Հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ընտրություններին մասնակցելու առումով կրկին լրջագույն խոչընդոտներ կան

Հայաստանում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների կողմից ընտրություններին մասնակցելու առումով կրկին լրջագույն խոչընդոտներ կան ««ՀՀ ընտրական օրենսգիրք» հայաստանի հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծում։ Առաջարկել ենք հետևյալը․

Նախագծի հոդված 3-ի 2-րդ մասով ներկայացվող փոփոխությունն անհրաժեշտ է խմբագրել, քանի որ․

1․ ընտրության օրը գտնվելու վայրի համայնքում ընտրելու մեխանիզմը վերաբերում է ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին և իմաստ չկա տարանջատել հաշմանդամություն ունեցող ընտրողներին հաշմանդամություն չունեցող ընտրողներից։

2․անընդունելի է օգտագործել «սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձ» եզրույթը, և եթե խոսքը գնում է տեղաշարժվելու դժվարություն ունեցող անձանց մասին, ապա կարելի է օգտագործել հենց այդ եզրույթը

3․ Նպատակահարմար չէ, որ տեղաշարժվելու դժվարության մասին փաստը հավաստի հաշմանդամություն սահմանող մարմինը, քանի որ կան տեղաշարժվելու ժամանակավոր դժվարություն ունեցող անձինք, ովքեր չունեն հաշմանդամության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ։ Բացի այդ, նպատակահարմար չէ անձի տեղաշարժվելու դժվարության մասին եզրակացություն տրամադրի ԲՍՓ հանձնաժողովը, քանի որ մարզերում այդ հանձնաժողովները տարբեր օրերին տարբեր համայնքներում են գտնվում և անձի համար լրացուցիչ դժվարություն է ստեղծվում։ Բացի այդ էլ, միայն հաշմանդամության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը բավարար չէ, որ փաստվի անձի տեղաշարժման դժվարության մասին։

4․ Հաշմանդամության կարգ հասկացություն չկա, կա հաշմանդամության խումբ կամ հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ հասկացություն։

5․ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ կողմնորոշման հիշողության տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձինք, Հայաստանում ոչ մատչելի տրանսպորի և քաղաքաշինական միջավայրի պատճառով շատ դեպքերում հնարավրություն չունեն ազատ և անարգել տեղաշարժվել այլ վայրեր։

Այս հանգամանքներով պայմանավորված՝ Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ազգային ժողովի ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող, ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն, իսկ իրենց հաշվառման համայնքի այլ հասցեում քվեարկել ցանկացող տեղաշարժվելու դժվարություններ ունեցող ընտրողները (այդ թվում հենաշարժողական, լսողության, տեսողության, հիշողության, կողմնորոշման և այլ խնդիրներ) լիազոր մարմին պետք է ներկայացնեն նաև տեղաշարժվելու դժվարություն ունենալու վերաբերյալ բժշկական մասնագիտական եզրակացությունը՝ բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից ստորագրված և կնքված: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: Լիազոր մարմինը դիմողին այդ մասին տրամադրում է համապատասխան տեղեկանք: Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»։

Նախագծով առաջարկվող հոդված 9-ի 3-րդ մասի լրացումն ընդունելի չէ, խտրական է, քանի որ եթե չեն իրականացվում խելամիտ հարմարեցումներ բոլոր ընտրատեղամասերի և ընտրական գործընթացի հետ կապ ունեցող բոլոր նյութերի մատչելիությունը ապահովման համար, ապա կա շատ մեծ ռիսկ, որ հաշմանդամություն ունեցող անձիք այդպես էլ չեն կարողանա գտնել մատչելի տեղամասերի ցուցակում իրենց բնակության վայրին մոտ գտնվող տեղամաս։ Այս հանգամանքով պայմանավորված՝ առաջարկում ենք 17-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
5. Տեղական ինքնակառավարման մարմինները հաշմանդամություն ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում իրականացնում են այնպիսի խելամիտ հարմարեցումներ, որոնք չեն հակասի ՀՀ օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական նորմերին, տեղեկատվության ստանալու և ընտրելու իրավունքի իրացմանը։