Մատչելիություն

Հաշմանդամություն ունեցող մարդկանց անկախ ապրելու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորություն տալու նպատակով անհրաժեշտություն է ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների, շենքերի և այլ ծառայությունների մատչելիությունը։ «Հայաստանի Հանրապետությունում Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, «չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի շրջանների ձևավորումը, նախագծային լուծումների մշակումը, շենքերի, կառույցների, ներառյալ օդանավակայանների և երկաթուղային կայանների շինարարությունն ու վերակառուցումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, այդ թվում անհատական, կապի և տեղեկատվության միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն»։

Ավելին՝ ՀՀ-ում հասարակական, բնակելի, արտադրական շենքերի նախագծման և վերակառուցման դեպքում, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարկավոր է նախատեսել բնակչության մնացած խմբերին համահավասար կենսագործունեության պահմաններ։ Մատչելիության նորմերն էլ սահմանված են ՀՀ քաղաքաշինության նախարարի ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին հրամանով։

  • Ինչպե՞ս մատչելի դարձնել շրջակա միջավայրը կամ ի՞նչ է համընդհանուր դիզայնը

Միջավայրի լիակատար հարմարեցումը հասարակության անխտիր բոլոր անդամների համար նկարագրվում է «Ունիվերսալ (համընդհանուր) դիզայն» տերմինով և ներառում է այնպիսի շինությունները, ապրանքներն ու միջավայրերը, որոնք լիովին մատչելի և օգտագործելի են ծերերի, տարբեր տեսակների և բարդության հաշմանդամություն ունեցող անձանց, հղի կանանց, մանկասայլակով երեխաների, գեր մարդկանց և սոցիալական այլ խմբերի համար` անկախ նրանց ֆիզիկական կարողություններից, տարիքից և կարգավիճակից: Ունիվերսալ դիզայնը գործընթաց է, որը խթանում է հասարակության բազմազանությունը՝ ստեղծելով այնպիսի վայրեր, իրեր, տեղեկատվություն, կապ և քաղաքականություն, որոնք կարող են գործածվել հասարակության բոլոր անդամների կողմից:

  • Ունիվերսալ դիզայնի 7 սկզբունքներն են

  1. Հավասար կիրառում: Դիզայնը կարող է օգտագործվել տարաբնույթ կարողություններ ունեցող անձանց կողմից:
  2. Կիրառման ճկունություն: Դիզայնը համապատասխան է անհատական կարիքների լայն շրջանակի համար:
  3. Կիրառման պարզություն: Կիրառման եղանակը հասկանալի է անկախ օգտագործողի փորձից, գիտելիքներից, լեզվի իմացությունից կամ կենտրոնացման աստիճանից:
  4. Ընկալելի տեղեկատվություն: Հաղորդվող տեղեկատվությունը մատչելի է օգտագործողի համար՝ անկախ նրա լսողական և տեսողական ունակություններից:
  5. Հանդուրժողականություն/կայունություն սխալների նկատմամբ: Դիզայնը նվազագույնի է հասցնում սխալ կամ պատահական օգտագործման դեպքում առաջացող վտանգներն ու վնասակար հետևանքները:
  6. Մինիմալ Ֆիզիկական ջանք: Դիզայնը կարող է օգտագործվել հեշտորեն և արդյունավետորեն՝ մինիմալ ֆիզիկական ջանքերով և առանց հոգնածություն առաջացնելու:
  7. Համապատասխան չափս և տարածություն մոտեցման և օգտագործման համար: Դիզայնը նախատեսում է բավարար տարածություն և չափս ապրանքին կամ շինությանը մոտենալու, հասնելու և օգտագործման համար՝ անկախ օգտագործողի մարմնի չափերից, կեցվածքից և շարժունակությունից: