Սիրելի ընթերցողին,
Ողջունում եմ Ձեզ «ԷԽՈ» ՀԿ պաշտոնական կայքում: Այցելելով մեր պաշտոնական կայք` Դուք կծանոթանաք մեր գործունեությանը, իրականացրած և հրատապ ծրագրերին: Ինչպես նկատում եք, փորձել ենք կայքը մատուցել նոր ձևավորմամբ և առավել հարուստ տեղեկություններով, որպեսզի ամեն ինչ պարզ և հասկանալի լինի մեր կայքի այցելուների համար: Կայքում տեղադրված նկարները և տեսահոլովակները հնարավորություն են ընձեռում Ձեզ ծանոթանալ և պատկերացում կազմել մեր կազմակերպության գործունեության մասին: Դուք ինքներդ էլ կարող եք այցեգրքում թողնել Ձեր ցանկությունները, բարեմաղթանքները և ինչու չէ նաև դիտողությունները:
Ինչպես է հիմնադրվել կազմակերպությունը
Միայն հզոր ցավն է հոգուն տալիս լիիրավ ազատություն,
ներթափանցում մեր էության ամենախորքերը…
Նա, ում համար այն գրեթե մահացու է եղել, հպարտորեն
կարող է ասել` ես կյանքի մասին ավելին գիտեմ…
Ֆ. Նիցշե
Մանկուց ունենալով հաշմանդամություն, որը կապված է հենաշարժողական համակարգի հետ` խորապես գիտակցում և պատկերացնում եմ հաշմանդամություն ունեցող անձի ծանր առօրյան, կենցաղը և դրանից ծագած բոլոր խնդիրները: Մայրս` Անժելա Օհանջանյանը, լինելով հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող, իր իսկ մաշկի վրա զգացել է իրեն սպասվող հետագա դժվարությունները և, այսպես ասած, փակ դռները: Ուստի, նա իր իսկ ջանքերով, միավորելով հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին, 2008 թվականին նախաձեռնեց և հիմնադրեց «ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որի առաջնային նպատակն է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը:
Մեր թիմը կայացավ, որովհետև անվերապահորեն ակտիվ մասնակցություն ունեին հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները, ովքեր առավել քան ընկալելով նրանց, որպես մարդկային բազմազանություն և մարդկության կարևոր մաս, համախմբվեցին հանուն նրանց համար մատչելի միջավայրի ստեղծման և նրանց կյանքի բարելավման:
Գործունեության առանձնահատկություններից մեկը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հուզող բոլոր խնդիրներին հավասարապես ուշադրություն դարձնելն է, միաժամանակ այդ հիմնախնդիրների լուծմանն ուղղված առավել նպատակահարմար ծրագրերի իրականացմանն աջակցելը:
Չափազանց կարևորում եմ, որ այս գործունեության հիմքում ընկած է կարգապահությունը, թափանցիկությունը, փոխադարձ հարգանքն ու կառուցվածքային հստակությունը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում ապրում են մոտ 197 հազար հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր ունեն բազմաթիվ առօրյա խնդիրներ` բժշկության, կրթության, իրավունքի և անգամ հանապազօրյա հացի: Քչերին կարող ենք տեսնել դպրոցներում, այգիներում, սրճարաններում կամ այլ հասարակական վայրերում` բոլորի կողքին, բոլորին հավասար:
Հույս ունենք, որ միգուցե նոր ծրագրեր կլինեն: Ցավալի է, բայց փաստ. ՀՀ իշխանություններն ընդունում են, որ իրավամբ չեն կարողանում հատուկ պայմաններ ապահովել տարբեր տարիքային խմբերի մեջ մտնող հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև նպաստել նրանց սոցիալական ներառմանը` պատճառաբանելով այս ամենը ֆինանսական միջոցների պակասով: Խնդիրները բավականին լուրջ են և նույնիսկ եվրոպական երկրներում այս տիպի խնդիրները դեռևս ամբողջովին կարգավորված չեն:
Ուստի հուսով եմ, որ «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը հնարավորություն կտա փոխադարձ կապի միջոցով վերհանել հաշմանդամություն ունեցող անձանց հուզող խնդիրները և փորձել միասնական ուժերով գտնել դրանց լուծման առավել արդյունավետ ճանապարհները:
Սակայն, հարկ եմ համարում նորից նշել, որ աշխարհում ոչ մի անձ ապահովագրված չէ ո’չ հաշմանդամությունից և ո’չ էլ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող դառնալուց, հետևաբար, աջակցելով հաշմանդամություն ունեցող անձանց, յուրաքանչյուր անձ օգնում է ինքն իրեն…
Մեծագույն հարգանքներով՝
Սերյոժա Օհանջանյան
«ԷԽՈ» ՀԿ նախագահ