Ի՞նչ բացթողումներ ունի քաղաքաշինությունը

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ «Չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի շրջանների ձևավորումը, նախագծային լուծումների մշակումը, շենքերի, կառույցների, ներառյալ օդանավակայանների և երկաթուղային կայանների շինարարությունն ու վերակառուցումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, այդ թվում անհատական, կապի և տեղեկատվության միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն»։

Ավելին՝ ՀՀ-ում հասարակական, բնակելի, արտադրական շենքերի նախագծման և վերակառուցման դեպքում, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարկավոր է նախատեսել բնակչության մնացած խմբերին համահավասար կենսագործունեության պայմաններ։

Չնայած վերը նշվածին` Հայաստանի Հանրապետությունում շինարարական տարբեր աշխատանքների իրականացումը չի համապատասխանում օրենքի չափանիշներին: Թեև քաղաքաշինության նախարարությունը բողոքներ չի ստանում, բայց միանշանակ, մատչելիության բացակայություն կա շատ ոլորտներում, հատկապես հասարակական տարբեր վայրերում: Այս հարցը փորձեցինք պարզել «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանի հետ, ով վստահ է, որ շատ քիչ են հարմարեցված, լավագույն դեպքում թեքահարթակներ են կառուցում, որոնք էլ չեն պահպանում մատչելիության չափանիշները: «Օրենքը սահմանում է, որ շինարարական գործունեություն ծավալող կազմակերպությունները պարտավոր են վերացնել շինաշխատանքները կատարելիս առաջացած թերությունները,-ասում է Զարուհի Բաթոյանը,- շատ կարևոր հարց է նաև այն,որ միայն տեղաշարժման խնդիրը չէ, կան նաև լսողության, տեսողության հետ կապված հարցեր, և միայն թեքահարթակներ կառուցելով խնդիրը չի լուծվում»:

Ըստ «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցող հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանի՝ կարևոր է հասկանալ, թե ինչ է ասել մատչելիությունը: Ընդհանրապես մատչելիություն եզրը կիրառվում է երեք իմաստով` ֆիզիկական միջավայրի մատչելիություն, տեղեկատվության մատչելիություն և ծրագրային, և այս  իմաստները համատեղվում  են «Համընդհանուր դիզայն» անվանմամբ, որը սահմանվում է որպես ապրանքների, միջավայրերի, ծրագրերի և ծառայությունների դիզայն, ինչը դրանք առավելագույնս օգտագործելի է դարձնում բոլորի համար առանց շտկումների: Նաև հավելեց, որ «Համընդհանուր դիզայնը» չի բացառում օժանդակ հարմարեցումները հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար: Բայց օրենքում ներառված է միայն ֆիզիկական միջավայրի մատչելիություն:

«Իսկ ինչ վերաբերում է բողոքներ չստանալուն, շատ դեպքեր են եղել,որ արձանագրել ենք խախտումերը և տարածել ենք ԶԼՄ-ում: Եթե իրենց մտքին տեղ լիներ, կարող էին իրենք իրենց մոնիթորինգը իրականացնել»,-իր խոսքը եզրափակեց Սերյոժա Օհանջանյանը:

Այս ոլորտը դեռ շատ բացթողումներ ունի և օրենքը խախտելու դեպքում պետք է կիրառել համապատասխան գործողություններ, որոնք պարտավոր են լինելտուգանքների կամ շտկումների տեսքով:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Հակոբյան