Գալիք տարին լինելու է իրավահավասարության տարի…

Մենք կձգտենք, որ 2016 թվականը լինի հաշմանդամություն ունեցող
անձանց համայնքային ներառման և իրավահավասարության տարի… 

IMG_0325«ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ողջ անձնակազմը ի սրտե շնորհավորում է բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ գալիք 2016 թվականը լինի բարության և առաքինության հաղթանակի տարի, նորանոր ձեռքբերումների և բազում հաջողությունների տարի մեր ժողովրդի համար, թող, որ բոլոր ջանքերն ու ներդրումները լինեն արդարացված և, որ ամենակարևորն է՝ խաղաղությունը թևածի մեր հայրենիքում: Մաղթում ենք, որ սեփական ուժերի հանդեպ վստահությունն էլ ավելի բազմապատկվի և մեր բարի կամքի դրսևորմամբ լուրջ օրինակ հանդիսանանք միմյանց համար։ Եվ անկասկած, այս դեպքում յուրաքանչյուր նոր տարի հաստատապես մերը կլինի:

Մենք 2016 թվական ենք մտնում՝ քաջ գիտակցելով, որ խնդիրների պակաս չենք ունենալու, սակայն, միաժամանակ դրանց լուծման հանդեպ ունեցած մեր մեծ վստահությամբ: 2016 թվականը լինելու է տքնաջան աշխատանքի տարի, նոր ու համառ ջանքերի, կարծրտիպերի դեմ հետևողական պայքարի տարի: Եվ պիտի խոստովանենք, որ հաշմանդամության ոլորտում իսկապես բացերը դեռ շատ-շատ են, անելիքները նույնպես:

2016 թվականը լինելու է նաև հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ներառման և իրավահավասարության հետագա ամրապնդման և իրականացման ուղղությամբ նոր քայլերի տարի: Անշուշտ, այն, ինչ այսօր պակաս է, վաղը մեր ջանքերով անկասկած լրացվելու է:

«ԷԽՈ» իրավապաշտպան ՀԿ-ն կատարելագործում է ծրագրային համակարգերը, և նոր տարում այն աշխատելու է առավել արդյունավետ՝ ի նպաստ հաշմանդամություն ունեցող անձանց: Փոփոխությունները շարունակվելու են, և դրանց արդյունքերն ավելի տեսանելի կլինեն:

Ամանորն առաջին հերթին ընտանեկան տոն է, որն առանձնահատուկ է հատկապես այն օջախներում, որտեղ փոքրիկներ կան: Տոնի կապակցությամբ դեկտեմբերի 26-ին «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունն իր օժանդակության տակ գտնվող 100 հաշմանդամություն ունեցող երեխաների համար պատրաստել էր նվերներ, որոնք էլ հանձնեցին Ձմեռ պապը և Ձյունանուշը: Իսկ վերջում, սպասվածի համաձայն, կազմակերպվեց հյուրասիրություն: Վերջում, ամփոփելով տարին՝ մաղթում ենք մեր երեխաներին և նրանց ծնողներին ամուր կամք և առողջություն: Թող, որ նրանք լինեն ուրախ, առողջ, ժպտերես, ծնողների կողքին՝ շրջապատված լինելով ընտանեկան ջերմությամբ և սիրով:

Նշենք նաև, որ 2016-ը ևս լինելու է անակնկալներով լի: Մինչ նոր հանդիպում…

Սիրով և հարգանքով՝ «ԷԽՈ» ՀԿ