
Հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած բուհական խոչընդոտները հաղթահարելու նպատակով «ԷԽՈ» աջակցման կենտրոնը իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» ծրագիրը, որը նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթության հավասար պայմանները և ուսումնական մատչելիությունը` որպես մարդու հիմնարար իրավունք: Ինչպես նաև պետք է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը կրթության մշակմանը և բարձրացնել հասարակության իրազեկությունը նրանց իրավունքների մասին՝ ըստ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի սկզբունքների:
Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը մեծապես բարելավել է իր տնտեսությունը, ենթակառուցվածքները և հանրային ծառայությունները: Այնուհանդերձ, պաշտոնապես գրանցված մոտ 193,000 հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնությունը շարունակում է դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանն ու ոչ պատշաճ կիրառում ունեցող օրենքներին ու կանոնակարգերին, որոնք հիմնականում անծանոթ են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին:
Այնուամենայնիվ, յուրաքանչյուր անձի, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցողի մասնագիտության խնդրի լուծման համար կարևոր նախապայման է հանդիսանում նրա կրթությունը: Կրթություն կամ առավել ևս բուհական կրթություն ստանալու հարցում առավել հաճախ խոչընդոտների են հանդիպում հաշմանդամություն ունեցող անձինք, և այս առումով հատկապես խոցելի են ի ծնե կամ մանկուց հաշմանդամություն ունեցող անձինք: Հաշմանդամություն ունեցող անձանց կրթական մակարդակը և մասնագիտություն ունենալու հնարավորությունները կարող են պայմանավորված լինել հաշմանդամության ձեռքբերման պատճառից և տեսակից` հիվանդություն, սեռ, տարիք և այլն:
Այս ոլորտը կարգավորվում է մի շարք օրենքներով, մասնավորապես`
Կրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվում են կրթական իրավունքի պետական երաշխիքները, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասսայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից: Մասնագիտական կրթության իրավունքի սահմանափակումները նախատեսվում են օրենքով:
Ընդ որում «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքով կարգավորում է «…կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրենց ընդունակություններին և կարողություններին համապատասխան կրթություն ստանալու իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման բնագավառում հարաբերությունների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները»:
Միաժամանակ պետք է նշել, որ բուհական համակարգերում որևէ հստակ քայլ չի ձեռնարկվում, իսկ ձեռնարկվելուց էլ՝ ոչ արդյունավետ, և որևէ կերպ չի նկատվում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը վերոնշյալ խնդիրների լուծման գործընթացում: Արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք դուրս են մնում բուհական ոլորտից և վերջինիս առնչվող բարեփոխումների մշակումից: Նույնիսկ հասարակությունը տեղյակ չէ վերոնշյալ խնդիրներից: Մինչդեռ հաշմանդամություն ունեցող անձանց համար լիավ կրթությունը շարունակում է մնալ անմատչելի:
Չնայած երկրում արձանագրվում է հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ վերաբերմունքի դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները բավարարելու համար: Դեռևս ամբողջական մոտեցում ցուցաբերելու կարիք կա` հաշմանդամությունը պատշաճ կերպով դասակարգելու և մեծամասշտաբ մասնագիտական կրթության համապատասխանեցման ծառայություններ ապահովելու նպատակով:
Ներբեռնել և կարդալ հետազոտությունը ›
Ծրագիրն իրականացվում է «Հույսի կամուրջ», «Սկարպ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների շնորհիվ` Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: