Մեր հունիսմեկյան միջոցառումը

Հունիսի 1-ը նշանավորվել է ոչ միայն ամռան առաջին օրը լինելով, այլև երեխաների պաշտպանության միջազգային օրվա շնորհիվ: Երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո, պաշտպանության, և այդ հարցում մեծ է հատկապես ծնողների դերը: Հայաստանում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան, բայց  հաճախ հաշմանդամություն ունեցող երեխաներն անմատչելի միջավայրի և խտրական վերաբերմունքի պատճառով դուրս են մնում: Հետևաբար «ԷԽՈ» աջակցման կենտրոնը փորձում է լրացնել այդ բացը՝ ամեն անգամ կազմակերպելով բազմաթիվ հետաքրքիր ու գեղեցիկ միջոցառումներ այն երեխաների համար, ովքեր ունեն հաշմանդամություն: Պետք է գիտակցենք, որ բոլոր երեխաները՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող, ծնվում են ազատ ու հավասար` ունենալով իրենց անհատական և ուրույն դերը:

Այս տարի  ևս «ԷԽՈ» աջակցման կենտրոնը տոնեց հունիսի 1-ը՝ «ԷԽՈ» ՀԿ գրասենյակի հարակից այգում: Միջոցառմանը ներկա էին  «ԷԽՈ» աջակցման կենտրոնի օժանդակության տակ գտնվող 100 հաշմանդամություն ունեցող երեխաներն իրենց ծնողների հետ, որոնց ուրախ ու տոնական ժամանցը ապահովեց «ԷԼ-ՄԱՐ» կինոստուդիայի թատերախումբը: Իսկ միջոցառման ավարտին ներկա գտնվող 100 հաշմանդամություն ունեցող երեխաները ստացան նվերներ:

«ԷԽՈ» աջակցման կենտրոնի ողջ անձնակազմը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր հովանավորներին ու գործընկերներին, ովքեր մեծահոգաբար աջակցում են: Հատուկ շնորհակալություն Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին՝ տարածքը մեզ մեծ սիրով տրամադրելու համար նաև   «ԷԼ-ՄԱՐ» կինոստուդիայի թատերախմբին՝ հունիսմեկյան այս գեղեցիկ օրը ավելի գեղեցկացնելու և երեխաներին ուրախացնելու համար:

Միջոցառման բոլոր լուսանկարները կարող եք դիտել պատկերասրահում: