-
Ի՞նչ օրենսդրական հիմքեր կան հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ
Հիշատակենք մի քանի կարևորագույն փաստաթղթեր, որոնց հիման վրա պետք է կառուցել Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության և գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հիմնախնդիրների բարձրաձայնումը և լուծումը: Դրանք են.
- ՀՀ «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենք (ընդունվել է 1993թ.),
- ՀՀ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը (ընդունվել է 1996թ.),
- ՀՀ «Կրթության մասին» օրենք (ընդունվել է 1999թ.),
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիա (Հայաստանում ուժի մեջ է մտել 2010թ.-ի հոկտեմբերի 22- ին) և Կոնվենցիայի կամընտրային արձանագրությունը,
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ընդունվել է 2013թ.):
Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նույն իրավունքներն, ինչ մյուս բոլոր մարդիկ: Որևէ օրենք կամ կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց համար չի սահմանում նոր իրավունքներ:
-
Ո՞վ է պաշտպանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, ի՞նչ անել, եթե ոտնահարվել են դրանք
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը ապահովվում է պետության կողմից դատական կամ օրենսդրությամբ նախատեսված այլ կարգով: Նրանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ոտնահարման մեջ մեղավոր պաշտոնատար անձինք և քաղաքացիները ենթակա են պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները կարող են դիմել նաև իրենց շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպություններին, Մարդու իրավունքների պաշտպանին, ԶԼՄ-ներին: