Կոնվենցիան ապահովում և պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական և մշակութային կյանքում։ Այն կոչ է անում ոչ խտրական վերաբերմունք և հավասարություն կրթական, առողջապահական, աշխատանքային, ընտանեկան, մշակութային, սպորտային, քաղաքական ու հասարակական կյանքին մասնակցելիս և դատարանների, ոստիկանության և այլ մարմինների հետ հարաբերություններում։
Արժանապատվությունը, անձնական անկախության նկատմամբ հարգանքը, հասարակական կյանքում լիակատար և արդյունավետ մասնակցությունն ու ներառականությունը, խտրականության բացառումը, հարգանքը հաշմանդամություն ունեցող անձանց տարբերությունների նկատմամբ, հնարավորությունների հավասարությունը, մատչելիությունը, կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների և իրենց ինքնությունը պահպանելու, նրանց իրավունքի նկատմամբ հարգանքը սույն կոնվենցիայի սկզբունքներն են։
Անդամ պետությունները դրանով պարտավորվում են ընդունել համապատասխան օրենսդրություն, գործադրել համապատասխան միջոցներ խտրականությունը բացառելու համար, իրականացնել և սատարել նոր տեխնոլոգիաների վերաբերյալ հետազոտություններ, կատարելագործումներ և այլն։ Ինչ վերաբերում է տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներին, յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է գործադրել միջոցներ` իր առկա ռեսուրսների առավելագույնի չափով։
Կոնվենցիայի 1-ին հոդվածը ամրագրում է, որ կոնվենցիայի նպատակն է «սատարել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց մարդկային իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար և հավասար իրացումը, ինչպես նաև հարգալից վերաբերմունքը նրանց արժանապատվության նկատմամբ»։
Ընդհանուր սկզբունքները, որոնք ուղեցույց են պետությունների կամ այլ գործող անձանց համար, յոթն են՝
- հարգանք արժանապատվության, անհատի ինքնուրույնության, ներառյալ սեփական որոշումներ կայացնելու ազատությունը և անձի անկախության իրավունքի նկատմամբ,
- խտրականության բացառում,
- ներգրավվածություն,
- հարգանք հաշմանդամություն ունեցող անձանց յուրահատուկ լինելու նկատմամբ և նրանց` որպես մարդկային բազմազանության և մարդկության մաս ընդունելը, հնարավորությունների հավասարություն,
- մատչելիություն,
- հավասարություն տղամարդկանց և կանանց միջև, և
- հարգանք հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների և իրենց ինքնությունը պահպանելու իրավունքի նկատմամբ։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ
Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց կոնվենցիան, որն ուժի մեջ մտավ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին։ Սույն կոնվենցիան, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն հաստատվելուց հետո դարձել է ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս։ Սույն հոդվածի համաձայն, եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։
2012թ. ՀՀ կառավարության կողմից ներկայացված սկզբնական զեկույցի վերաբերյալ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կազմել են այլընտրանքային զեկույց, որը ներառում է Կոնվենցիայի կոնկրետ հոդվածների վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և հաշմանդամություն ունեցող անձանց դիրքորոշումներն ու նկատառումները։ Այլընտրանքային զեկույցում ներկայացվել են իրավական դաշտի բացերը, պետության կողմից իրականացված և չիրականացված պարտավորություններն ու հստակ խախտումները։ Վերջիններիս լուծման համար այլընտրանքային զեկույցի հեղինակները յուրաքանչյուրի համար առանձին դիտարկումներ և առաջարկներ են ներկայացրել։
Նշենք նաև, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 13-ին, իսկ Հայաստանն այն ստորագրել է Նյու Յորքում՝ 2007թ. մարտի 30-ին՝ ստորագրելու համար բացվելու հենց առաջին օրը։ Հայաստանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացրել է 2010թ. մայիսի 17-ին, իսկ այն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 22-ին։ Այն սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, որոնք հռչակված են նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայում և մարդու իրավունքներին վերաբերող այլ համաձայնագրերում: Կոնվենցիան երաշխավորում է, որ այդ իրավունքները հարգվեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում: