Իրավապաշտպանություն


Ըստ «ԷԽՈ» ՀԿ կանոնադրության 2.3.3 դրույթի՝ Պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց շահերը և իրավունքները դատարանում, այլ պետական և ոչ պետական հաստատություններում՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, որպես մարդու հիմնարար իրավունք և աջակցել դրանց իրականացմանը:

«ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրումից ի վեր պարտավորվել է իր ուժերի սահմաններում պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների և անձանց շահերն ու իրավունքները (դատարանում և այլ պետական ու ոչ պետական հաստատություններում), բացի այդ հիմնովին ճանաչում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքներն ու ազատությունները` որպես մարդու հիմնարար իրավունք:

«ԷԽՈ» ՀԿ-ն մշակում և իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը աջակցող ծրագրեր, որոնք հաջողությամբ հասցեագրվում են հաշմանդամություն ունեցող անձանց առաջնահերթ կարիքներին։ Մասնավորապես, խթանվում է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական-քաղաքական շարժումը Հայաստանում, որով կազմակերպությունը հաշմանդամությունը դիտում է որպես փոքրամասնություն, որի իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են խտրականություն սերմանող օրենսդրությամբ, ճարտարապետական միջավայրի, տեղեկատվության և զանգվածային հաղորդակցման միջոցների անմատչելիությամբ, համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ, հասարակական կյանքի բոլոր ոլորտներին մասնակցելու սահմանափակ լինելով։ Քաղաքական-իրավական մոդելի բովանդակությունը բնորոշում է այդ հիմնախնդիրների լուծման հետևյալ մոտեցումը. հաշմանդամություն ունեցող անձի իրավունքները պետք է ամրագրված լինեն օրենսդրությամբ և իրագործվեն մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներում: