Արդեն 20 տարի է մայիսի 15-ը նշվում է որպես ընտանիքի միջազգային օր, որը սահմանել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.: Այս օրը համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռում է ընտանեկան խնդիրներին: Այն հնարավորություն է տալիս բարձրացնել իրազեկության աստիճանը ընտանեկան հարցերի վերաբերյալ և խորացնել սոցիալ-տնտեսական գիտելիքներն ու ժողովրդավարական գործընթացները, որոնք ազդում են ընտանեկան իրավիճակների նաև երեխաների վրա: Հարկավոր է չանտեսել երեխայի, հատկապես հաշմանդամություն ունեցողի իրավունքներն ընտանիքում՝ նպաստելով ներառական ընտանիքի ձևավորմանը:
Ընտանիքի միջազգային օրվա հռչակումը խթանում է մի շարք պրոպագանդային միջոցառումների իրականացումը, որոնցում ընդգրկված են նաև ընտանիքի ազգային օրերը: Նման օրերի նշումը հնարավորություն է տալիս բացահայտել տարբեր երկրների մոտեցումը ընտանիքին: Լինում են թեմատիկ կոնֆերանսներ, ռադիո-հեռուստահաղորդումներ, թերթերի հրապարակումներ և այլն: Գենդերային հավասարությանը պետք է մեծ ուշադրություն դարձնել, քանի որ ի տարբերություն տղամարդկանց, ովքեր ունեն նույն խնդիրները, աղջիկները կրկնակի խոցելի են նախ` իրենց սեռի, ապա նոր` հաշմանդամության պատճառով: Հաշմանդամության և գենդերային անհավասարության հիմքը տնտեսական ոլորտում կանանց և տղամարդկանց անհավասար վիճակն է, որը սկիզբ է առնում ընտանիքից: Իսկ խնդրի լուծման սկզբնաղբյուրը ընտանիքում երեխայի ճիշտ ու առանց խտրականության դաստիարակությունն է առանց բռնության:
Այսօր նաև «Տղամարդկանց պատասխանատվության» օրն է: Եվ ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` խտրական օրենքներն ու գործելակերպը, որոնք չեն ապահովում հավասար իրավունքներ բոլորի համար, ոտնահարում են կանանց և երեխաների իրավունքները, չեն կարող տեղ ունենալ ժամանակակից ընտանիքներում, համայնքներում, հասարակությունում և երկրներում:
«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից` Լիլիթ Հակոբյան