Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։ Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու ու բարձրաձայնելու հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ։ Անկասկած, 2020 թվականը դժվարագույն տարիներից մեկն էր ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի համար կյանքի բոլոր ոլորտներում։
Կորոնավիրուս, պատերազմ, ժամանակի ու ռեսուրսների, շատ դեպքում մարդկային ռեսուրների սղություն, ինչն անկասկած անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի  որակի վրա։ Խնդիրների մեծ մասը հայտնի են բոլորին, մյուս մասն էլ առավել ցայտուն դարձան համավարակի օրերին, իսկ որոշ խնդիրներ էլ սրվեցին պատերազմի հետևանքով։
Սույն հոդվածը նպատակ ունի ներկայացնելու այն փաստերը, որոնց առերեսվեցին ու դեռ կառերեսվեն հաշմանդամություն ունեցող անձինք 2020 թվականի ընթացքում և դրանից հետո։

  1. Օրենսդրական դաշտից. այս տարի օրենսդրական կարգավորումները հիմնականում միտված էին ստեղծված իրավիճակից դուրս գալուն, սակայն իրականացման ընթացքում  առաջ եկան բազմաթիվ խնդիրներ, թերացումներ որոնք ավելի էին բարդացնում մարդկանց կյանքը, բայց ընդհանուր առմամբ, դրանք, համաձայն լիազոր մարմինների հիմնավորումների նպատակ ունեին թեթևացնելու մարդկանց կյանքը։ Այդպես էլ ՀՀ ԱԺ-ում չհայտնեցին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտը կարգավորող նոր օրենքները, որոնց մասին խոսվում է  գրեթե մեկ տասնյակ տարիներ։  Իհարկե լավ նորություն է, որ Կառավարությունը կարծես թե մտածում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»  ՄԱԿ-ի կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունն ընդունելու մասին, որը հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների պաշտպանության և խտրականության բացառման հզոր գործիքակազմ կստեղծի մեր երկրում։
  2. Ծառայությունների հասանելիությունը. պետք է նկատել, որ 2020 թվականը աննախադեպ տարի էի հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների և կանանց միտված ծառայությունների բազմազանության տեսանկյունից, քանի որ ոլորտի լիազոր մարմինների կողմից պետական աջակցությամբ իրականացվեցին մի շարք նոր ծրագրեր կամ ընդլայնվեցին մինչ 2020 թվականը գործող ծրագրերը։ Ծրագրերի մեծ մասը ընդլայնվեցին նաև  դեպի մարզեր`  կարծես թե նպատակ ունենալով հիմք ստեղծել համայնքային ծառայությունների զարգացման համար։ Սակայն ծրագրերի իրականացմանը խանգարեցին ոչ միայն համավարակը ու դրա թողնած հետևանքները, այլ նաև կազմակերպչական որոշ խնդիրներ։   
  3. Համավարակը. Կորոնավիրուսի համավարակին պատրաստ չէր ոչ ոք. սոցիալական հեռավորությունը, դիմակի պարտադիր կրումը, հեռավար կրթությունը, համավարակի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված  մատչելի ձևաչափերով խորհուրդների գրեթե  բացակայությունը նոր մարտահրավերներ ստեղծեցին։ Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերը հիմնականում  տնտեսական հետևանքները չեզոքացնող բնույթ ունեին։Շարունակում է  խնդիր է մնալ ներառական կրթության կազմակերպումը,  սոցիալական հեռավորության պահպանումը, համավարակի հետ կապված տեղեկատվության  մատչելիությունը՝ տեսողության, լսողության, մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար։ Պետք է խոսել նաև հիգիենիկ պարագաների, հիգիենայի կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների սակավ հասանելիությունը հատկապես մշտական խնամք պահանջող կամ ուղեկցողի/օգնականի կարիք ունեցող անձանց համար։ Դժվարին ժամանակներ ապրեցին հատկապես  նյարդահոգեբանական և մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ, մասնավորապես պարտադիր մեկուսացման օրերին, իսկ Պարետի ու ՀՀ առողջապահության, կրթության նախարարների  որոշ հրամաններ, պարզապես հաշվի  չէին առնում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները։ Բազմաթիվ խնդիրների (հատկապես աշխատանքային իրավունքների տեսանկյունից) առջև կանգնեցին ոչ տեսանելի հաշմանդամություն ունեցող մարդիկ, իսկ վերականգնողական բուժօգնության կարիք ունեցող մարդիկ դրանք ստանալու մեծ խնդրի առջև կանգնեցին։
  4. Պատերազմական գործողություններն  ունեն իրենց անմիջական  հետևանքները ինչպես հաշմանդամություն ունեցող  քաղաքացիական բնակչության այնպես էլ հաշմանդամություն ձեռք  բերած խաղաղ բնակչության  և զինծառայողների կյանքում։ Առաջացան դժվարություններ բնակության վայրերը արագ լքելու, նոր տեղակայման վայրերի մատչելիության, անհրաժեշտ ծառայություններն ամբողջ ծավալով և  ճիշտ ժամանակին ստանալու հետ կապված։ Այստեղ հատկապես կարևորվում է համապատասխան մասնագետների առկայությունը և կարիքների  գնահատման ճիշտ մեխանիզմները, ինչը թույլ կտա հաշմանդամություն ունեցող անձանց ստանալու հենց իրենց կարիքներին համապատասխան աջակցող սարքեր՝ պրոթեզներ, անվասայլակներ և այլն։ Պատերազմի հետևանքների մեղմացման գործում կարևոր է նաև ավիրված բնակելի շինությունների վերականգնումը, զբաղվածության ապահովմանն ուղղված գործուն քայլերը, որոնք պետք է ապահովեն հաշմանդամություն ունեցող մարդկանց արժանապատիվ կյանքն ու կյանքի որակի բարելավումը։
  5. Հին խնդիրներ. շարունակվում է մնալ հսկայական խնդիր քաղաքաշինական, տրանսպորտային, հանրային ծառայությունների մատչելիությունը, ինչին միտված գործուն քայլեր 2020 թվականին չկատարվեցին օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։
  6. Հասարակական վերաբերմունք. Չնայած վերջին տարիներին հասարակության մեջ ավելի շատ  է խոսվում  ներառականության, իրավահեն գործընթացների մասին, սակայն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների մեջ դեռևս շարունակվում է առաջնային մնալ բժշկական ընկալումը։ Ակնհայտ է, որ հատկապես պատերազմի հետևանքով ավելանալու է Հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը և շատ կարևոր է, որ ինչպես հաշմանդամություն ունեցող այնպես էլ չունեցող անձինք իրենց քայլերով ապացուցեն, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ, և պետք է պայքարել ոչ միայն սոցիալական ու նյութական աջակցության համար, այլ այնպիսի ծառայություններ ստանալու համար, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ու արժանապատիվ կյանքի իրավունքը։
  7. «ԷԽՈ» ՀԿ-ն այս տարի նույնպես իրականացրեց մի շարք ծրագրեր, որոնք միտված էին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, աջակցությանը, սոցիալական ներառմանը և հավասար ու մատչելի միջավայրի ստեղծմանը։
    Գործունեության մասին մանրամասներ կարող եք գտնել ekho.am կայքում։
    «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունը ինչպես և միշտ պատրաստակամ է համագործակցելու  ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի հետ ստեղծված մարտահրավերների ու եղած խնդիրների հաղթահարման համաը։