Էլեկտրաէներգիայի թանկացումը՝ նաև հաշմանդամություն ունեցող անձանց գրպանից

Մոտ երկու շաբաթ է, ինչ ամենաշրջանառվող և զգայուն խնդիրը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն է, որը հանդիսանալով հիմնաքար, շղթայական ազդեցություն կունենա ողջ տնտեսության վրա, ուղղակի սպառված էլեկտրաէներգիայի ամսական վճարների բարձրացումից մինչև անուղղակի ազդելով ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի բարձրացմանը՝ հարվածելով յուրաքանչյուր հայ սպառողի գրպանին: Ուստի ես միանում եմ «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնությանը՝ այն համարելով անօրեն ու անբարոյական քայլ մեր համաքաղաքացիների նկատմամբ: Բացի այդ գրեթե միշտ հաշվի չի առնվում, որ հաշմանդամություն ունեցող անձանցից (նաև ընտանիքները, որոնք ունեն հաշմանդամություն ունեցող երեխաներ) շատերը գտնվում են սոցիալապես անապահով վիճակում, ինչը գաղտնիք չէ կառավարության համար, իսկ էլեկտրաէներգիայի թանկացումը հանգեցնելու է այլ թանկացումների և խնդիրների:

Վերջապես բավական է, որ մեր երկրում տիրեն անօրինություններն ու տանկացումները, որոնցից տուժում է մեր ժողովուրդը՝ հանապազօրյա հացով ապրող, մի կերպ գոյատևող: Կանխելով էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը՝ կապահովենք հասարակության այժմյա կայունությունը, որից էլ չի տուժի տնտեսությունը:

Կարող եմ հստակ ասել, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդիրը կանխելու վերաբերյալ: Հակառակ դեպքում կնշանակի, որ կառավարությունը, այնուամենայնիվ, իր մեծ ցանկության դեպքում անգամ չի անում այնպես, ինչպես որ հարկն է:

Հ.Գ. Ես ոչ թե պահանջելու եմ որևէ արտոնություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց, այլ էլեկտրաէներգիայի թանկացման կանխարգելում:

«ԷԽՈ» ՀԿ նախագահ`
Սերյոժա Օհանջանյան