Երբ կրթությունը ներառական է, ապա դրանից շահում են երեխան, ընտանիքը, պետությունը և հասարակությունը։ Այն կրթության կազմակերպման գործընթաց է, որի հիմքում բոլոր երեխաների, այդ թվում նաև` հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքն է։ Այն արձագանքում է բոլոր սովորողների բազմազան կարիքներին, մեծացնում է նրանց մասնակցությունը ուսումնական, մշակութային և համայնքային կյանքին և նվազեցնում է կրթությունից նրանց դուրս մնալը։ Ներառական կրթությունը ենթադրում է կրթական գործընթաց, որն ուղղված է բոլոր սովորողների կարիքներին, ներառյալ հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, բռնությունների ենթարկվող երեխաներ, աշխատող երեխաներ, փախստական կամ տեղահանված երեխաներ, միգրանտներ, աղքատ և չքավոր երեխաներ, լեզվական փոքրամասնություններ, ազգային փոքրամասնություններ, հակամարտությունների հետևանքով որբացած երեխաներ և այլն։
Ներառական կրթությունը ենթադրում է համակարգի, այլ ոչ թե երեխայի հարմարեցում
Ներառական կրթությունը հաշմանդամության սոցիալական մոդելի յուրօրինակ ածանցյալն է։ Այն ընդունում է, որ բոլոր երեխաները տարբեր են, իսկ դպրոցներն ու հանրակրթական համակարգը պետք է հարմարվեն բոլոր սովորողների մտավոր, հոգեկան և ֆիզիկական զարգացման կարիքներին և անհատական պահանջմունքներին։ Սակայն ներառում չի նշանակում բոլորին ձուլելու կամ միատեսակ դարձնելու ձգտում։ Այն ընդունում է, որ երեխաները սովորում են տարբեր արագությամբ, իսկ ուսուցիչներին անհրաժեշտ են հատուկ հմտություններ՝ ուսուցման գործընթացի ճկունությունն ապահովելու համար։ Պարզապես երեխաներին անհրաժեշտ է հասկանալի, մատչելի դասավանդում։ Իսկ դա իր հերթին ենթադրում է երեխայի առանձնահատկություններին, անհատական կրթական պահանջմունքներին, զարգացման տեմպերին, ընդունակություններին և կարողություններին համապատասխանող տարբեր մեթոդների օգտագործում։
Ներառումը հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հնարավորություն է տալիս կրթություն ստանալ իրենց համայնքներում և չմեկուսանալ ընտանիքներից։ Համայնքից և ընտանիքից հեռու՝ հատուկ դպրոցներում երեխաներին տեղավորելը հակասում է ընտանիքի և համայնքի կյանքին մասնակցության նրանց իրավունքին։ Ընտանիքից ու համայնքից հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բաժանումը հաճախ վկայում է հասարակության մեջ նման մարդկանց նկատմամբ գոյություն ունեցող նախապաշարումների մասին։ Ներառական կրթությունը կարող է բարձրացնել կրթության որակը բոլորի համար։ Ներառական կրթությունը կարող է կրթական պրակտիկայում փոփոխությունների կատալիզատոր հանդիսանալ, որը կհանգեցնի կրթության որակի բարձրացմանը։ Հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը հանրակրթական դպրոցներ կստիպի ուսուցիչներին մշակել նոր` դեպի երեխան կողմնորոշված ուսուցման և ուսումնառության մեթոդներ, ապահովել մեծ թվով մասնակիցների ընդգրկվածություն ուսումնական գործընթացում։ Դրանից օգուտ կստանան բոլոր երեխաները։ Բազմաթիվ ուսուցիչներ կարծում են, որ կրթական հատուկ կարիքներով երեխաների ուսուցման համար իրենց անհրաժեշտ կլինեն «հատուկ հմտություններ»։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ հատուկ կարիքներով երեխաներին հանրակրթական գործընթացի մեջ ներգրավելու համար ընդամենը անհրաժեշտ է որակյալ, հասկանալի և մատչելի դասավանդում, որը և նպաստում է աշակերտների ակտիվության բարձրացմանը։ Սա այն է, ինչ պետք է անի ուսուցիչը՝ բոլոր երեխաներին որակյալ կրթություն տալու համար։ Ներառական կրթության անցնում են բազմաթիվ երկրներ՝ կրթության համեմատաբար համեստ բյուջեով և տեխնիկական միջոցների փոքր ծավալով։ Այս գործունեության դրական արդյունքներից են դասավանդման որակի բարձրացումն ու սովորողների ձեռքբերումները (այդ թվում նաև` կրթական գործընթացից դուրս մնացած և ցածր առաջադիմությամբ աշակերտների թվի նվազեցումը)։
Ներառական կրթությունն օգնում է հաղթահարելու խտրականությունը
Հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կանխակալ վերաբերմունքը բավական ամուր է արմատավորված։ Պատճառներն են`տեղեկատվության բացակայությունը նրանց մասին ունեցած գիտելիքների, նրանց հարևանությամբ ապրելու փորձի բացակայությունը կամ պակասը։ Նման պատճառներով ստեղծված կարծրատիպերը կոտրելը բավական դժվար է։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ բարենպաստ մթնոլորտում երեխաները ավելի հանգիստ, քան մեծահասակները, ընդունում են տարբերությունները։ Երեխաները մեր ապագա ծնողներն են, ուսուցիչները, փաստաբանները և քաղաքական գործիչները։ Եթե հաշմանդամություն ունեցող երեխաները ևս հաճախեն նույն դպրոցը, ինչ մնացածները, ապա բոլորի մեջ կձևավորվի անկանխակալ վերաբերմունք հաշմանդամություն ունեցող բոլոր մարդկանց նկատմամբ, և կարմատավորվի այն գիտակցությունը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության լիիրավ անդամներ են։
Ներառական կրթության մարտահրավերները
Ներառական կրթության համակարգի զարգացում, բոլոր աշակերտների լիարժեք մասնակցություն, հավասար հնարավորությունների ստեղծում և անհատական մոտեցումներ:
- Ներառական կրթությունը լավագույն լուծումներն է առաջարկում հանրակրթական համակարգին և կարող է ապահովել, որ բավարարվեն բոլոր սովորողների կրթական կարիքները։ Միևույն ժամանակ, ներառական կրթությունը չի կարող զարգանալ հանրակրթության համակարգից դուրս, առանձին։ Այն չի կարող դիտարկվել որպես առանձին, առանձնահատուկ հարց կամ ոլորտ, այլ պետք է դիտարկվի որպես ամբողջ դպրոցական համակարգի զարգացման սկզբունք։
- Որոշիչ է այն հարցը, թե ինչպես է առանձին վերցրած աշակերտի համար ապահովվում, որ նա ստանա իր կարողություններին և կարիքներին համապատասխան որակյալ կրթություն։ Եթե համակողմանի դիտարկենք աշակերտին, ապա դասարանական աշխատանքների պլանավորման ժամանակ վճռորոշ գործոն է համարվում դասարանում աշակերտի լիարժեք մասնակցությունն ապահովելու համար հնարավորությունների ստեղծումը։
- Մարդիկ տարբեր են, դա բնական է և ցանկացած հասարակություն դարձնում է ավելի հարուստ, և, հետևաբար, պետք է իր արտացոլումը գտնի նաև դպրոցում։ Դպրոցները պետք է ապահովեն բոլոր երեխաների մասնակցությունը` օգտագործելով տարբեր աշխատանքային մոտեցումներ, հնարքներ և, իհարկե, անհատական մոտեցում։
- Ներառական կրթություն նշանակում է, որ դպրոցը կարողանում է լավ կրթություն տրամադրել բոլոր երեխաներին, անկախ նրանց տարատեսակ կարողություններից։ Բոլոր երեխաները պետք է հարգալից վերաբերմունքի արժանանան և ստանան հավասար հնարավորություններ համատեղ սովորելու համար։
- Ներառական կրթությունը շարունակական գործընթաց է, ուստի ուսուցիչները պետք է առավել ակտիվ և գիտակից աշխատեն` ներառական կրթության նպատակներին հասնելու համար։
Ներառական որակյալ կրթություն. համագործակցություն, հավասարություն և մասնակցություն: Երեք քայլ, որ տանում է դեպի իրական ներառում
- Թե ինչ խորությամբ է առանձին աշակերտը դիտարկվում որպես դժվարություններ ունեցող, կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով։ Հատկապես անհրաժեշտ է նշել, որ դպրոցի միջավայրը` կազմակերպվածությունը, կիրառվող մեթոդները, տիրող վերաբերմունքը, կարող է կենտրոնական դեր ունենալ աշակերտի անհատական որակները դժվարությունների վերագրելու հարցում։
- Կարևորն այն է, որ ախտորոշումը, որն ընդգծում էր աշակերտի թերությունները, այլևս չի դիտարկվելու։ Հիմնական մոտեցումը պետք է բխի այն գաղափարի ընդունումից, որ յուրաքանչյուր աշակերտ կարող է սովորել և ստեղծագործել։ Դպրոցը պետք է պատասխանատվություն կրի ստեղծելու այնպիսի միջավայր, որ յուրաքանչյուր աշակերտ կարողանա սովորել և ստեղծագործել։ Դպրոցի միջավայրը պետք է միտված լինի զարգացնելու յուրաքանչյուր աշակերտի ներուժը և կարողությունները։
- Հաջորդ մոտեցումը չմեկուսացնելու սկզբունքն է, որը ներառական որակյալ կրթության գաղափարախոսության երրորդ հիմնաքարն է և վերաբերում է բոլոր սովորողների կարիքներին։ Բոլոր խնդիրներն իրենց հանգուցալուծումները պետք է ստանան դպրոցի ներսում։ Կազմակերպվածությունն ու ռեսուրսների հատկացումը պետք է բավարար չափով ճկուն լինեն, որպեսզի հնարավոր լինի անհրաժեշտ աջակցությունը տրամադրել անմիջապես դասարանում։ Կրթության հետ կապված խնդիրները, որ աշակերտները կարող են ունենալ, պետք է շարունակաբար քննարկվեն դպրոցի մանկավարժների և հատուկ մանկավարժական աջակցության թիմի անդամների հետ համատեղ։ Դրա նպատակն է հնարավորինս վաղ կանխել հնարավոր խնդիրները` արագ առաջարկելով հնարավոր լուծումներ։
Բացի վերը նշված երեք «հիմնաքարերից», շատ որոշիչ է, որ դպրոցի անձնակազմն իր աշխատանքում որդեգրի երեք առավելապես կարևոր հասկացություններ, որոնք պետք է վեր դասվեն ուսումնական ծրագրից։ Դրանք որակյալ կրթության իրական երեք ցուցանիշներն են` մասնակցություն, համագործակցություն և հավասարություն։ Դրանք պետք է ուղղորդող սկզբունքներ լինեն կրթության պլանավորման և իրականացման բոլոր գործընթացներում։ Երբ բոլոր սովորողների համար ապահովված է լիարժեք մասնակցության և համագործակցության միջավայր, և բոլորն ունեն զարգանալու հավասար հնարավորություններ, ապա կարելի է ասել, որ կրթությունը բարձր որակի է։
Կրթության իրավունքը վերաբերում է բոլորին
- Յուրաքանչյուր ոք պետք է իրավունք ունենա սովորելու հանրակրթական դպրոցում` իր կարողություններին ու կարիքներին համապատասխան։ Սկզբունքորեն այդ կարիքները պետք է բավարարվեն հանրակրթական դպրոցում և պետք է հստակ ըմբռնել, որ այս իրավունքն ապահովելը դպրոցի և պետության պատասխանատվության տակ է։
- Ցավոք, բազմաթիվ երեխաներ դեռևս դուրս են մնացել կրթությունից կամ մեկուսացվել են կրթական համակարգում, հատկապես հիմա, երբ ներառական կրթության գաղափարը դեռ լիովին չի ընդունվել Հայաստանի Հանրապետության դպրոցների և հասարակության կողմից։ Հատուկ դպրոցները չեն կարող այս հարցի լուծում հանդիսանալ։ Շատ փոքր է այն երեխաների թիվը, որոնց կարելի է առաջարկել, որ սովորեն հատուկ դպրոցներում։ Հատուկ դպրոցները չեն կարող առանձնացված ծառայություններ լինել, դրանք պետք է շատ ակտիվ դերակատարություն ունենան դպրոցների զարգացման գործընթացում` որպես հանրակրթական դպրոցներին աջակցություն մատուցող ծառայությունների կենտրոններ։
- Դպրոցների շենքերի մատչելիությունը, ինչպես նաև հատուկ նյութերի և սարքավորումների առկայությունը պետք է ապահովված լինեն այնպես, որ խոչընդոտ չհանդիսանան որևէ երեխայի դպրոցում սովորելու համար։
- Հատուկ և հանրակրթական դպրոցների միջև առկա պատնեշը տարիների ընթացքում աստիճանաբար կկորցնի իր արդիականությունը դպրոցական համակարգի համար, որտեղ յուրաքանչյուր բաղադրիչ կստանձնի իր կարևոր դերը բոլոր երեխաներին անհրաժեշտ ծառայություններ մատուցելու նպատակով։ Մասնագիտական տեսանկյունից դա կապահովի դասավանդման որակի բարելավում, երբ տարբեր բնագավառների մանկավարժների փորձառությունն ու մոտեցումները հնարավոր կլինի ինտեգրել։
- Աշակերտի և նրա կրթության համար արդեն պատասխանատվություն կկրի հանրակրթական դպրոցի ուսուցիչը։ Ռեսուրս-ուսուցիչների առկայությունը չի ենթադրի, որ նրանք կարող են ստանձնել այդ պարտականությունը հանրակրթական դպրոցի ուսուցչի փոխարեն։
- Յուրաքանչյուր դպրոցի տնօրեն պատասխանատու կլինի, որ դպրոցի ծրագրերն ու դպրոցը մատչելի լինեն բոլոր երեխաների համար, հաշվի առնեն երեխաների կարիքները, պարբերաբար վերամշակվեն, իրականանան և գնահատվեն։ Նման ծրագրերի և դրանց գնահատման արդյունքները կխթանեն դասավանդման նոր մոտեցումներ և ծրագրեր։ Այն փաստը, որ ուսուցիչները համատեղ ուժերով, համատեղ քննարկմամբ կառաջարկեն մեթոդներ ու լուծումներ դասավանդման կոնկրետ խնդրի հաղթահարման, կոնկրետ աշակերտի կարիքներին համապատասխան ուսուցումը կազմակերպելու համար, կարևոր մաս կկազմի դասավանդման որակը բարելավելու գործընթացում։
- Անկախ այն հանգամանքից, թե որքանով արդյունավետ ուսում է ստանում աշակերտը դպրոցում, ընտանիքի մասնակցությունը համարվում է անփոխարինելի պայման, եթե մենք ցանկանում ենք ապահովել, որ երեխայի ստացած գիտելիքները կիրառվեն տանը կամ իրական կյանքի այլ իրավիճակներում։ Փորձը ցույց է տալիս, որ ընտանիքի անդամները կարող են կարևոր ռեսուրս լինել, եթե պատշաճ կերպով տեղեկացվեն, նախապատրաստվեն, նրանց վստահություն և հավատ ներշնչվի, և ոչ մի ջանք չպետք է խնայել ուղղելու և ուղղորդելու նրանց աջակցությունը երեխայի հետ աշխատանքում։
- Ամբողջ կրթության նպատակը պետք է ուղղված լինի անհատի կարիքներին, և շատ կարևոր է, որպեսզի գնահատման ռազմավարությունը մշակված լինի առաջընթացի գնահատումը խթանելու նպատակով։ Գնահատումը պետք է ուղղված լինի դրական զարգացումները բացահայտելուն։
Բաց և ճկուն ուսումնական ծրագրերը կարևոր են դպրոցների զարգացման համար
- Շատ կարևոր է, որ ուսումնական ծրագրերը լինեն բավարար չափով ճկուն, և ուսուցիչներին տրվի դրանք երեխաների անհատական կարիքներին համապատասխանեցնելու, լուծումներ գտնելու հնարավորություն, որպեսզի յուրաքանչյուր երեխա ստանա իր կարիքներին և կարողություններին համապատասխան կրթություն։ Ուսուցումը պետք է խթանի և ոչ թե խոչընդոտի երեխայի զարգացումը։
- Հանրահայտ ճշմարտություն է, որ մարդիկ տարբեր են, սակայն դա միշտ անտեսվում է ուսումնական ծրագիր կազմելիս, երբ ենթադրվում է, որ բոլոր երեխաները պետք է կարողանան նույն բանը սովորել, նույն գործիքներով ու նույն մեթոդներով։ Բոլոր երեխաների, հատկապես հաշմանդամություն ունեցող և օժտված երեխաների համար շատ կարևոր է, որ ուսումնական ծրագիրը հստակ նպատակներ սահմանի նրանց կրթության համար, իսկ ուսուցիչներն ազատ լինեն ընտրելու այն ուղիներն ու մեթոդները, որով նրանք կապահովեն այդ նպատակներին հասնելը։
- Դպրոցներին պետք է աջակցություն ցուցաբերվի որոշակի առարկաների կամ ուսուցման մեթոդների փոփոխության հարցում և այդ աջակցությունը պետք է զուգորդվի համապատասխան հմտությունների զարգացման հետ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձվի այդ կարիքների բավարարման համար անհրաժեշտ ռեսուրսների ապահովմանը։