-
Բժշկական մոդել
Հաշմանդամությունը համարվել և համարվում է անձի խնդիր, որը նշանակում է, որ հաշմանդամությունը «հիվանդություն» է, որի պատճառով անձի կենսագործունեությունը սահմանափակվում է, հետևաբար ջանքերն ուղղվում են անձի վիճակի բարելավմանը։ Այսինքն եթե կենտրոնանանք միայն առողջական խնդիրների վրա և հաշմանդամություն ունեցող մարդուն դիտարկենք առաջին հերթին որպես հիվանդի, ապա նրա վիճակի բարելավմանն ուղղված գործողությունները կկրեն հիմնականում բժշկական և բարեգործական բնույթ (ֆիզիկական վերականգնում, բուժում, բարեգործական օգնություն)։
Այս մոդելի վրա հիմնված մոտեցման արդյունքում հաշմանդամություն ունեցող մարդը զրկվում է իր կյանքի համար ինքնուրույն որոշումներ կայացնելու և իր սեփական ընտրությունը կատարելու հնարավորությունից՝ դառնալով «հիվանդ», «խնամյալ»։ Նրա փոխարեն որոշում են կայացնում ուրիշները՝ խնամողը, ընտանիքը, հասարակությունը։ Հասարակությունը սահմանափակում է նրա կրթության, մասնագիտության, աշխատանքի և այլ հնարավորությունները, քանի որ նա հիվանդ է և ունի հիմնականում բուժման, խնամքի և հոգածության կարիք։ Հաշմանդամություն ունեցող մարդու կյանքը կախված է մնում ուրիշների կարծիքներից և եզրակացություններից, որն էլ հանգեցնում է նրա սոցիալական մեկուսացմանը՝ խոչընդոտելով նրա լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին: Այսպիսով բժշկական մոդելի տեսանկյունից հաշմանդամությունը դիտարկվում է որպես անձի խնդիր, և պետության քաղաքականությունն ու ջանքերն ուղղվում են անձի բուժմանը, վերականգնմանը, հատուկ խնամքին և աջակցությանը։
-
Սոցիալական մոդել
Չբացառելով հաշմանդամության բժշկական մոդելի կարևորությունը՝ հաշմանդամության սոցիալական մոդելը հաշմանդամությունը դիտարկում է որպես հասարակության սոցիալ-մշակութային արժեքների հետևանք։ Այս մոտեցումը բացարձակապես կառուցված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա և կոչ է անում ստեղծել հավասար հնարավորություններ և լիարժեք մասնակցություն հասարակության բոլոր քաղաքացիների համար։ Հաշմանդամության սոցիալական մոդելը կենտրոնանում է արգելքների, խոչընդոտների վերացման վրա՝ վստահելով հաշմանդամություն ունեցող մարդու կարողություններին և ներուժին։ Ավելին, այս մոդելը կոչ է անում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությանը երկրի զարգացման գործընթացներին։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է առաջնային և կարևոր մասնակցություն ունենան իրենց խնդիրների լուծմանն ուղղված օրենքների, ռազմավարությունների և գործընթացների մշակմանը, իրականացմանը և գնահատմանը։ Սոցիալական մոտեցման դեպքում հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակը բարելավելու գործողություններն ուղղված են այն բանին, որպեսզի վերացվեն բոլոր ներքին ու արտաքին խոչընդոտները, որոնք խանգարում են հասարակության կյանքին նրանց ներգրավմանը։ Սոցիալական մոտեցման կիրառումը կհանգեցնի հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունների հավասարեցմանը մյուս բոլոր մարդկանց հետ և նրանց համար ճանապարհ կբացի դեպի լիարժեք կյանք։ Հետևաբար, հաշմանդամության խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականությունը պետք է հիմնականում կենտրոնանա միջավայրային խոչընդոտների վերացմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը։
Սոցիալական մոդելի վրա հիմնված մոտեցումը կազմում է ներառականությանբ, այսինքն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների հավասար գնահատում, դպրոցի ուսումնական և մշակութային, համայնքային միջոցառումներին ներգրավվածության աստիճանի բարձրացում, կրթական քաղաքականության վերանայում, ուսումնական գործընթացներում առկա խոչընդոտների վերացում:
-
Քաղաքական – իրավական մոդել
Մոդելն օգտագործում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական շարժումները։ Քաղաքական մոդելը հաշմանդամություն ունեցող մարդկանց դիտում է որպես փոքրամասնություն, որի իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են խտրականություն սերմանող օրենսդրությամբ, ճարտարապետական միջավայրի, տեղեկատվության և զանգվածային հաղորդակցման միջոցների անմատչելիությամբ, համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ, հասարակական կյանքի բոլոր ոլորտներին մասնակցելու սահմանափակ լինելով։ Քաղաքական-իրավական մոդելի բովանդակությունը բնորոշում է այդ հիմնախնդիրների լուծման հետևյալ մոտեցումը. հաշմանդամություն ունեցող անձի իրավունքները պետք է ամրագրված լինեն օրենսդրությամբ և իրագործվեն մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներում:
-
Բարեգործական մոդել
Մոդելը հաշմանդամություն ունեցող անձին դիտում է որպես զոհ, որը գթության կարիք ունի։ Այս և բժշկական մոդելները ամենաշատը օգտագործվում են հաշմանդամություն չունեցող մարդկանց կողմից՝ հաշմանդամությունը սահմանելու համար։ Քանի որ անձը համարվում է զոհ, նա նաև կարիք ունի խնամքի և օգնության, չի կարող ինքնուրույն ապրել և փրկության համար բարեգործների կարիք ունի։ Ողբերգական-բարեգործական մոդելը կիրառվում է դրամահավաքների ժամանակ։ Մոդելն անընդունելի և խտրական է համարվում փորձագետների կողմից՝ ամրապնդելով հասարակության մեջ առկա կարծրատիպերը և առաջացնելով խղճահարություն։
-
Կրոնական և բարոյական մոդել
Բարոյական մոդելը ամենահին, արդեն նաև քիչ տարածվածներից է։ Ինչևէ, շատ մշակույթներում հաշմանդամությունը ասոցացվում է մեղքի և ամոթի հետ։ Այս մոդելի հետևանք կարող է լինեն հասարակությունից առանձնացումը, ինքնության հետ չհաշտվելը և այլն։ Կրոնական մոդելը հաշմանդամությունը դիտում է արտաքին ուժի կողմից պատիժ, որը հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա ընտանիքի անդամների կողմից արված հանցանքի հետևանք է։ Այս մոդելի հետևանքով մարդիկ կարող են հալածվել իրենց տարբեր լինելու պատճառով և նույնիսկ դատապարտվել մահվան։ Կա նաև հակառակ պատկերացումը, որ հաշմանդամությունը հրեշտակային երևույթ է։