Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը նշվում է 1992 թվականից՝ հաշմանդամություն ունեցող անձանց, հասարակության մեջ ներառումը խթանելու, զարգացմանն առնչվող հիմնախնդիրների շուրջ իրազեկվածությունը բարձրացնելու և աջակցությունը համախմբելու նպատակով: Կառավարությունները, ՄԱԿ-ի գործակալությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ակադեմիական ինստիտուտները և մասնավոր հատվածը խրախուսվում են համագործակցելու հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ՝ կազմակերպելու այդ օրվան նվիրված համալիր միջոցառումներ։
Այս տարի, «ԷԽՈ» կազմակերպությունը՝ ՀՀ Մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո, Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ, նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 3-ը իրականացրեց «Մշակույթը հանուն ներառման» մշակութային միասյակը։ Մշակութային միասյակն իր մեջ ներառում էր այցելություններ գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, որի շրջանակում, «ԷԽՈ» կազմակերպության հովանու տակ գտնվող շուրջ 200 հաշմանդամություն ունեցող երեխաներ հնարավորություն ունեցան առավել հաճախ գտնվելու մշակութային կենտրոններում և ներառվելու հասարակական կյանքին, որպես նրա լիիրավ անդամ։
Իրական հնարավորությունների ստեղծումը հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունների բացահայտման լուրջ նախադրյալ հանդիսացավ, իսկ դրա հավաստումը՝ նրանց տպավորությունների և ոգևորության մեծ արձագանքը։ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում, Երևանի Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում անցկացրած անմոռանալի պահերը երեխաների հիշողության մեջ դեռ երկար կապրեն։
Հասկանալի է, որ մշակութային շատ կառույցներ դեռևս հարմարեցման կարիք ունեն, սակայն հույս ունենք, որ աստիճանաբար խնդիրը կլուծվի և այն հարմարեցումնները, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, անշուշտ հարմար են և’ ծերերին և’ անգամ մանկասայլակով ծնողներին, ովքեր ողջ աշխարհում զբոսաշրջիկների և թանգարաններ այցելողների ամենամեծ մասն են կազմում:
Մշակույթային միամսյակը եզրափակվեց ներառական ներկայացմամբ՝ «Հույսի կամուրջ» ՀԿ թատերախմբի հետ համատեղ, Երևանի Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, սույն թվականի դեկտեմբերի 4-ին։ Չնայած միամսյակի ամփոփմանը, տեղեկացնենք, որ այն, ակամա, շարունակական բնույթ ստացավ և Երևանի խամաճիկների պետական թատրոնի 2017-2018 թվականի ամանորյա տոնական ներկայացումներին ևս, կազմակերպության հովանու տակ գտնվող շուրջ 200 երեխաներ մասնակցության հնարավորություն կունենան։