Հաշմանդամություն      

Համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ «հաշմանդամություն ունեցող անձինք ներառում են այն անձանց, որոնք ունեն երկարաժամկետ ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական դժվարություններ, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում արգելակում են նրանց լիակատար և արդյունավետ մասնակցությունը հասարակության կյանքում` մյուսների հետ հավասար»:

         Մատչելիություն     

Սույն բլոգում «մատչելիություն» եզրը կիրառվում է երեք իմաստով` ֆիզիկական միջավայրի մատչելիություն, տեղեկատվության մատչելիություն և ծրագրային: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան մատչելիության այս երեք իմաստները համատեղում է «համընդհանուր դիզայն» անվանմամբ, որը սահմանվում է որպես «ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն, որը դրանք առավելագույնս օգտագործելի է դարձնում բոլորի համար` առանց շտկումների ու մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության: Համընդհանուր դիզայնը չի բացառում օժանդակ հարմարեցումները հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար»:

            Ներառական կրթություն     

Ներառական կրթությունը համեմատաբար նոր երևույթ է ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում, և գոյություն չունի դրա միասնական, համընդհանուր համաձայնեցված սահմանում: Ինչպես ներառական կրթության գաղափարը, այնպես էլ դրա սահմանումը ճկուն է և բազմակողմանի: Սույն ձեռնարկում ներառական կրթությունը սահմանվում է որպես գաղափարախոսությունների և գործելակերպի համակցություն, որը

            …ընդունում, հարգում և հաշվի է առնում աշակերտների կամ ուսանողների բազմազանությունը:

            …փոփոխությունների և բարելավման անընդհատ զարգացող, դինամիկ գործընթաց է` ուղղված կրթական համակարգի հարմարեցմանը ուսանողների անալայն շրջանակի համար:

            …ենթադրում է կրթական մշակույթի, քաղաքականության և գործելակերպի վերակազմակերպում` համապատասխան կրթական բազմաբնույթ առանձնահատկություններ ունեցող անձանց կարիքներին:

            …բավական ճկուն և ընդգրկուն է ցանկացած աշակերտի կամ ուսանողի լիակատար ներառման և նրա մասնակցության ապահովման համար:

            …ենթադրում է վերաբերմունքային, քաղաքականության, գործընթացային, միջավայրային և ռեսուրսային արգելքների բացահայտմանն ու հաղթահարմանն ուղղված շարունակական աշխատանքներ:

            …հնարավոր է դարձնում ավանդաբար մեկուսացված կամ մարգինալացված խմբերի ինտեգրումը ընդհանուր կրթական համակարգում:

            …գործընթաց է, որին մասնակցում են շահագրգիռ բոլոր կողմերը` մանկավարժներ, աշակերտներ կամ ուսանողներ, ընտանիքի անդամներ, համայնքի ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակություն, որոշում կայացնողներ և այլն:

            …ներառական հասարակության ստեղծմանն ուղղված առավել ընդգրկուն ռազմավարության մաս է կազմում:

            …անհրաժեշտ, կիրառելի և արդիական է կրթական ամենատարբեր` ֆորմալ և ոչ ֆորմալ ձևաչափերի կազմակերպման համար կրթական բոլոր օղակներում` սկսած վաղ մանկական, տարրական և միջնակարգ փուլերից մինչև մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթություն: