Մշակութային բազմազանություն` հանուն երկխոսության և զարգացման

2003թ. մայիսի 21-ին առաջին անգամ նշվեց Մշակութային բազմազանության միջազգային օրը` հանուն երկխոսության և զարգացման: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2002թ. դեկտեմբերի 20-ին սահմանեց այս օրը՝ բոլոր անդամ-պետություններին հիշեցնելով, որ ժողովրդավարության, հանդուրժողականության, սոցիալական արդարության և ազգերի ու մշակույթների միջև փոխադարձ հարգանքի պայմաններում բարգավաճող մշակութային բազմազանությունն անհրաժեշտ է տեղական, ազգային և միջազգային մակարդակներով խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար: Հարկավոր է նպաստել, որ բոլոր, հատկապես զարգացող երկրներում մշակույթի և զարգացման միջև փոխկապակցվածության կարևորությունը հասանելի լինի բոլորին:

Իհարկե, սա որպես միջազգային, իսկ վերադառնալով հայաստանյան իրողությանը, նշենք, որ այսօր իրականացվում են բազմաթիվ մշակութային ծրագրեր, բայց ոչ բոլորին հասանելի, հատկապես հատուկ կարիքներ ունեցող մարդիկ միայն հաշմանդամություն ունեցող քաղաքացիները չեն, թեև Հայաստանում ապրում են ավելի քան 197 հազար հաշմանդամություն ունեցող անձիք, որոնք զգալի մասն են կազմում մեր հասարակության, ինչպես նաև նրանցից շատերը կարող են մշակութային կյանքի մաս կազմել:

Պետք է նշենք, որ 2010-ի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիան, որի Հոդված 30-ը վերաբերում է մշակութային կյանքին, հանգստին, ժամանցային ու սպորտային միջոցառումների մասնակցությանը: Այն ամրագրում է՝ 1. Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը և ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու, որ նրանց համար. ա) մատչելի լինեն մշակութային գործերը` ընդունելի ձևաչափերով. բ) մատչելի լինեն հեռուստահաղորդումները, ֆիլմերը, թատրոնը և մշակութային գործունեության այլ ձևերը` ընդունելի ձևաչափերով. գ) մատչելի լինեն մշակութային ներկայացումների ու ծառայությունների համար նախատեսված վայրերը, ինչպես, օրինակ՝ թատրոնները, թանգարանները, կինոթատրոնները և այլն:

Այնուամենայնիվ, Հայաստանում մշակութային կյանքը շարունակում է մնալ փակ շատերի համար: Մենք նպատակ ունենք այսօր՝ Մշակութային բազմազանության միջազգային օրը, ևս մեկ անգամ անդրադառնալ մշակութային կյանքի խնդիրներին՝ նպատակ ունենալով  երկխոսության և ակտիվ քննարկումների շնորհիվ լուծման եզրեր գտնել:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից` Լիլիթ Հակոբյան