Շարունակվում են քննարկումները Սպիտակում

Երեկ «Սպիտակ բազե» և «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունների կողմից համատեղ իրականացվող «Ապրել անկախ և ներառվել հասարակություն» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպում-քննարկումն իրականացվեց Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչական կազմի հետ: Սեմինար-քննարկմանը, որը անցավ պարզ, անմիջական և  ակտիվ քննարկման մթնոլորտում, ներկա էին տնօրենն ու  ուսուցիչները: «ԷԽՈ» ՀԿ նախագահ և փորձագետ Սերյոժա Օհանջանյանը ներկայացրեց և խոսեց ներառական կրթության փոփոխությունների և բարելավման, նաև կրթական համակարգի անընդհատ զարգացող, դինամիկ գործընթացի մասին:

Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Մարիետա Ավետիսյանը մտահոգություն հայտնեց «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին:

Ս. Օհանջանյանն այս  կապակցությամբ նշեց. «Այո, 2014թ. դեկտեմբերի 1-ին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարվեցին, որով այսուհետ առանձին սահմանվում են կրթության առանձնահատուկ պայմանները, յուրաքանչյուր երեխայի համար ներառական կրթության առանձնահատկությունը, կրթությանն աջակցող ծառայությունների մատուցումը, երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը, հոգեբանամանկավարժական կենտրոնի գործառույթները  և այլն»: Այնուհետև ավելացրեց, որ նախկին օրենքը սահմանում էր միայն հատուկ հանրակրթական դպրոցը:

Հետաքրքիր քննարկման ժամանակ մասնակիցները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը,  հանդես եկան առաջարկություններով՝ ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու նպատակով:  Ծրագիրը  եզրափակվեց  ծրագրի շրջանակներում տպագրված «Ապրել անկախ և ներառվել հասարակություն» ձեռնարկի ուսուցիչներին բաժանմամբ:

Նշենք, որ վերոնշյալ սեմինար-քննարկումը կազմակերպել է «Ապրել անկախ և ներառվել համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհների արդյունքում: Վերոնշյալ ծրագիրն իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության կողմից` Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատան ֆինանսավորմամբ:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի լրագրող՝ Միլենա Խաչատուրովա