ԼՐԱՀՈՍ
25 Դկտ 2025
1. Ի՞նչ է հաշմանդամությունը:

Հաշմանդամությունը առողջական խնդիրներ ունեցող անձանց և միջավայրային արգելքների (այդ թվում՝ վերաբերմունքի) փոխազդեցության հետևանքով առաջացող երևույթ է (իրավիճակ), որը խոչընդոտում է անձի՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։

2. Ո՞վ է համարվում հաշմանդամություն ունեցող անձ:

Հաշմանդամություն ունեցող է համարվում այն անձը, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդեցության հետևանքով կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում։

3. Ի՞նչ գնահատում են անցնում հաշմանդամության սահմանման համար դիմած անձինք:

· 2023 թվականի փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության գնահատման համար     դիմած անձինք անցնելու են ֆունկցիոնալության գնահատում ․

· 2024 թվականի հունվարի 1-ից՝ ֆունկցիոնալության գնահատում կանցնեն նաև կրկնակի հաշմանդամության գնահատման համար դիմած անձինք․

· 2023 թվականին հաշմանդամության սահմանման համար կրկնակի դիմած անձինք անցնելու են բժշկասոցիալական փորձաքննություն մինչև 2024թ․հունվարի 1-ը։

4. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ֆունկցիոնալության սահմանփակման ինչպիսի՞ աստիճաններ են որոշվում :

· Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով անձը (երեխան) ճանաչվում է հաշմանդամություն ունեցող կամ չի ճանաչվում, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը` թեթև, միջին, ծանր, խորը:

5. Ու՞մ կողմից է իրականացվում անձի ֆունկցիոնալության գնահատումը:

· Անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով «e-disability» էլեկտրոնային համակարգից ձևավորվում է գնահատող հանձնաժողով։ Գնահատող հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով ընտրվում են ֆունկցիոնալության գնահատման նպատակով ներգրավված մասնագետների ռեեստրից։

6. Ովքե՞ր են ներառվում անձի ֆունկցիոնալությունը գնահատող կազմը:

Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովիկազմում ընդգրկվում են օրգանիզմի ֆունկցիաները ևմարմնի կառուցվածքը գնահատող մասնագետներ (բժիշկներ) և հարբժշկական ծառայություն մատուցող մասնագետներ (հոգեբաններ, էրգոթերապիստներ, լոգոպեդներ և այլն)։

7. Ինչպե՞ս և ու՞ր պետք է դիմել ֆունկցիոնալության գնահատման համար:

Համաձայն կառավարության 2022 թ․ հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման, հաշմանդամության գնահատման (անձի ֆունկցիոնալության գնահատման) համար անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը ֆունկցիոնալության գնահատման ուղեգրվելու համար դիմում է իրեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությանը։

Հիվանդության կամ վնասվածքի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ իրականացնելուց հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո (բացառությամբ սույն կարգի 9-րդ գլխով սահմանված` անձի առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի) անձին ուղեգրում է ֆունկցիոնալության գնահատման: 

Ֆունկցիոնալության գնահատման ուղեգիրը համապատասխան բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից ձևավորվում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում։

Որից հետո՝ անձի ֆունկցիոնալության գնահատման համար դիմումը առցանց, փոստով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն ներկայացվում է Միասնական սոցիալական ծառայություն կամ ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Դիմումին ընթացք է տրվում կառավարության 2022թ․հուլիսի 28-ի N 1180-Ն և 2022թ․ հուլիսի 28-ի N 1177-Ն  որոշումների համաձայն։

8. Ինչպե՞ս է ձևավորվում անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգիրը:

· Ֆունկցիոնալության գնահատման ուղեգիրը համապատասխան բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից ձևավորվում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում, որն ինքնաշխատ հասանելի է ֆունկցիոնալության գնահատման «e-disability» էլեկտրոնային համակարգում։ Այն գնահատվող անձի կողմից թղթային եղանակով չի ներկայացվում։

9. Ի՞նչ է ծառայությունների անհատական ծրագիրը (ԾԱԾ-ը):

· ԾԱԾ-ն անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում մշակված փաստաթուղթ է, որը ներառում է գնահատվող անձի սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներն ու ծրագրերը /ՀՀ կառավարության 2022թ․ հուլիսի 28-ի N 1161-Ն որոշման հավելվածի 2-րդ կետ/։

10. Ի՞նչ ժամկետում են տրամադրվում ֆունկցիոնալության անձի գնահատման որոշումը և ծառայությունների անհատական ծրագիրը:

· Անձի Ֆունկցիոնալության գնահատման որոշումը և ծառայությունների անհատական ծրագիրը հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվում են որոշման կայացումից հետո՝ երեք աշխատանքայինօրվա ընթացքում։

11. Որո՞նք են անձի ֆունկցիոնալության գնահատման և հաշմանդամություն ունեցող անձ (երեխա) ճանաչելու շեմերը:
  • Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը ցածր է 4%-ից, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, քանի որ գնահատման արդյունքներով նա չունի ֆունկցիոնալության էական սահմանափակում կամ խնդիր իր առօրյա կյանքում:
  • Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 5-24% միջակայքում է, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, սահմանվում է ֆունկցիոնալության թեթև աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում են ծառայություններ:
  • Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակմանաստիճանը 25-49% միջակայքում է, ապա անձըճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող, սահմանվում է ֆունկցիոնալության միջինաստիճանի սահմանափակում, նրա համար մշակվումէ ծառայությունների անհատական ծրագիր, և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:
  • Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակմանաստիճանը 50-74% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող անձ, սահմանվում է ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ կարիքի երաշխավորվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:
  • Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակմանաստիճանը 75-100% միջակայքում է, ապա անձըճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող անձ, սահմանվում է ֆունկցիոնալության խորնաստիճանի սահմանափակում, նրա համար մշակվումէ ծառայությունների անհատական ծրագիր և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:
12.    Ե՞րբ է մեկնարկելու անձնական օգնականի ծառայության տրամադրումը:

· Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման՝ անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է 2024 թվականի հունվարի 1-ից:

13. Ի՞նչ է աջակցող միջոցը:

· Աջակցող միջոցը ցանկացած ապրանք, գործիք, սարք կամ տեխնոլոգիա է, որը հարմարեցված կամ հատուկ կերպով նախագծված է հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար: Աջակցող միջոցը նախատեսված է անձի կենսագործունեության սահմանափակումների լրիվ կամ մասնակի հաղթահարման, փոխհատուցման (փոխարինման), անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար: «Աջակցող միջոց» եզրույթը չի ներառում բժշկական սարքավորումները, որոնք բժշկական միջամտությամբ փոխպատվաստված են կամ փոխարինողն են որևէ սարքի։ /«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշում։/

14. Ո՞վ կարող է ստանալ աջակցող միջոց:

Աջակցող միջոցները տրամադրվում են՝

1.       hաշմանդամություն ունեցող անձանց,

2.      երեխաներին՝ անկախ հաշմանդամություն ունենալու կամ սոցիալապես անապահով լինելու հանգամանքից

3.      ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամներին,

4.      Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց,

5.      Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին,

6.     Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների (այդ թվում՝ պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներ) ընտանիքի անդամներին,

7.      ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին,

8.     վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց` ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա:

15.   Ի՞նչ կարգով և ժամկետներում են տրամադրվում աջակցող միջոցները:

· Աջակցող միջոցները (բացառությամբ պրոթեզի կոշիկի, բրդյա-բամբակյա և սիլիկոնե գուլպաների) տրամադրվում են պետական հավաստագրերիհիման վրա՝  ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված ժամկետներում (հղումով բացվի)։ 

16. Ի՞նչպես կարող է քաղաքացին դիմել աջակցող միջոցի պետական հավաստագիր ստանալու համար:

· Շահառուն կամ նրա ներկայացուցիչը կամ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների օրինական ներկայացուցիչները` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հավաստագիր ձեռք բերելու նպատակով առձեռն կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առցանց (էլեկտրոնային) եղանակով՝ էլեկտրոնային ստորագրությամբ դիմում է ներկայացնում Միասնական սոցիալական ծառայություն կամ դրա տարածքային կենտրոն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 37-րդ կետով  սահմանված փաստաթղթերը (հղումով բացվի)։

17. Արդյո՞ք կան դեպքեր, երբ  քաղաքացու կողմից աջակցող միջոցի հավաստագրի դիմումը լրացվում է տանը կամ հիվանդանոցային պայմաններում:

· Հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումների դեպքում, եթե անձը չի կարող անձամբ ներկայանալ ՄՍԾ տարածքային կենտրոն և հեռախոսազանգի միջոցով դիմել է ՄՍԾ՝ տնային կամ հիվանդանոցային պայմաններում հավաստագիր ստանալու համար դիմում ընդունելու նպատակով, ապա դիմումը կամ հեռախոսազանգն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է այցելություն շահառուի գտնվելու վայր՝ համապատասխան դիմումի լրացման գործընթացը կազմակերպելու համար (ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 38-րդ կետ):

18. Ի՞նչ ժամկետում է ձևավորվում պետական հավաստագիրը:

· ՄՍԾ-ն, ստանալով հավաստագիր տրամադրելու համար դիմումը և կից փաստաթղթերը, տասն աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում ձևավորում է հավաստագիրը։ Հավաստագիրը ձևավորվելուց հետո դիմողին տրամադրվում է հավաստագրի պատճենը, ինչպես նաև կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող է ձեռք բերել աջակցող միջոցը՝ հասցեներով և կոնտակտային տվյալներով։ 

Ներկայացված փաստաթղթերում անճշտություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում ՄՍԾ-ն հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին: Ճշտված և (կամ) լրացված փաստաթղթերն ստանալուց հետո հավաստագիրը ձևավորվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում: (ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 40-րդ և 41-րդ կետեր):

19. Որքան է հավաստագիրը ուժի մեջ:

· Հավաստագիրն ուժի մեջ է տրամադրելուց հետո 180 օրացուցային օր: Դեկտեմբերի 15-31-ը ընկած ժամանակահատվածում աջակցող միջոցներ չեն տրամադրվում, ընդ որում, նշված օրերը հավաստագրի հիման վրա տրվող աջակցող միջոցների դեպքում՝ օրացուցային օրերի մեջ չեն հաշվարկվում։

20. Որտեղի՞ց է քաղաքացին ձեռք բերում աջակցող միջոցը:

· Աջակցող միջոցն ստանալու համար շահառուն դիմում է իր նախընտրած կազմակերպություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթղթերը։ Դիմումն անձի ներկայացուցչի կողմից տրվելիս՝ ներկայացվում են նաև`

1) ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթերը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագրի հիման վրա անձի ներկայացուցիչը լինելու դեպքում՝ լիազորագիրը.

3) անձի օրինական ներկայացուցիչը լինելու դեպքում՝ ծնողը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանալու փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը:

21. Կարո՞ղ է քաղաքացին ձեռք բերել աջակցող միջոցը, եթե դրա գինը ավելի բարձր է, քան հավաստագրի համար սահմանված գնային արժեքը։

· Կազմակերպությունից շահառուն ստանում է իրեն տրամադրված հավաստագրի գնին համարժեք աջակցող միջոցներ: Եթե շահառուի նախընտրած աջակցող միջոցների գինը բարձր է հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված աջակցող միջոցները` վճարելով արժեքի տարբերությունը: (ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 48.4-րդ կետ):