Ազատ տեղաշարժման իրավունքի խախտում կամ տարրական էթիկայի բացակայություն

Դիտարկելով քաղաքացու բողոքը՝ 12 համարի (1337 պետհամարանիշ) երթուղու վարորդի կողմից կոպիտ և խտրական վերաբերմունքի մասին, միանշանակ, դատապարտում ենք նման քայլը։

Մեջբերում ենք քաղաքացի՝ Հասմիկ Սողոմոնյանի խոսքերը․- «Այսօր աղջիկս թոռնիկիս հետ՝ հաշմանդամի սայլակով մոտեցել են 12 համարի երթուղու սկզբում կանգնած 1337 պետ համարանիշի կիսադատարկ երթուղայինին, բացել են դուռն ու չեն հասցրել բարձրանալ: Վարորդ կոչվածը դուռը բաց թողնելով քշել է ու գոռացել,-«Կարողա էս ձեր համար բեռնատար ա»: ՈՒզում եմ ասել այդ ԲԵՌ վարորդին, որ ոչ ոք ապահովագրված չէ հաշմանդամի սայլակին հայտնվելուց: ՈՒ թող որ այդ թուրք կենդանին իմանա, որ իր նման ոջիլները իրավունք չունեն ոտնահարելու հաշմանդամի ազատ տեղաշարժվելու իրավունքը»։

Ընդ որում, տատիկի հավաստմամբ՝ սայլակով երեխային ճանապարհում և դիմավորում են, բայց սայլակը չեն բարձրացնում երթուղային: Անմատչելիությամբ պայմանավորված անհարմարություններին գումարվում է մարդկային գործոնով պայմանավորված անհանդուրժողականությունը։ Եվ եթե, Երևանի քաղաքապետարանը չի կարող ապահովել մատչելի հասարակական տրանսպորտ հաշմանդամություն ունեցող անձանց համար, ապա կարող է գոնե, ապահովել բարեկիրթ և ընկալունակ վարորդներ, ովքեր չեն ոտնահարի քաղաքացու իրավունքները, բոլորի հետ հավասար ապրելու նրա պարզ ցանկությունը։

Այսպիսով, հանրային տրանսպորտի հարմարեցման հարցում Երևանի քաղաքապետարանի անգործության պատճառով ամեն օր խախտվում է հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտից անարգել օգտվելու իրավունքը, որն ամրագրված է ինչպես ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայով, այնպես էլ «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, որի 22-րդ հոդվածում հստակ նշվում է, որ չի թույլատրվում տրանսպորտային միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն:

Այդուհանդերձ, կարևորում ենք նշել, որ ՀՀ քաղաքացիների համար հավասար հնարավորություններ ապահովելը չի հանդիսանում որպես բարի կամքի դրսևորում կամ բարեգործություն, այլ պետք է հանդիսանա պարտականությունը պետության, տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանի։

Կարճ ասած, այն, ինչ պետք է պետությունը երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց համար, հատկապես երեխաների, այս դեպքում չի երաշխավորվում: Բայց այդ ինչպե՞ս է ստացվում, որ, երբ հեռուստատեսությամբ որևէ պաշտոնյայի կամ ճանաչված մեկին նույն տափակ հարցն են տալիս` «Ի՞նչ է արվել կամ արվում», որպես կանոն` պատասխանում է. «Տեսնողը տեսնում է, չտեսնողը՝ չի տեսնում»: Սակայն անգամ ոլորտի փորձագետները, այս պարագայում լավ իմաստով տեսանելի ոչինչ չեն արձանագրում, հակառակ պնդումներին, թե ամեն ինչ դեպի լավն է ընթանում։

Հ․Գ․ «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դեպքի վերաբերյալ գրավոր դիմել է Երևանի քաղաքապետարան՝ բացատրություն և ուղղիչ հրահանգ ստանալու ակնկալիքով։