Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: Հայտնի է այն միտքը, որ մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է: Հետևաբար պետք է շարունակ լցնել ու հարստացնել գիտելիքների պաշարը`ձգտելով ինքնազարգացման և հոգու կատարելության: Սրտանց շնորհավորում եմ բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին՝ մաղթելով հաջողություն կյանքի բոլոր փուլերում:
Ուրախությամբ կարող ենք փաստել, որ Հայաստանում վերջին տարիներին ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր գիտակցում են, որ այն հասարակությունը, որը ներառում է հաշմանդամություն ունեցող երեխաներին, լավագույնն է: Ներառական դպրոցներում սովորելը անցագիր է դեպի այն հասարակություն, որտեղ յուրաքանչյուր անդամը՝ անկախ հաշմանդամությունից, ունի հավասար հնարավորություններ ու մասնակցում է Հայաստանի ապագայի կերտմանը:
Չպետք է մոռանալ, որ երբ կրթությունը ներառական է, ապա դրանից շահում են երեխան, ընտանիքը, պետությունը և հասարակությունը։ Ներառական կրթությունը պետականորեն արժևորելով գիտելիքն ու գիտելիքներով հարուստ անհատին` առավել հզորացնում է մեր պետության հիմքերը, միաժամանակ մրցունակ դարձնելով նրան համաշխարհային ժամանակակից զարգացումների համատեքստում: Լիահույս եմ, որ ուսումնական այս տարին, ինչպես և նախորդ բոլոր տարիները, լինելու է կրթության ներառականության հիմքերի խորացման և վերարժևորման տարի:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և նվաճումներ:
Մեծագույն հարգանքներով՝
Սերյոժա Օհանջանյան
«ԷԽՈ» ՀԿ նախագահ