Մարդկային հասարակության հիմնարար իրավունքներից մեկը հանդիսանում է ազատ և հավասար ընտրական իրավունքի առկայությունը, որը երաշխավորում է քաղաքացիների կամավորության և ազատության սկզբունքով։ Այս իմաստով, հաշմանդամություն ունեցող քաղաքացիների քվեարկության գաղտնիության ապահովման ու ազատ կամարտահայտման նպատակով պետությունն անհրաժեշտության դեպքում, և առհասարակ, պետք է լրացուցիչ հնարավորություններ ստեղծի, որպեսզի քաղաքացին երկրում գործող օրենքների շրջանակում սահմանափակված, կաշկանդված չլինի իր քաղաքացիական իրավունքներից օգտվելու առումով։ Ընտրական գործընթացների ընթացակարգին, քվեարկության վայրին, ընտրությանը վերաբերող նյութերի օգտագործմանը, մատչելիությանը, դյուրընկալությանը, համապատասխանությանը, քվեարկության վայրի պարզորոշմանը վերաբերող հարցերում պետությունը պետք է ստանձնի երաշխավորի դերը։ Ընտրությունների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց առումով պետության կողմից պետք է դյուրացվի օժանդակ տեխնոլոգիաների և նոր տեխնոլոգիաների կիրառումը։ Հաշմանդամություն ունեցող անձի խնդրանքով որևէ այլ անձի օգնությամբ իր ընտրությունը կատարելու, ընտրությունն առանց ահաբեկչության անցկացնելու հանգամանքը նույնպես պետք է երաշխավորվի պետության պատկան մարմինների կողմից։
Հայաստանում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների կողմից ընտրություններին մասնակցելու առումով լրջագույն խոչընդոտներ են հանդիսանում համապատասխան օրենսդրական դաշտի անկատարությունն ու բացակայությունը։ Այդ ցավալի հանգամանքը բացասականորեն է ազդում նաև հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի վրա։
Հայաստանում շուրջ 200․000 հաշմանդամություն ունեցող անձանց համար թեև տեղի են ունեցել որոշակի բարեփոխումներ, սակայն նրանց համար ընտրկան գործընթացները շարունակում են մնալ ոչ ներառական։ Այս հարցում պատշաճ հնչեղություն չունեցավ նույնիսկ 2016թ․-ի մայիսի 25-ին ընդունված նոր ընտրական օրենսգրքի ընդունման փաստը, որտեղ նախատեսված էր քայլեր ձեռնարկել ընտրական համակարգի մատչելիության ու ներառականության ապահովման ուղղությամբ։
Հայաստանի տարածքում գործող հաշմանդամություն ունեցող անձանց «Էխո» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հանձն է առել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացների մասնակցային ներառականությունն ու մատչելիությունը։
Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացների մասնակցային ներառականության ու մատչելիության ապահովման տեսանկյունից այս հետազոտությունը բացառիկ նշանակություն ունի։
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
«Էխո» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2016թ․-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախաձեռնեց գնահատման ենթարկել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ընտրական գործընթացների մասնակցային ներառականության ու մատչելիության հիմնախնդիրները։ Մշակվեց հիմնախնդիրների լիարժեք ուսումնասիրությունը միտված այս մեթոդաբանությանը։
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Ընտրական գործընթացների մասնակցային ներառականության ու ֆիզիկական մատչելիության գնահատումը Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար։
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հետազոտական խմբի կողմից նշված նպատակների իրականացման համար կարևորվել են հետևյալ խնդիրների լուծումները․
- Ընտրական գործընթացների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրում,
- Ընտրական գործընթացների գնահատման իրականացում հաշմանդամություն ունեցող անձանց համար,
- Ընտրական գործընթացների մասնակցային ներառականության ու ֆիզիկական մատչելիությանը վերաբերող շահագրգիռ կարծիքների ուսումնասիրության կազմակերպում,
- Ընտրական գործընթացներին հաշմանդամություն ունեցող անձանց պատրաստակամության ու կողմնորոշման գնահատում,
- Հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածության և ընտրական գործընթացներին վերաբերող հանրային կարծիքների ու դիրքորքշումների համակողմանի ուսումնասիրություն,
- Ընտրական գործընթացներին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության ժամանակ հանդիպող հիմնական խոչընդոտների և մարտահրավերների բացահայտում,
- Ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածության ապահովմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածության ապահովմանն ուղղված ուսումնասիրվող խնդիրների գնահատման նպատակով իրականացվել են սոցիոլոգիական՝ որակական, քանակական մեթոդներ, դիտարկում, վիճակագրական տվյալների հավաքագրում հետազոտության նպատակի արդյունավետ իրագործման համար։
2016թ․-ի հուլիսի 2-ից կիրառման մեջ է մտել ընտրական նոր օրենսգիրքը, որը ստեղծվել է գաղտնիության պայմաններում և որում ներառական, համակարգային փոփոխություններ էին նախատեսված։ Ընդ որում, օրենսգրքի նախագիծը դիտմամբ ուշացումով է հանձնվել հասարակության դատին։ Այս գործընթացում չի ապահովվել միջազգային կազմակերպությունների, ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից բոլոր շահագրգիռ կողմերին ներառելու հանձնարարականը։
Դեռևս 6 տարի առաջ Հայաստանը վավերացնելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիան՝ պարտավորվել է ապահովել երկրի տարածքում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց մյուսներին հավասար քաղաքական իրավունքներով։ Միջազգային և տեղական զեկույցներում նշվում է, որ անցած 6 տարվա ընթացքում կատարված փոփոխությունները այս առումով որևէ առաջընթաց չեն արձանագրել։ Բոլոր քաղաքացիների ազատ կամարտահայտման խնդիրը Հայաստանում դեռևս մնում է անլուծելի։ Նոր ընտրական օրենսգիրքը այս առումով կարող էր ստեղծել իրական փոփոխություններ իրականացնելու հնարավորություններ, սակայն այդ հնարավորությունը ոչ միայն չի գործադրվել, այլև նոր մեխանիզմների և դրույթների անմատչելիությունը կարող է նոր խնդիրներ առաջ բերել։ Այդ նախագծի 17-րդ հոդվածում նշված է, որ «տեղական ինքնակառավարման մարմինները սահմանափակ հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքների իրականացման մատչելիությունն ապահովելու համար՝ տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ»։ Նոր ընտրական օրենսգրքում նույնությամբ գրված է այս նախադասությունը։ «Սահմանափակ հնարավորություններ ունեցող ընտրող» եզրը խնդրահարույց բնույթ է կրում այստեղ։ «Հաշմանդամություն» հասկացողությունը ավելի լայն է և չի սահմանափակվում միայն «ֆիզիկական» նախադրյալով, քանի որ այն չի կարող նույնացվել «հաշմանդամություն ունեցող անձ» եզրի հետ։ (Հոդված 17 տեղամասային կենտրոնը, քվեարկության սենյակը)։
Ընդհանուր ձևակերպմամբ մատչելիության խնդրին է անդրադառնում նախագծի 65-րդ հոդվածի 8-րդ կետը։ Որոշումների մակարդակ են իջեցվում դրույթով անմատչելիության խնդիրները։ Գործող ընտրական օրենսգրքում նույնպես կա այդ նույն հոդվածը։ «Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է սահմանել լրացուցիչ հնարավորություններ՝ ապահովելով քվեարկողի կամքի ազատ արտահայտման հնարավորությունը և քվեարկության գաղտնիությունը»։ 2011թ․-ի հունիսի 30-ի թիվ 19-Ն որոշումով Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է կարգ, համաձայն որի, տեսողական խնդիրներ ունեցող անձանց քվեարկությունը պետք է իրականացվի խոշորացույցի և Բրայլյան կաղապարների միջոցով։ Այդ կարգը նաև նախատեսում է հատուկ ընթացակարգ սայլակով տեղաշարժվող անձանց համար։ Ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրողի փոխարեն պետք է ստանա քվեաթերթիկ և քվեարկության ծրար ու դրանք պետք է ընտրողին հանձնի տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի մոտ։ Սակայն մինչև այժմ էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է խտրական մոտեցում ցուցաբերել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղակայման շենքը պարտադիր մատչելի դարձնելու նպատակով հիշել է Մահմեդի և Սարի զավեշտը։
Առողջական խնդիրներ ունեցող անձանց համար նախագծի համաձայն շրջիկ արկղերի օգտագործումը թերևս լավագույն լուծումն է։
«Ազգային ժողովի ընտրության ժամանակ ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների համար քվեարկությունը կազմակերպվում է ստացիոնար բժշկական հաստատությունում շրջիկ արկղի միջոցով»։ (Հոդված 59 քվեաթերթիկը, քվեարկության ծրարը)։
Վանաձորի, Գյումրիի, Երևանի ավագանու, ինչպես նաև Ազգային Ժոողովի ընտրություններին մասնակցող ամեն մի կուսակցության համար ստեղծվում է առանձին քվեաթերթիկ։
«Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր գույնով պետք է ակնհայտորեն տարբերվի ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունների քվեաթերթիկներից»։
Ամենաշատ քննարկվողներից է գունավոր քվեարկության նորամուծության գաղափարը, մինչդեռ այն կարող է շփոթմունքի հիմք ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների շրջանում։ Գունավոր կուրություն ունեցող անձանց կարիքները նկատի չի առնվել այս ամենում, թե կապույտ, կարմիր, կանաչ լույսերի ճառագայթները ամբողջովին և առհասարակ չտեսնող մարդն ինչպես պետք է քվեարկի։ Դժվար է պատկերացնել այդ «գունավոր քվեաթերթիկների» մատչելիության ապահովումը, եթե այսօր տեքստային ինֆորմացիայի գրիչով նշելու խնդիրը կարելի է լուծել Բրայլյան կաղապարի միջոցով։ Յուրաքանչյուր ամեն մի քվեաթերթիկի վրա կարիք կզգացվի նշել, թե այն որ կուսակցության քվեաթերթիկն է, թե այն ինչ գույն ունի (նույնը նաև կույր անձանց դեպքում)։ Ցավոք, մինչև ընտրատեղամասը կատարվող ընտրական գործընթացներին ինչպես հարկն է չեն անդրադառնում ոչ նախագիծը, ոչ ընտրական օրենսգիրքը։ Տարբեր դժվարություններ ունեցող անձանց համար նախընտրական քարոզչությունը անմատչելի է։ Մտավոր, լսողական, տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար հանրային քննարկման վայրերը, շտաբները ևս անմատչելի են։ Ինչպես նաև մատչելի չեն թվային և տպագիր նյութերը, ընտրողների հետ հանդիպումները, հեռուստատեսային եթերները։ Տեղեկատվական ալիքից դուրս կարող են մնալ փակ հաստատություններում բնակվող մարդիկ։ Բացի ընտրող լինելուց հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն դիտարկվում որպես ընտրվողներ։ Օրինակ՝ Քենիայի սահմանադրության մեջ, որը Արևելյան Աֆրիկայի ամենաարագ տեմպերով զարգացող երկրներից մեկն է, ձևակերպված է այն դրույթը, ըստ որի, խորհրդարանում պետք է լինեն զանազան անձերի շահերը ներկայացնող անձանց, էթնիկ և ազգային փոքրամասնությունների և մարդինալացված համայնքների ներկայացուցիչները։ Պարզորոշ կերպով ներկայացնելով ամենամեծ փոքրամասնության շահերը հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է ներկայացված լինեն բոլոր հարթակներում։ Թեև քվոտավորման համակարգը կիրառվում է նաև այլ երկրներում, սակայն այդ հարցում դեռևս խնդիրներ կան։ Մեր երկրում կան հաշմանդամություն ունեցող քաղաքական գործիչներ, ովքեր սակայն չեն բարձրաձայնում խնդիրների մասին և չեն համարվում խմբի շահերը ներկայացնող պատվիրակը մարմնում։ Նշենք, որ Հայաստանը պարտավորություն է վերցրել ստեղծելու այնպիսի մթնոլորտ, որում հավասարության հիմունքներով արդյունավետ և լիարժեք կերպով հանրային գործերի կառավարմանը կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև ունենալ շահերի ներկայացվածութուն խորհրդարանում։
Սերյոժա Օհանջանյան
«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպություն