Առաքելություն

Մարդու իրավունքների մասին հիմնական միջազգային փաստաթղթերը, որոնք նախորդում են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Կոնվենցիային, ճանաչում են բոլորը, այդ թվում, Հայաստանի Հանրապետությունը (Կոնվենցիան ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին): Չնայած, որ այդ փաստաթղթերը կոչված են զգալիորեն սատարելու և պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, դրանք երբևէ ամբողջությամբ չեն իրականացվել, թեև, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»  Կոնվենցիան վերջ դրեց հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացուցիչ կազմակերպությունների երկարատև պայքարին, որն ուղղված էր լիովին ճանաչելու հաշմանդամությունը՝ որպես մարդու իրավունքներին առնչվող խնդիր:

Հայաստանում ապրում են ավելի քան 200 հազար հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր ունեն առողջապահական, կրթական և տնտեսական բնագավառներում մասնակցության համեմատաբար ցածր, իսկ  աղքատության՝ ավելի բարձր ցուցանիշներ: Այս ցուցանիշների պատճառներից մեկն էլ հաճախ առկա օրենսդրական դաշտի և ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի, ընթացակարգերի անկատարությունն է, որոնց արդյունքում՝ առողջապահական, կրթական, զբաղվածության, տրանսպորտային և տեղեկատվական ծառայությունները մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, առավել ևս, հաշմանդամություն ունեցող անձանց անբավարար մասնակցությունն իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացում:

Թերևս, «ԷԽՈ» իրավապաշտպան ՀԿ-ի առաքելությունը՝ ոչ թե  սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց  համար նոր իրավունքներ և արտոնություններ, այլ փոխարենը՝ մեկնաբանում է մարդու իրավունքների նշանակությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար և հստակեցնում պետության պարտականությունները՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության և ներառման աջակցության ապահովման տեսանկյունից: