Հայաստանում ինչպե՞ս և որտե՞ղ են հանգստանում հաշմանդամություն ունեցող անձիք

Երեկ՝ օգոստոսի 23-ին, «Երկու երես» ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի նպատակն էր ներկայացնել և անդրադառնալ այն թեմային, թե Հայաստանում ինչպե՞ս և որտե՞ղ են հանգստանում հաշմանդամություն ունեցող անձիք: Արդյոք ստեղծվա՞ծ են նրանց համար հանգստի հավասար և մատչելի պայմաններ, խնդիրների լուծման տարբերակներ:

Թեման մեկնաբանեցին «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը և հոգեբան Աննա Բադալյանը՝ ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց ներառական հանգստի և ժամանցի իրավունքը:

Սերյոժա Օհանջանյանը հետևյալ կերպ մեկնաբանեց հայաստանյան իրավիճակը.

«Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 8000 երեխա և ավելի քան 27000 երիտասարդ։ Ամառային հանգիստը շատ դեպքերում նրանց չի վերաբերվում, քանի որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հանգստի որևէ պետական ներառական ճամբար չի գործում։ Երբ մենք պետական գերատեսչություններին հայտնում ենք մեր մտահոգությունը, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական ճամբար կամ հանգստի տուն չկա, նրանք մեզ հանգստացնում են, որ կկառուցեն հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ճամբար, բայց, այնուամենայնիվ, խնդիրը դրանով չի լուծվում: Եթե հաշմանդամություն ունեցող անձիք ունեն նույն իրավունքներն, ինչ մյուս բոլոր մարդիկ, ապա դա նաև վերաբերվում է բոլոր բնագավառներին՝ այդ թվում նաև հանգստին ու ժամանցին: Ուստի կարևոր է, որ մասնավոր սեկտորը տեսնի պետական օրինակներ, քանի որ օրինակներ չտեսնելով քայլեր չի ձեռնարկի»:

Ընթացքում հոգեբան Աննա Բադալյանը ներկայացրեց հանգստի կարևորությունը հոգեբանության տեսանկյունից.

«Ֆիզիկապես մարզումների ու աշխատանքների որոշակի տեսակներ հասանելի չեն հաշմանդամություն ունեցող մարդու համար, սակայն եթե նա վստահ է իր ուժերին եւ կամքի ուժ ունի, անպայման կգտնի իր տեղը: Կարեւոր է, որ պետությունը իր պարտականությունները կատարի օրենքի սահմաններում՝ դա չնույնացնելով բարեգործության հետ, ինչն էլ կնպաստի, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կկարողանան հաղթահարել իրենք իրենց եւ կգտնեն իրենց տեղը հասարակության մեջ: Այնուհետև ավելացրեց, որ, չնայած նրան, որ Հայաստանում չկան դեռևս ներառական ճամբարներ, այստեղ արդեն քայլեր են ձեռնարկվում հաշմանդամություն ունեցող անձանց ներառել հասարակական կյանք: Վերջերս հասարակական կազմակերպությունները ավելի ու ավելի հաճախ են տարբեր միջոցառումներ իրականացնում հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչը շատ գովելի է»:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի լրագրող՝ Միլենա Խաչատուրովա

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s