Ըստ բժշկական մոդելի հաշմանդամությունը համարվում է և համարվում  անձի խնդիրը, որը նշանակում է, որ հաշմանդամությունը «հիվանդություն» է, որի պատճառով անձի կենսագործունեությունը սահմանափակվում է, և, հետևաբար, ջանքերն ուղղվում են անձի վիճակի բարելավմանը։ Այսինքն` եթե կենտրոնանանք միայն առողջական խնդիրների վրա և հաշմանդամություն ունեցող մարդուն դիտարկենք առաջին հերթին որպես հիվանդի, ապա նրա վիճակի բարելավմանն ուղղված գործողությունները կկրեն հիմնականում բժշկական և բարեգործական բնույթ (ֆիզիկական վերականգնում, բուժում, բարեգործական օգնություն)։ Այս մոդելի վրա հիմնված մոտեցման արդյունքում հաշմանդամություն ունեցող մարդը զրկվում է իր կյանքի համար ինքնուրույն որոշումներ կայացնելու և իր սեփական ընտրությունը կատարելու հնարավորությունից, դառնում է «հիվանդ», «խնամյալ»։ Նրա փոխարեն որոշում են կայացնում ուրիշները (խնամողը, ընտանիքը, հասարակությունը)։ Հասարակությունը սահմանափակում է նրա կրթության, մասնագիտության, աշխատանքի և այլ հնարավորությունները, քանի որ նա հիվանդ է և ունի հիմնականում բուժման, խնամքի և հոգածության կարիք։ Հաշմանդամություն ունեցող մարդու կյանքը կախված է մնում ուրիշների կարծիքներից և եզրակացություններից, որն էլ հանգեցնում է նրա սոցիալական մեկուսացմանը և խոչընդոտում է նրա լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին Այսպիսով բժշկական մոդելի տեսանկյունից հաշմանդամությունը դիտարկվում է որպես անձի խնդիր, և պետության քաղաքականությունն ու ջանքերն ուղղվում են անձի բուժմանը, վերականգնմանը, հատուկ խնամքին և աջակցությանը։