Մշակույթը պետք է զգալ և ոչ թե հասկանալ: Lիարժեք կյանքի համար միայն մարմինը չէ, որ կարևոր է: Շատ ավելին է հարկավոր, ինչն ավելի խորն է պարփակված և ոչ բոլորին է տեսանելի: Հոգևորը միշտ էլ ավելի հարուստ ու խորն է մարմնականից`ամենագլխավորը աչքով չես տեսնի: Հետևաբար կյանքում ինչ էլ, որ լինի պետք է շարունակ պայքարել` չկորցնելով բարոյական վարքագիծն ու վսեմ արժանապատվությունը: Մարդը կարող է իջնել կենդանու մակարդակին և կարող է հասնել հրեշտակային կատարելության: Կարևոր չէ, դու հաշմանդամություն ունե՞ս, թե՞ ոչ: Կարևորը հոգու էությունն է, խորության աստիճանը, ամենավեհն ու գեղեցիկը ճանաչելու և դրան միաձուլվելու կարողությունը: Իսկ դա ոչ բոլորին է հասու, քանզի սխալ է այն ենթադրությունը, թե մարդիկ զգալու հավասար ունակություններ ունեն: Ամեն դեպքում պետք է շարունակել ապրել` աչքերում ծրարելով հույսի, հավատի և սիրո նշույլներ:
«ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իրականացնում է մշակութային ծրագրեր և միջոցառումներ՝ նպատակ ունենալով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավել մշակութային կյանք:
Ամեն տարի է ավանդաբար կազմակերպությունը մեծ շուքով նշում է երեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ը, հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը` դեկտեմբերի 3-ը և Ամանորը: Բոլոր տոներին էլ կազմակերպվում են համերգներ և ներկայացումներ, իսկ վերջում` կազմակերպությունն իր օժանդակության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաներին բաժանում է նվերներ:
Մշակութային ծրագրերը և միջոցառումները ընդգրկում են նաև բարեգործական համերգները, որի արդյունքում սերտ կապ է ստեղծվում Հայաստանի և Սփյուռքի միջև: Բարեգործական համերգները կազմակերպվում են ի նպաստ հաշմանդամություն ունեցող երեխաների:
Տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում էլ ձևավորվեց նոր թիմ՝ Հայաստանում իր տեսակի մեջ առաջին բարեգործական պրոդաքշնը (այսուհետ՝ «ԷԽՈ ՊՐՈԴԱՔՇՆ») բարեգործական ծրագրերի շրջանակներում: