Ինստիտուցիոնալացման վնասները․ «Օշական» վերականգնողական կենտրոնի փակումը

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ խորհրդարանը ընդունեց 58 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ըստ որի, որոշվեց, որ պետական բաժնեմաս ունեցող 47 օբյեկտներ կդրվեն աճուրդի և կմասնավորեցվեն։ Մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում են նաև որոշ բժշկական կենտրոններ, որոնց թվում` «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնը։ Մինչ օրինագծի հաստատումը, այս կենտրոնի մասնավորեցմանը ընդդիմացել էին կենտրոնից օգտվող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները։

«Օշական» կենտրոնում ամեն տարի ստացիոնար վերականգնողական բուժում է ստանում հաշմանդամություն ունեցող 130 երեխա: Նրանք այստեղ են գալիս երկրի բոլոր մարզերից, այդ թվում՝ Երևանից: Յուրաքանչյուր երեխա կենտրոն է գալիս տարեկան 2-3 անգամ:
Առողջապահության նախարարությունը հիմնավորում է, որ չի կարող վերանորոգել կենտրոնը՝ առաջարկելով հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղորդվել Կոշի վերականգնողական կենտրոն։

Միգուցե, հիվանդանոցների և վերականգնողական կենտրոնների մասնավորեցման արդյունքում ի հայտ եկող խնդիրներն այնքան էլ ճչացող չլինեին, եթե Հայաստանում մատուցվեին համայնքային նորմալ ծառայություններ։ Մյուս կողմից Կառավարությունը պետք է օգնի ընտանիքներին հոգ տանել իրենց երեխաների մասին՝ ծառայությունները հաստատություններից տեղափոխելով համայնքներ, որտեղ ընտանիքները կկարողանան օգտվել դրանցից։ Դա տնտեսապես ավելի արդյունավետ է, ընդ որում կարևոր է այն, որ դա պաշտպանում է երեխաներին ինստիտուցիոնալացման վնասներից:

Մինչդեռ, հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման, վերականգնման խնդիրներն առավել քան խորքային են, քան պատկերացնում ենք ընդհանրապես։ Հայաստանում վերականգնողական կենտրոնների պակասի և մատուցվող ծառայությունների անմատչելիությունը հանգեցնում են այն բանին, որ մանկատներում և այլ հատուկ հաստատություններում գտնվող երեխաների մեծամասնությունն հայտնվում են այնտեղ առաջնահերթ, հենց հաշմանդամության խնդրով պայմանավորված կամ աղքատությամբ և այլ խոցելի հանգամանքների պատճառով, ինչը նրանց ընտանիքների համար լուրջ դժվարություն է ստեղծում իրենց երեխաների մասին հոգ տանելու հարցում: Իսկ իրականում, Հայաստանում խնամքի տակ առնված երեխաների 90 տոկոսն ունեն առնվազն մեկ ծնող:

Չնայած նրան, որ իշխանությունները պարտավոր են սեփական ընտանեկան միջավայրից զրկված երեխաներին այլընտրանքային խնամքով ապահովել, այդուհանդերձ, երկարաժամկետ ինստիտուցիոնալ խնամքը ընտանիքակենտրոն խնամքին պատշաճ փոխարինող այլընտրանք չէ որևէ երեխայի համար, անկախ նրանից, թե նա ունի հաշմանդամություն, թե ոչ: Ինչ խոսք, նույնիսկ լավագույն ռեսուրսներով հագեցած հաստատությունները չեն կարող փոխարինել ընտանիքին, սակայն չի կարելի նաև փակել հաշմանդամություն ունեցող երեխաների առողջական վերականգնման համար այնքան կարևոր հաստատությունը՝ Օշականի վերականգնողական կենտրոնը, համարելով այն «հնամաշ» և որպես արդարացում, մատնանշելով Կոշի կենտրոնի առկայությունը։ Տվյալ պարագայում, սա հնչում է որպես սարկազմ, ցինիկ հեգնանք հաշմանդամություն ունեցող երեխաների, նրանց ընտանիքների նկատմամբ։ Ահավասիք, ակնհայտ է, որ որքան խնդիրներն ավելանում և խորանում են, այնքան պետբյուջեից հատկացումներն այս խնդիրների լուծմանը սահմանափակվում են։

Այդուհանդերձ, այս քայլով Հայաստանի կառավարությունը հակասում է իր իսկ հստակ դիրքորոշմանը, որն ուղղված է բեռնաթափմանը և երեխաների համար ընտանիքի վրա հիմնված խնամքին առաջնահերթություն տալուն։ Կառավարությունը պետք է լիովին և հետևողականորեն կատարի այս պարտավորությունները այնպիսի եղանակով, որը լիարժեքորեն կհարգի ընտանիքների և երեխաների, այդ թվում, հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները և կբավարարի նրանց կարիքները վերականգնողական կենտրոնների մատչելիությամբ և համահավասարությամբ։

Մեծագույն հարգանքներով՝
Սերյոժա Օհանջանյան
«ԷԽՈ» ՀԿ նախագահ

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s