Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում և իրականացնում է ծխախոտի ու ծխախոտային արտադրատեսակի օգտագործման և առողջության վերահսկման ու առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված՝ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիր։ Տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով պետական ծրագրից, ևս մշակում և իրականացնում են ծրագրեր, բայց ինչպես պետական, այլև ոչ պետական ծխախոտի դեմ պայքարի ծրագրում չեն ներառում հաշմանդամություն ունեցող անձանց: Արդյունքում հաշմանդամություն ունեցող ավելի քան 190 000 անձ դուրս է մնում, քանի որ անմատչելի միջավայրի և խտրական վերաբերմունքի պատճառով զրկված են տեղեկատվություն ստանալու և իրազեկված լինելու տարրական հնարավորություններից, բացի այդ նրանք կազմում են բնակչության սոցիալապես առավել անապահով խավը:
Ցավոք, պետք է նշենք, որ մեր դիտարկմանբ մինչ օրս ծխախոտի դեմ պայքարի որևէ ծրագրում չեն ներառել հաշմանդամություն ունեցող անձանց և առկա հակածխախոտային օրենսդրական դաշտի անկատարությունն է, որ նրանում հաշմանդամություն ունեցող անձիք ներառված չեն:
Սա պետք է դառնա լրջագույն մտահոգության առարկա թե՛ Հայաստանի գործող իշխանությունների, թե՛ երկրի ողջ քաղաքացիական հասարակության համար, նաև հասարակության բոլոր շերտերի համար, եթե իրապես անկեղծ ու սրտացավ ցանկություն կա մերօրյա պետականությունն առաջնորդել մարդասիրական և առաջադիմական արժեքներով ու գաղափարներով:
Ուստի գիտակցելով վերոնշյալ խնդրի լրջությունը՝ «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկումը ծխախոտի օգտագործման և վնասակար ազդեցության մասին» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:
Ծրագիրը նպատակ ունի ոչ միայն իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց, այլև շահերի պաշտպանության և լոբբինգի միջոցով հակածխախոտային ծրագրերում ներգրավել հաշմանդամություն ունեցող անձանց՝ փորձելով լրացնել այդ բացը և ստեղծելով նոր օրինաչափություն ծխախոտի օգտագործման և հաշմանդամություն ունեցող անձանց երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների ընկալման վերաբերյալ: