Կրթություն

Ըստ «ԷԽՈ» ՀԿ կանոնադրության 2.3.6 դրույթի՝
Խթանել կրթության բոլոր մակարդակներում հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր ներառումը, ընդ որում, հանրային կյանքում նրանց լիակատար և արդյունավետ ներգրավվածության և մասնակցության միջոցով:

Հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած կրթական խոչընդոտները հաղթահարելու նպատակով  «ԷԽՈ» ՀԿ-ն մշակում և իրականացնում է ծրագրեր ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությանն և ներառմանը կրթական բոլոր մակարդակներում՝ նրանց լիակատար մասնակցության միջոցով։

Աջակցում  և իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց կրթական իրացմանը՝ հիմնվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա, ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող կրթական ծրագրերի մշտադիտարկման և դրանց ներառականության ապահովման միջոցով:

Ներառական կրթությունը Հայաստանում գործում է ութսունական թվականներից, սակայն միայն 2014 թվականի դեկտեմբերի  20-ի «Հանրակրթության  մասին» ՀՀ օրենքում լրացումներ և  փոփոխություններ  կատարելու մասին օրենքի  ընդունումից  հետո  ներառական  կրթությունը  դարձավ համընդհանուր  և պարտադիր  բոլոր ուսումնական հաստատությունների  համար:

Յուրաքանչյուր անձի, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցողի մասնագիտության խնդրի լուծման համար կարևոր նախապայման է հանդիսանում նրա կրթությունը: Միջնակարգ կրթություն կամ առավել ևս բուհական կրթություն ստանալու հարցում առավել հաճախ խոչընդոտների են հանդիպում հաշմանդամություն ունեցող անձինք, և այս առումով հատկապես խոցելի են ի ծնե կամ մանկուց հաշմանդամություն ունեցող անձինք:

Հաշմանդամություն ունեցող անձանց կրթական մակարդակը և մասնագիտություն ունենալու հնարավորությունները կարող են պայմանավորված լինել հաշմանդամության ձեռքբերման պատճառից և տեսակից` հիվանդություն, սեռ, տարիք և այլն:

Միաժամանակ պետք է նշել, որ բուհական համակարգերում որևէ հստակ քայլ չի ձեռնարկվում, իսկ ձեռնարկվելիս էլ լինում է ոչ արդյունավետ և որևէ կերպ չի նկատվում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը վերոնշյալ խնդիրների լուծման գործընթացում: Արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք դուրս են մնում բուհական ոլորտից և վերջինիս առնչվող բարեփոխումների մշակումից: Նույնիսկ հասարակությունը տեղյակ չէ վերոնշյալ խնդիրներից: Մինչդեռ հաշմանդամություն ունեցող անձանց համար լիիրավ կրթությունը շարունակում է մնալ անմատչելի:

Չնայած երկրում արձանագրվում է հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ վերաբերմունքի դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները բավարարելու համար դեռևս ամբողջական մոտեցում ցուցաբերելու կարիք կա` հաշմանդամությունը պատշաճ կերպով դասակարգելու և մեծամասշտաբ մասնագիտական կրթության համապատասխանեցման ծառայություններ ապահովելու նպատակով: