Հաշմանդամություն ունեցող անձինք ձևացնում են, թե նրանք դրա կարիքը չունեն…

Շատ մարդկանց համար, ովքեր ունեն ֆիզիկական հաշմանդամություն, սեքսը ֆանտաստիկայի ժանրից է և հաճախ անհասանելի: Ծնողների և խնամակալների կողմից նրանց գրեթե բոլոր պահանջները բավարարված են, իսկ սեռական կյանքն անուշադրության է մատնվում: Այժմ կան սեքս-աշխատակիցներ, ովքեր տարբեր ճանապարհներ են փնտրում` ինչպես պայքարել, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար սեքս-ծառայությունները լայն տարածում գտնեն: VICE ամսագիրը պատմում է այն աղջիկների մասին, ովքեր օգնում են ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի կոչել իրենց սեռական ցանկությունները: Հասարակությունը կարծում է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ չունեն սեռական կյանք, և դրա մասին անգամ խոսք լինել չի կարող: Սակայն դա թյուր կարծիք է, քանզի բոլորի նման նրանք էլ ունեն սեռական ցանկություններ:

«Սեռական ակտը, ինչպես ուտելը, խմելը, քնելն ու արթնանալը, մարդու կենսակերպի կարևոր և բաղկացուցիչ մասն են կազմում, բայց ֆիզիկական հաշմանդամություն ունեցող շատ մարդկանց մոտ սեռական կյանքը շքեղություն է, ոչ թե լիարժեք կյանքի իրավունք: Ձևացնում ենք, թե նրանք դրա կարիքը չունեն: Ես էլ էի նախկինում այդպես մտածում»,-ասում է Պրուն, ով սեքս-ծառայությունների աշխատակից է և մասնագիտանում է հաշմանդամություն ունեցող մարդկանց բնագավառում արդեն երկար տարիներ:

Պրուն շատ զարմացավ, երբ պարզեց, որ իր բլոգի ամենաակտիվ մեկնաբանություններ գրողը հաշմանդամություն ունի և սկսեց հետաքրքրվել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով:
«Ես որոշեցի էջ բացել իմ կայքում, որտեղ կկարողանայի շփվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Ուզում էի, որ նրանք գիտակցեին, որ ես հասկանում եմ նրանց պահանջները և պատրաստ եմ քննարկել հավանական հանդիպումները,-պատմում է նա,-այն, ինչ անում ենք մենք, դժվար է նրանց համար: Սեռական կյանք ունենալու համար պետք է նրանց օգնել, ինչը շատ բարդ է: Համենայնդեպս, այդ աշխատանքը նրանց հետ ավելի օգուտ է բերում, քան մյուս հաճախորդների,-վստահեցնում է Պրուն,- չէ որ ես իրականում օգնում եմ մարդուն»:

Որոշ մարդկանց մոտ դա մեկ կամ երկու անգամ չի լինում: Ոմանք ցանկանում են բարելավել իրենց հմտությունները սեռական կյանքում: Նրանցից է Ջոննի Ուիլսը (20 տարեկան), ով ունի մանկական ուղեղային կաթված, վատ է տեսնում, դժվարությամբ է ճանաչում դեմքերը, ինչը բարդացնում է շփումը: Եվ երբ նա օգտվեց նման ծառայություններից, բաժանվեց ընկերուհուց:
«Ընկերուհուս հաշմանդամությունը 10 անգամ ավելի ծանր էր, քան իմը: Այնպես որ նա կարծում էր, որ սեքսը մեր պարագայում անհնար էր,- պատմում է Ջոննին,- իսկ ես ուզում եմ նաև սեռական կյանք ունենալ»:
Ջոննին ուզում է գտնել իր իրական սերը: Նա կարծում է, որ եթե հիմա սեռական կյանքով է ապրում, ապա դա ապագայում կօգնի իրեն հարաբերություններ կառուցել վստահության և որոշակի գիտելիքների հիման վրա:

Այսօր Ջոննիի և առհասարակ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ավելի հեշտ է օգտվել սեքս-ծառայություններից:
Տափփի Օուենսն ակտիվորեն պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց սեքսուալ կյանքի իրավունքները: Նա հանդիսանում է TLC Trust -կապի շարժիչ ուժը և միավորում է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդկանց:
Տափփին կարծում է, որ կարիք չկա փոխել Մեծ Բրիտանիայում գործող օրենքը, համաձայն որի մարմնավաճառությունն օրինական է, պարզապես անհրաժեշտ է փոխել նման ծառայությունների հանդեպ ընկալումը: Հասարակությունն ուշադրություն դարձրեց այս խնդրին 2013 թ., երբ հայտնի դարձավ, որ Իստբորնում գտնվող հաշմանդամություն ունեցողների խնամքով զբաղվող տներից մեկի ղեկավարությունը թույլատրեց մարմնավաճառներին այցելել իրենց անդամներին:
«Արձագանքը շատ մեծ էր: Ամեն անգամ, երբ նման հարց էր բարձրացվում ԶԼՄ-ի կողմից, թերթերում մարմնավաճառության մասին խոսում էին անօրինական երևույթի նման` չնայած նրան, որ դա այդպես չէ և երբեք չի եղել»,- հիշում է Տափփին:

Սա կարող է ծանր լինել ծնողների և խնամակալների համար, առավել ևս եթե նրանք պետք է կազմակերպեն հանդիպումները սեքս-ծառայության աշխատակիցների հետ:
«Ես մի ծնողի գիտեի, ով որոշում էր կայացրել նման կերպով օգնել իր որդուն, բայց դա նրա համար հավասար էր տնից զրկվելուն: Մայրն ամբողջությամբ կոտրված էր,-պատմում է Պրուն»:
Իսկ շատերի համար գոյություն ունեն տարբեր տաբուներ նման քայլի գնալու համար: Պրուն նաև պատմում է մի մոր մասին, ում որդին հաշմանդամություն ուներ, և մոր կրոնական դաստիարակությունը խոչընդոտում էր, որ ընդունի որդու` սեքս-ծառայություններից օգտվելու փաստը:
«Մայրը չէր ուզում, որ որդին վճարի այդ ծառայությունների համար,- պատմում է աղջիկը,-մենք ստիպված էինք սպասել, մինչ նա տնից գնար հիվանդանոց: Պետք էր ամեն ինչ հասցնել մինչև նրա վերադառնալը, բայց մայրն ամեն ինչ գիտակցում էր: Երբ ես եկա, երկուսս էլ այնպես նայեցինք միմյանց, որ ամեն ինչ պարզ էր. երկուսս էլ գիտեինք` ինչ է կատարվում: Տղային լողացնում էր, հոգում էր, որ մաքուր լինի, վճարում էր ինձ: Առանց նրա մոր օգնության ոչինչ չէր ստացվի»:

Այսպիսով, այս ծառայությունների վերաբերյալ բոլոր զրուցակիցների արձագանքը դրական էր, և նրանք կցանկանային, որ այդ ծառայությունները ավելի հասանելի լինեին:
«Առաջինը պետք է, որ շատ լինեն ցանկացողները, ովքեր կուզենան աշխատել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ,- ասում է Պրուն,- մենք պետք է ավելի բաց ու ազատ լինենք այս խնդիրը դիտարկելիս»:
Տափփին հիանում է TLC Trust-ի մաս հանդիսացող կանանցով: Նա գտնում է, որ նրանք ավելի շատ են հարգանքի արժանի:
«Հարկավոր է սեքս-ծառայության աշխատակիցներին և հատկապես նրանց, ովքեր աշխատում են հաշմանդամություն ունեցող անձանց հետ, ընդունել օրինական աշխատողների պես: Բոլորը չէ, որ դա կանեին: Նրանք փոխում են մարդկանց կյանքը՝ այն դարձնելով ամբողջական: Նրանք շատ համարձակ են»:

Մեր խմբագրությունը այժմ փորձում է պարզել, թե մեր հայ մասնագետները արդյոք ճիշտ են ընկալում սեքս-ծառայությունների անհրաժեշտությունը հաշմանդամություն ունեցող անձանց կենսակերպի բարելավման հարցում:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Հակոբյան