Ներառվող ծաղիկների ճյուղերը

Ներառական դպրոցները Հայաստանում գործում են ութսունական թվականներից, սակայն միայն 2014 թվականի դեկտեմբերի  20-ի «Հանրակրթության  մասին» ՀՀ օրենքում լրացումներ և  փոփոխություններ  կատարելու մասին օրենքի  ընդունումից  հետո  ներառական  կրթությունը  դարձավ համընդհանուր  և պարտադիր  բոլոր ուսումնական հաստատությունների  համար:

Հաշմանդամություն ունեցող երեխաները, որքան էլ դժվարությամբ են ներառվում դպրոցում, մեծ ու կարևոր ազդեցություն են թողնում մյուս աշակերտների հոգեբանության վրա: Նրանց հետ  շփումը աշակերտներին ջերմացնում է, ավելի բարյացակամ դարձնում: Համընդհանուր  ներառական  կրթությունը  ուսուցիչներին հնարավորություն է տալիս աշխատել տարբեր կարիքներ ունեցող  երեխաների հետ, ովքեր իրենց հերթին փոխում են ուսուցչի աշխատելաոճը, ավելի աշակերտակենտրոն դարձնում, ուսուցիչները սկսում են ինքնակրթվել և հասնել առավել  ճկունության, որը թույլ կտա դասավանդել առավել ճիշտ  մոտեցումներով և մեթոդներով:

Համընդհանուր  ներառական կրթությունը Հայաստանում  նոր ծլարձակող ծաղիկ է, որին  պետք է ապահովել ճիշտ  ջերմություն ու մթնոլորտ, ճիշտ սնուցում տալ բույսին, որպեսզի ստանանք  այդքան  ցանկալի  ծաղիկը՝ շողշողուն ու պայծառ գույներով:

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ ամենօրյա իրենց աշխատանքով կամաց – կամաց մշակում ու  պատրաստում են այն հողը, որի  վրա  պետք է հասունանան ապագայի պտուղները, և որից  պետք  է այսօր և հետագայում օգտվեն խնդիրը կրող  երեխաները, երիտասարդները, մեծահասակները, նրանց խնամակալներն ու ծնողները: Նրանք հետևում են, որպեսզի ընդունված օրենքը իրականում էլ  դառնա համընդհանուր, կիրառվի  իր  բոլոր կետերով և դպրոցները ունենան մասնագետներ, ովքեր  կկարողանան  ապահովել որակյալ կրթություն:

Այս թեմայով զրուցելու համար  հերթական այցս «Մենք  կարող  ենք» մտավոր խնդիրներ ունեցող երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների  շահերի պաշտպանության  հասարակական կազմակերպությունում էր, որտեղ զրուցեցի կազմակերպության նախագահ Արմինե Սահակյանի և շահերի պաշտպան Արմինե Ավագյանի հետ, ովքեր իրենց փորձով ու մտահոգություններով կիսվեցին և լսելի դրաձրեցին հաշմանդամության ձայնը:

Դանիայի արտաքին գործերի նախարարության, «Առաքելության  արևելք», «Հույսի կամուրջ» և «Սկարպ» կազմակերպությունների աջակցությամբ «Լսելի դարձնել հաշմանդամության ձայնը»  ծրագրի շրջանակներում 2013թվականի հուլիսին ստեղծվեց կազմակերպությունը՝  հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների և հաշմանդամություն ունեցող երիտասարդների կողմից:

«Մինչ կազմակերպության ստեղծվելը  մենք  «Հույսի կամուրջ » ՀԿ-ի  ծնողական  ակտիվ խմբից ենք եղել, վերապատրաստվել էինք որպես  սեմինարավար ծնողներ, և  արդեն իսկ սեմինարներ էինք վարում  ներառական կրթության դպրոցներում ու ծնողական փոխօգնության խմբերում: Մինչև կազմակերպության ստեղծվելն էլ  ակտիվ ենք եղել, բայց «Մենք կարող ենք»-ով մեր աշխատանքը ավելի  նպատակային դարձավ»– նշեց Արմինե  Սահակյանը:

Կազմակերպությունը զբաղվում է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների, երիտասարդների  ու  նրանց ծնողների հետ՝ «Իրազեկված ես, ուրեմն  պաշտպանված ես» նշանաբանով: Կազմակերպության ծրագրերը ուղղված են հենց մտավոր խնդիրներ  ունեցող անձանց մասին  տեղեկատվության բարձրացմանը, մանկապարտեզում, դպրոցում, հասարակության մեջ նրանց  զբաղեցրած դերի, կարևորության ճիշտ գնահատմանը:Աշխատելով ծնողների հետ՝ մասնագետների օգնությամբ փորձում են հնարավորության սահմաններում ապահովել ծնողների տեղեկացվածությունը իրենց երեխաների հետ ճիշտ աշխատանքի, իրավունքների մասին: Ցավոք  դեռ չկա հստակ վիճակագրություն, թե Հայաստանում քանի երեխա կա, ովքեր ունեն մտավոր  խնդիրներ: Դա խոչընդոտում  է հասարակական կազմակերությանը՝ առավել նպատակային դարձնելու իրենց  աշխատանքը: Տվյալների բազան այժմ լրացվում է զուտ անձնական կապերի միջոցով, կամ էլ ՏԻՄ-երի  հետ համագործակցությամբ: Ծրագրեր իրականացնելու հետ կապված դժվարություններ է առաջացնում նաև մտավոր խնդիրներ ունեցող երեխաների  հետ  աշխատանքի փորձ ունեցող մասնագետների  պակասը: Մանկաբույժները, հոգեբանները  շատ են,  բայց այս ուղղությամբ փորձվածները փոքր տոկոս են կազմում նրանց շարքերում:

Ծնող-սեմինարավարները նշում են, որ կարևոր է գիտակցության փոփոխությունը ուսուցիչների, դաստիարակների ու, առհասարակ, հասարակության շրջանում: Միայն գիտակցության փոփոխությունն է, որ  կարող է խթան դառնալ մատչելիության զարգացմանը՝ ոչ միայն ֆիզիկական առումով: Այն, ինչ կարող է և իրավունք ունի անել ցանկացած երեխա, վերաբերում է  նաև  մտավոր  խնդիրներ  ունեցող երեխաներին:

«Հաշմանդամություն չունեցող երեխաների չափից շատ ակտիվությունը  ընդունվում է, որ նա  մի քիչ  չար է, իսկ  ունեցողինը՝  նա վտանգավոր է». Արմինե  Ավագյան:

Կազմակերպության ղեկավարը, ով նաև հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող է, սեփական  փորձով է ներկայացնում խնդիրը կրող երեխայի ծնողի մտածմունքները նրա հասունացման, ամուսնության մասին.

«Երբ երեխաս փոքր  էր, մտածում  էի, որ  առաջընթաց է նրա  դպրոց  գնալը: Երբ  դպրոց գնաց, մտածում էի, որ 4 տարին բավական կլինի: Երբ  անցավ այդ  4   տարին, հասկացա, որ նա բոլորի պես զարգանում է, նրա  մոտ  առաջընթաց  կա  ու  մինչև  վերջ կարող է գնալ: Հետո մտածում էի՝ պարտադիր չի, որ  շարունակի  ուսումը, մասնագիտություն  ունենա, մենք էլ կարող ենք  իրեն  ապահովել: Բայց  հիմա  այլ  ձևով  եմ  մտածում, որ  կարող  է նաև  մասնագիտություն ստանալ, իսկ ամուսնանալը դրա  շարունակությունն  է , քանի որ դա  ապագայի  հարց  է:  Ես՝  որպես  ծնող , հասկացա , որ  ներկայով  պետք է ապրենք, նպաստավոր  պայմաններ ստեղծենք այսօրվա  համար, իսկ  դա իր մեջ ներառում է, որ  երեխային  տանք  հնարավորություն  զարգանալու իր  տարեկիցների, խմբակիցների  հետ: Մնացածն արդեն ժամանակը  ցույց  կտա,  երեխան  ինքը  կընտրի  սիրահարվի, թե՝ ոչ, ամուսնանա,  թե՝ ոչ»:

Մանկապարտեից  սկսած՝ այն  խմբերում, որտեղ  կան  հաշմանդամություն ունեցող երեխաներ, երեխաների  վերաբերմունքը  այլ  է՝  հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ ավելի հանդուրժող են, միշտ պատրաստ օգնության: Ծնողներն  էլ, մանկավարժներն էլ  փաստում են, որ  երեխաների  ներառումը  անհրաժեշտ է և ավելի արդյունավետ, եթե  այն սկսվում է  մանկապարտեզից: Արդեն այդ  հասակից  երեխաների  մոտ  ձևավորվում է շփումը իրենցից  որոշ  չափով տարբերվող  երեխաների հետ, նրանք  կարողանում են  ավելի հանդուրժող լինել և մեծանալով հաշմանդամությունը  չեն դիտարկում որպես էկզոտիկ ինչ- որ երևույթ:

Իզուր  չի ասված ՝ փոքրերը  միշտ  փնտրում են  նմանություններ, իսկ  մեծերը՝ տարբերություններ:

Ոչ  մի տարբերություն չպիտի լինի մտավոր խնդիրներ  ունեցող երեխաների  և  մյուս  երեխաների  միջև:  Կազմակերպությունն իր  գաղափարախոսության  մեջ  բացառում է  «մտավոր  հետամնացություն» տերմինը, քանի որ այն  ինքնըստինքյան  բացասական վերաբերմունք  է  ստեղծում խնդիրը  կրողների  հանդեպ: Ներառական կրթության  կազմակերպումը  այս  ուղղությամբ  բավականին բարդ և ժամանակատար  աշխատանք է: Այդ  ընթացքում քանի – քանի երեխաներ  կզրկվեն  կրթությունից:

Այժմ կարևոր  խնդիրներից է ռեսուրս  կենտրոնների կայացումը հատուկ դպրոցներում, որոնց կկցվեն համայնքների  դպրոցները, մանկապարտեզներն ու նրանից անընդհատ աջակցություն  ստանան, ուսուցիչներին  ուղղություն  ցույց տան: Ամեն երեխայի  հետ նոր կարիք է  ծնվում, իսկ  ռեսուրս  կենտրոններում վերապատրաստված մասնագետները  կկարողանան  ճիշտ կողմնորոշվել երեխայի հետ աշխատելու հարցում: Վերապատրաստումներն էլ իրենց հերթին  պետք է ունենա  շարունակական բնույթ, լինեն տարբեր ուղղություններով՝ մեթոդաբանություն,  հոգեբանություն: Մեկ  անգամ  վերապատրաստելով  ուսուցիչը չի կարող ձեռք  բերել դաս վարելու , երեխաների հետ հավասար  աշխատելու հմտություններ, նրան անընդհատ  օգնություն  ու  խորհուրդներ են  պետք:

«Մեզ պետք են որակյալ մասնագետներ, ովքեր իրենց ճիշտ տեղում են և գործում են օրենքի սահմանում»:

Երեխաներին պետք  է  հնարավորություն  տրվի մեծանալ ու զարգանալ իրենց հասակակիցների հետ, իրենց խմբում, որը միակ ճանապարհն է նրանց զարգացման ու հասարակության մեջ ներառման:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Գրիգորյան