Երեկ «ԷԽՈ» ՀԿ ներկայացուցիչները «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» ծրագրի շրջանակներում հյուրընկալվեցին Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան: Հանդիպեցին ուսանողության հետ: Սեմինար-քննարկմանը մասնակցում էին առաջինից մինչև հինգերորդ կուրսի մոտ 50 ուսանողներ: Սեմինարն անցավ պարզ, անմիջական և շահագրգիռ՝ ակտիվ քննարկման մթնոլորտում: 

Ուսանողական խորհրդի փոխնախագահ Վ. Կարապետյանը «ԷԽՈ» ՀԿ ներկայացուցիչներին ասաց, որ իրենց բուհն ունի թվով 50-ից ավել հաշմանդամություն ունեցող ուսանողներ, որոնք գտնվում են բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ ապահովելով հնարավորինս հավասար պայմաններ: Տեղեկացրեցին, որ բուհի ղեկավարությունը պարբերաբար այցելելով մարզեր և լինելով ավագ դպրոցներում, անցկացնում է մասնագիտական խորհդատվություն: Նաև այդ գործընթացին ներգրավում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, ինչն էլ հաճելիորեն ուրախացրեց «ԷԽՈ» ՀԿ ներկայացուցիչներին: Նշվեց նաև, որ հաշմանդամություն ունեցող ուսանողները բուհում մասնակցում են  կազմակերպվող բուհական բոլոր միջոցառումներին և չեն զգում որևէ խտրականություն իրենց նկատմամբ, չնայած այն բանին, որ բուհը անմատչելի է:

Սեմինար-քննարկման ժամանակ թե՛ «ԷԽՈ» ՀԿ փորձագետների, և թե՛ բուհի անձնակազմի կողմից ևս մեկ անգամ շեշտվեց, որ վերոհիշյալ խնդիրների ճանապարհին դեռևս գոյություն ունեն բավականին լուրջ խոչընդոտներ, կա քաղաքացիական գիտակցության պակաս:
Վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, մասնավորապես ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Գևորգյանին, ով ամեն ինչ արեց սեմինար-քննարկումը բարձր մակարդակով անցկացնելու համար:

Հավելենք, որ Motivation ծրագիրն իրականացվում է «Հույսի կամուրջ», «Սկարպ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների շնորհիվ` Դանիայիարտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի լրագրող՝ Արմենուհի Ղազարյան