Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որը առաջին անգամ նշվել է  1950 թվականին, լավագույն առիթներից մեկն է խոսելու հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին, որոնք ամենօրյա ուշադրության կարիք ունեն: Զրուցակիցս «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցող հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանն է, ում հետ կփորձենք ներկայացնել հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների ընդհանուր պատկերը Հայաստանում:

Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնական խնդիրները ո՞րոնք են:

—  Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները ամենախոցելի խումբն  են կազմում: Նրանց մոտ առաջնայինը ներառման խնդիրն է: Սովորաբար հաշմանդամություն ունեցող երեխաները անհոգ մանկություն չեն ունենում և զուրկ են այն ամենից, ինչից օգտվում են իրենց հասակակիցները:
Այս խնդիրը հիմնականում ավելի  շատ  արտահայտված է  աղջիկների  մոտ: Պատճառները նախ պետք է փնտրենք հայ ընտանիքների սովորույթներում, քանի որ մենք ունենք իդեալական ընտանիքի, իդեալական կնոջ գաղափարը, ով  պետք է երեխա դաստիարակի, զբաղվի տնային տնտեսությամբ և այլն, իսկ  հաշմանդամություն ունեցող աղջիկը չի կարող  բավարարել  բոլոր  պահանջները: Արդյունքում աղջիկները չեն ընդունվում հասարակության կողմից:
Բացի այդ, սովորաբար, ընտանիքում երեխաներին ինքնուրույնություն չեն  տալիս, երեխայի կարիքները ծնողը փորձում է բավարարել անգամ այն դեպքում, երբ երեխան  կարող է ինքնուրույն  գործել: Ի հակադրություն սրան` դպրոցում  սոցաշխատողներից, ուսուցիչներից երեխան  լսում է, որ պետք է  ինքնուրույն գործի, աշխատի և ներառվի հասարակությանը: Այսպիսի  հակասությունները երեխաների  մոտ  վատ են անդրադառնում, քանզի երեխան  առաջինը հենց ընտանիքում պետք է ներառվի:

Ընտանիքում երեխաների ներառումը ապահովելու համար որքանո՞վ է կարևոր  հոգեբանական ծառայություններով աջակցության դերը:

— Հոգեբանի դերը երեխայի կյանքում, ինչ խոսք, կարևոր է, բայց երեխաների հոգեբանական հավասարակշռությունը հիմնականում կախված է ծնողներից: Ամենակարևոր բանը, որ երեխան կարող է ստանալ` դա այն համոզմունքն է, որ ծնողները սիրում են իրեն և պատրաստ են միշտ օգնել: Ծնողի և երեխայի հարաբերությունների ամենակարևոր կողմերից մեկը  երեխայի ազատություն է ծնողի կողմից: Նման հարաբերություններ հաստատելը և բաց զրույցներին հասնելը ժամանակ, համառություն և փոխըմբռնում է պահանջում: Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողները պետք է հավասար ուշադրության ու խնամքի արժանացնեն իրենց երեխաներին՝ չառանձնացնելով հաշմանդամություն ունեցող երեխային մյուս երեխաներից: Թեև ներառական դպրոցներում սոցաշխատողները, հոգեբանները աշխատում են   ընտանիքների հետ, փորձում  են նրանց օգտակար լինել իրենց խորհուրդներով,  սակայն այստեղ խնդիրն այն է՝ հայ ընտանիքները դեռևս  լիարժեք չեն ընկալում հոգեբանությունը, հոգեբանի դերը: Այն սովորաբար ասոցացնում են  հոգեբուժի հետ՝ խուսափելով հանդիպումներից ու խորհուրդներ հարցնելուց: Ի վերջո հաշմանդամություն ունեցող երեխան ևս ունի տեսնելու, մտածելու, զգալու իր յուրահատուկ ունակությունը։ Չկա առավել անմիտ բան, քան նրանց այդ ունակությունը մեր փորձով փոխարինելու փորձը։

Ինչպիսի՞  տվյալներ կան հաշմանդամություն ունեցող երեխաների քանակի հետ կապված:

— Առողջապահության նախարարության տվյալներով մոտ 8000 հաշմանդամություն ունեցող երեխա կա Հայաստանում  գրանցված: Սակայն դա  չենք  կարող հստակ թիվ  համարել, քանի որ շատ են ծնողները, ովքեր չեն ընդունում , որ իրենց երեխան ունի հաշմանդամություն, համարելով ամոթ` թաքցնում են  դա և այլն: Եթե միջազգային հետազոտությունների տվյալները դիտարկենք, ապա Հայաստանում պետք է լիներ առնվազն 12.000 հաշմանդամություն ունեցող երեխա: Ծնողները, հաճախ ունենալով նյութական հնարավորություններ, իրենց երեխաներին չեն հաշվառում, ինչը կարող է վտանգավոր լինել երեխայի առողջ զարգացման համար: Պետությունը ոչ միայն տալիս է հաշմանդամության թոշակ, այլ նաև որոշ չափով ապահովում է վերականգնողական բուժումը՝ երեխայի  կարիքներին համապատասխան որոշակի օգնություն տրամադրելով: Խնդրի լուծումը սկսվում է նրանից, որ ծնողները ուշադիր պետք է լինեն և չամաչեն իրենց երեխայի կարգավիճակից:

Անդրադառնանք երեխաների  տոնին, որը ենթադրում է երեխաների համար հաճելի ժամանցային մի օր խաղահրապարակներում, այգիներում: Որքանո՞վ  են ֆիզիկապես մատչելի նման  վայրերը և հյուրընկալ հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ:

— Մատչելիության գաղափարը Հայաստանում վերջերս է ներդրվել: Այն իրականացվում է և´ ճիշտ ձևով, և´ սխալներով: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մարդիկ ճիշտ ընկալեն մատչելիության գաղափարը: Հիմա  դա միայն ընդունում են որպես թեքահարթակների առկայություն, սակայն մատչելիությունը  նաև հեգեբանական  կողմ ունի, զգայական, դա նաև  տեսողության, լսողության  խնդիրներ  ունեցողների համար է կարևոր: Մարդիկ պետք է հասկանան, որ մատչելի միջավայրը հարմար է բացառապես բոլորի համար:

Ծնողներից շատերը հնարավորություն չունեն  սայլակներ, քայլակներ գնելու և  տարբեր բուժական պրոցեդուրաներ անցկացնելու համար, ի՞նչ  աջակցություն են ստանում հաշմանդամություն ունեցող երեխաները:

— Հաշմանդամություն ունեցող երեխաներին գրանցելուց հետո պետությունը տրամադրում է սայլակներ, լսողության սարքեր և այլն: Սակայն  դրանք  սահմանափակ  թվով  են ներմուծվում և միանման են: Նույն  սայլակը կարող է անհարմար լինել մեկ այլ երեխայի համար: Այստեղ խնդիր կա, որ պետությունը այլընտրանքային  ծառայություններ  չի  մատուցում, սակայն այս բացը փորձում  են լրացնել  հասարակական կազմակերպությունները, որոնցից մեկն էլ ԷԽՈ-ն է:
Եթե երեխան ունի այլընտրանքային մարզասարքի, կանգնակի, քայլակի, լսողության սարքի կարիք, որոնք բնականաբար բարձր գին ունեն, և հաճախ անգամ Հայաստանում  չկան, մենք  փորձում ենք այդ խնդիրը լուծել: Նաև ավելացնեմ, որ մեր բոլոր ծառայությունները անվճար են և ծնողներից որևէ գումար չի պահանջվում:
Մենք  համագործակցում ենք մոտ 700  կազմակերպությունների հետ`  տեղական և  միջազգային, որոնց  շնորհիվ ձեռք ենք  բերում անհրաժեշտ սարքերը:

«ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը հանրակրթական և ներառական դպրոցների հետ ի՞նչ բնույթի աշխատանքներ է իրականացնում:

Մենք  ինչպես դպրոցներում, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատություններում հաճախ անցկացնում ենք սեմինարներ: Օրինակ վերջերս  «Սպիտակ  բազե»  ՀԿ-ի  հետ  անցկացվեց  «Ապրել անկախ, ներառվել համայնքում»  ծրագիրը, որի շրջանակներում Սպիտակի գրեթե բոլոր դպրոցներում ունեցանք  սեմինարներ ներառական կրթության վերաբերյալ: Նաև աշխատեցինք  Սպիտակում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հետ` փորձելով տալ գիտելիքներ իրենց առնչվող օրենքների մասին:

Ի՞նչ հաջորդական քայլեր են անհրաժեշտ, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաները լիարժեք ներառվեն հասարակությանը:

— Երեխայի նկատմամբ մոտեցումը սկսվում է ծննդատներից: Բժշկական  հաստատություններում, ցավոք, լիարժեք չեն կարողանում բնութագրել հաշմանդամությունը: Բացի այն, որ ծնողներն ունենում են հետծննդաբերական սթրես, դրան գումարվում է  նաև հաշմանդամություն ունեցող երեխա լույս աշխարհ բերելու  սթրեսը: Նրանք չեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում հաշմանդամությունը, և չիմանալով, թե ինչպես խնամել երեխային, ծնողի մոտ  առաջանում է  խուճապ: Ավելի ցավալին այն է, որ բժիշկները չեն հայտնում երեխայի` հաշմանդամություն ունենալու մասին, առավել ևս, եթե դա լինում է իրենց սխալի  պատճառով, և միայն մեկ-երկու տարի անց է ծնողը հայտնաբերում առկա խնդիրը: Ծննդատնից  հետո, ինչպես նշել եմ, ընտանիքում   անհրաժեշտ  է դրական փոփոխություններ կատարել: Հաճախ  հաշմանդամություն ունեցող երեխայի ներկայությունը համարում  են Աստծու պատիժ  իրենց կատարած ինչ-ինչ  սխալների  համար: Ինչպես ծնողն է  վերաբերվում իր հաշմանդամություն ունեցող երեխային, այնպես  էլ  ձևավորվում է մյուս  երեխաների և շրջապատի վերաբերմունքը: Անգամ լինում են դեպքեր, երբ առաջին երեխան  հաշմանդամություն է  ունենում , և ծնողի մոտ վախ է առաջանում, որ մյուսներն էլ նման խնդիր կունենան: Այս դեպքում ավելանում է հղիության արհեստական ընդհատումների թիվը: Կարևորը իրազեկվածության մակարդակի բարձրացումն է, որը իր հետ կբերի նաև վերաբերմունքի փոփոխություն, ինչը դրական կանդրադառնա  հաշմանդամություն ունեցող երեխաների` հասարակության մեջ լիարժեք ներառմանը:

Ինչպիսի միջոցառում է նախատեսվում այս տարի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը:

— Ովքեր առիթ են ունեցել մեզ ճանաչելու, քաջ գիտեն, որ ամեն տարի այս օրը մենք հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպում ենք միջոցառում: Բայց ի տարբերություն մյուս միջոցառումների, որում մասնակցում էին անվանի ու սիրված երգիչ-երգչուհիները՝ այս տարի մենք մեր գործընկերների հետ համատեղ պատրաստել ենք բացօթյա միջոցառում: Այդ օրը հեքիաթի հերոսների կերպարներով երեխաներին ուրախացնելու կգան հայտնի ու սիրված դերասանները: Չբացելով փակագծերը՝ սիրով կսպասենք բոլորին:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Գրիգորյան