Հոգեբանի դերը հաշմանդամություն ունեցող անձանց առօրյայում

«Կին գիտնականների միավորում» ՀԿ-ում «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոն ծրագրի շրջանակներում հիմնադրվում է «Երիտասարդաց ակումբ» հաշմանդամություն ունեցող անձանց համար, որի նպատակն է ստեղծել մի տարածք, որտեղ նրանք կկարողանան հանդիպել միմյանց հետ, շփվել և ստանալ աջակցություն հոգեբանների կողմից:

Ծրագրի համահեղինակ հոգեբան Անդրանիկ Բաբայանի կարծիքով սա լավագույն հնարավորությունը կլինի բացահայտելու հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները, ստեղծելու մի տարածք, որտեղ նրանք կարող են ներկայացնել իրենց գաղափարները, քննարկել և հետագայում միմյանց օգնելով փորձել իրականություն դարձնել դրանք:

ՀԿ-ի նախագահ հոգեթերապևտ, միջազգային ստանդարտներով վերապատրաստված հոգեբան Արմինե Ավագյանը պատրաստվում է հանդիպումների ընթացքում անցկացնել նաև հոգեշտկողական աշխատանք:

Ձևավորվող ակումբում տարբեր թեմաներով քննարկումներ կանցկացվեն: Կազմակերպիչներն առաջինը կանգ են առել կին–տղամարդ հարաբերությունների վրա, որը շատ կարևոր խնդիր է հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում: Իրենց կարգավիճակը հաշվի առնելով՝ շատերը կարծում են, որ չեն կարող ստեղծել ընտանիք, սակայն դա այդպես չէ: Այս հարցերի շուրջ քննարկումներ կանցկացվեն ու հոգեբանի կողմից աջակցություն կստանան ակումբի անդամները: Սեպտեմբերից նախատեսվում է անդրադառնալ այլ թեմաների` հաղորդակցում, ինքնաներկայացման հմտություններ և այլն:

6000 դրամ անդամավճարը հովանավորներ չունեցող ծրագրին թույլ կտա հոգալ որոշ կազմակերպչական խնդիրներ և ապահովել մասնակիցների հաճելի ընդմիջումները:

Կազմակերպիչների առջև ծառացած խնդիրներից մեկն այն է, որ նրանց չի տրամադրվում տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց մասին, որը թույլ չի տալիս կապ հաստատել ծրագրի հավանական շահառուների հետ:

– Դպրոց, հետո համալսարան հաճախող անձիք շփումներում արդեն մեկուսացումից դուրս են գալիս, բայց նրանք, ովքեր մի քանի տարի տանն են մնում, արդեն ունենում են հոգեբանական խնդիրներ շփումների հետ կապված: Նրանց առհասարակ դժվար է համոզել , որ այցելեն այսպիսի ակումբներ ,- ասում է Արմինե Ավագյանը և հավելում,- մեր նպատակը հենց այն է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակը բարելավենք ինչքանով որ դա հնարավոր է հոգեբանական միջոցներով:

Կազմակերպիչների նպատակն է պիլոտային ծրագիրը իրականացնելուց հետո ընդլայնել աշխատանքները:

Սկզբնական շրջանում ծրագիրն իրականացվելու է ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց շրջանում, քանի որ ակումբի ձևաչափով նպատակահարմար է հենց նրանց հետ աշխատանքը:

Հոգեբանի դերի ճանաչման ու գնահատման համար կազմակերպությունը նախատեսում է նաև տարբեր անվճար դասընթացներ, որոնք մարդկանց հնարավորություն են տալիս ճանաչել հոգեբանի աշխատանքը, հասկանալ, որ հոգեբանական աջակցությունը կարող է վերափոխել կյանքի որակը դժվարության ժամանակ:

Ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել` ք. Երևան, Վիկտոր Համբարձումյան 47, բն. 79 հասցեով կամ զանգահարել (011) 96.10.10 հեռախոսահամարին:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Գրիգորյան