Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բուհերում լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է սկսել մարդկանց մտածելակերպը փոխելով, անհրաժեշտ է, որպեսզի բուհերում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ պատշաճ վերաբերմունք դրսևորվի: Մեդիա կենտրոնում այսօր տեղի ունեցած քննարկման ընթացքում հայտարարեց «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը:
Քննարկմանը մասնակցում էին նաև «Հույսի կամուրջը» ՀԿ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան Ռուդոլֆ Զաբրոդինը, սոցիոլոգ Արմինե Ղազարյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Մելինե Նահապետյանը:
Սերյոժա Օհանջանյանի խոսքով, թեև Հայաստանը 2010 թվականին վավերացրել է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, այդուհանդերձ այս 4 տարիների ընթացքում էական առաջընթաց չի արձանագրվել նշված անձանց խնդիրների լուծման առումով: Բուհերում ոչ միայն չկան թեքահարթակներ, այլև լսողական կամ տեսողական խնդիրներ ունեցող անձինք լուրջ խնդիրների առջև են կանգնում համապատասխան գրականություն ձեռք բերելու առումով: Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան Ռուդոլֆ Զաբրոդինի փոխանցմամբ «բուհը ոչ պաշտոնապես հայտարարում է հաշմանդամին, որ վերջինիս չի կարող ապահովել կրթությամբ»:
Սոցիոլոգ Արմինե Ղազարյանն էլ նշեց, որ «վաղուց ժամանակն է հրաժարվել սովետական մտածելակերպից, երբ մարդիկ ամաչում են իրենց հաշմանդամ երեխաներից»: «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը շուրջ մեկ տարի է «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» ծրագրի շրջանակներում ուսումնասիրություն է իրականացնում բուհերում, որի նպատակն է վերհանել առկա խնդիրները և դրանց լուծման համար կոնկրետ առաջարկներ ներկայացնել պատկան մարմիններին:
Քննարկմանը մասնակցող ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Մելինե Նահապետյանի դիտարկմամբ բուհերում միայն թեքահարթակներ կառուցելով խնդիրները չեն լուծվի, ուստի առաջարկեց աշխատել ասենք երկու բուհի հետ, համատեղ մշակել համապատասխան ծրագիր: Մելինե Նահապետյանն իր առաջարկն ավելի որոշակիացրեց` նշելով. «քանի որ Հայաստանը միացել է Բոլոնիայի կրթական համակարգին, իսկ այդ համակարգում գործում է ազատ տեղաշարժվելու սկզբունքը, այսինքն հաշմանդամություն ունեցող ուսանողները որոշակի դասընթացներ կարող են անցնել մեկ այլ բուհում»: Այսինքն առաջարկվում էր մեկ կամ երկու բուհում սկսել իրականացնել մշակված ծրագիրը հետագայում շրջանակն ընդլայնելու հստակ մտադրությամբ:
«ԷԽՈ» հասարակական կազմակերպության նախագահի գնահատմամբ առաջարկն ընդունելի է և քննարկման ենթակա:
Այնուհետև աջակցության կենտրոնի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ դեկտեմբերի վերջին իրենք նախատեսում են հրապարակել կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ զեկույցը և առաջարկները, որոնք կներկայացնեն բուհերին և պետական այն կառույցներին, որոնք զբաղվում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով:
Հավելենք, որ Motivation ծրագիրն իրականացվում է «Հույսի կամուրջ», «Սկարպ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների շնորհիվ` Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: