել հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ եղած կարծրատիպերը, որպեսզի առհասարակ բոլորս հասկանանք, որ այդ մարդիկ մեկն են մեզանից, որ հաշմանդամությունը դիտարկենք պարզապես որպես  բազմազանություն և փորձենք հասկանալ, թե ինչ ներդրում կարող են ունենալ այդ մարդիկ մեր հասարակական կյանքում:

Որո՞նք են ձեր գործողությունները  համընդհանուր մատչելիություն ստեղծելու ուղղությամբ:

— Մեր առջև  խնդիր ենք  դրել որքան հնարավոր է շատ խոսել մատչելիության  կարևորության  մասին, քանի որ այն անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրին: Երբ մենք հեծանիվ ենք քշում կամ զբոսնում ենք երեխայի հետ մանկասայլակով, մեզ հետ տանում ենք անվավոր ճամպրուկներ և այլն: Ներկայացնում ենք իրականացված աշխատանքները` դրական շեշտադրմամբ: Այսինքն նախ և առաջ ցույց ենք տալիս այն լավը, որը կա ոլորտում, չենք մոռանում նաև անդրադառնալ ձևական կամ անբարեխիղճ իրականացրած աշխատանքներին: Օրինակ` կան թեքահարթակներ, որոնք գործածելի չեն, քանի որ չեն համապատասխանում սահմանված նորմերին:

Ապրիլի 6-ից  նախաձեռնությունը իրականացնում է  մոնիթորինգ: Չնայած  դեռևս քիչ  ժամանակ է անցել, բայց ունեք արձանագրած  արդյունքներ, պատմեք մոնիթորինգի մասին և ներկայացրեք  արդյունքները:

— Քաղաքապետարանի  բյուջեով կառուցված թեքահարթակների նորմերին  համապատասխանությունը ճշտելու համար իրականացնում ենք մոնիթորինգ: Մենք` որպես քաղաքացի, բոլոր իրավունքներն ունենք դիտարկելու և  գնահատելու մեր քաղաքում իրականացվող աշխատանքները: Այսպես հաստատվում է նաև քաղաքացու իրավունքը վերահսկողություն իրականացնելու սեփական  հարկերից  կազմված բյուջեի արդյունավետ օգտագործման վրա: Արդեն կան որոշակի արդյունքներ, մասնավորապես, դիտարկվել է 2013-2014 թթ. կառուցված թեքահարթակների 11 տոկոսը: Դրանք մեծամասամբ համապատասխանում են նորմերին և 2014 թ-ին կառուցված թեքահարթակները ավելի լավն են, քան նախկինները:

Փաստորեն մոնիթորինգն իրենից ներկայացնում է քաղաքապետարանի  բյուջեով իրականացված ծրագրերի դիտարկում:

— Այո, մենք հիմնականում դիտարկում ենք քաղաքապետարանի կողմից կառուցված թեքահարթակները, դրանց համապատասխանությունը նորմերին: Մատչելիության համար ՏԻՄ-ն է պատասխանատու, որովհետև նրանք  են շինարարական նախագծերը հաստատում, վերջնական շինարարությունը ընդունում:Մեր թիրախն ուղիղ քաղաքապետարանն է այս պարագայում հասկանալու համար, թե որ  փուլում աշխատանքները պատշաճ կերպով չեն իրականացվել:

Այդ  ուղղությամբ ուրիշ ի՞նչ  ծրագրեր կան:

— Մենք քաղաքաշինության նախարարությունից փորձում ենք ստանալ ինֆորմացիա, թե 2006-ից ի վեր  շինարարական  նորմերի  խախտման հետ  կապված քանի դիմում-բողոք է ստացվել, քանի տնտեսվարող է տուգանվել և ինչ ճակատագիր են ունեցել այդ դիմումները: Դեռ նախարարությունից պատասխան չունենք: Պատասխանից հետո  կհասկանանք, թե մեր իշխանությունները  որքանով են հետևողական օրենքների և սեփական որոշումների կիրառման գործում: Օրինակ քաղաքապետարանը ինֆորմացիա է տրամադրել, որ 300 տնտեսվարողի հետ իրենց տրամադրած նախագծերով կառուցվել են թեքահարթակներ, մենք հիմա  խնդրել ենք, որ մեզ տրամադրեն այդ տնտեսվարողների ցանկը, որպեսզի  հասկանանք, թե ինչ նախագծերով են արվել, ճի՞շտ է նախագծվել, թե ոչ: Եթե ճիշտ նախագծերը կան, շինարարության ընթացքում կառուցումը իրականացվել է ըստ  համապատասխա՞ն նախագծերի և վերջում արդեն պատրաստի  շինությունները գործարկելու ժամանակ արդյոք ճիշտ կառույցում է հաստատել և թույլատրել շահագործել այն: Այսինքն կդիտարկենք բազմափուլ աշխատանքը, հետևողականությունը ու կհասկանանք, թե որն է առկա թերությունների պատճառը և ով որտեղ է թերացել իր աշխատանքում:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝  Լիլիթ Գրիգորյան

3 Comments Add yours

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s